Լրահոս
Օրվա լրահոսը

Գովա՞զդ, թե՞ հակագովազդ

Դեկտեմբեր 21,2010 00:00

Անվանումները՝ միայն ուղղական հոլովով

Այս տարվա մարտին մամուլում անդրադարձել էի Թամանյան-«Ջերմուկ» անտրամաբանական, անգրագետ եւ անհեթեթ գովազդի նկարագրի մանրամասներին: Եվ ահա մի նոր անակնկալ: Այս անգամ մեզ հրամցնում են «Գյումրի» գարեջրի գռեհիկ գովազդը: Հեղինակներն անտեսել են շատ պարզ, կարեւոր հանգամանք: Գովազդում, երբ առկա է մարդը, առավել եւս, որ նա կին է, ապա առաջնայինը պետք է լինի գովազդողը: Նրանից է կախված ապրանքի սպառման հաջողությունը: Մինչդեռ այստեղ նրանք գեղեցիկ կանանց տանջանքների, նրանց արժանապատվությունը ստորացնելու զանազան միջոցներով, դեռ ավելին, նրանցից մեկին իջեցնելով չորքոտանու կարգավիճակին, ցինիկաբար, ծամածռություններով ծաղրում եւ տոնում են իրենց «տղամարդկային» հաղթանակը: Ընդհանրապես այստեղ անհասկանալի է գարեջրի «տղամարդկային» պատկանելությունը: Մի խոսքով, սա ոչ թե գովազդ է, այլ գարեջուրը վարկաբեկող, վանող եւ դիտավորյալ միտված հակագովազդ: Այս երկու հակագովազդներին հակամետ՝ վերջերս գովազդվում է «Ամառ է» հյութը, որտեղ հեղինակները տաղանդավոր կերպով, շեշտը դնելով հրաշամանուկի տվայտանքներին, մատուցել են շատ հուզիչ, առինքնող, վաճառասրահ հրավիրող հրաշալի գովազդ: Նույնը կարելի է ասել «Մանե» կոնյակի եւ «Երեւան սիթի» առեւտրի սրահների գովազդումների մասին:
Մի քանի խոսք էլ հաղորդավարների, գովազդողների եւ մեկնաբանների «իրազեկության» մասին: Առաջատար հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարի խոսքերից պարզվում է, որ 18-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչ, մեծ մտավորական եւ գիտնական Բենջամին Ֆրանկլինը, որի նկարը պատկերված է ամերիկյան հարյուր դոլարանոց թղթադրամի վրա, եղել է ԱՄՆ-ի նախագահ: Մինչդեռ նա մահացել էր 1790-ին, երբ երկրի առաջին նախագահն էր Ջորջ Վաշինգտոնը:
Մյուս տարօրինակ սխալը վերաբերում է անվանումներին: Վերջապես 3-4 տարվա չարչարանքներից հետո մեզ հայտնի համերգասրահը ստացավ իր ճիշտ անվանումը, ձեւակերպված ուղղական հոլովով՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահ: Ոչ միայն ինձ, այլեւ շատերին զարմացնում է, թե ինչու նույն հաղորդավարը, գովազդողը եւ մեկնաբանը մարզահամերգային համալիրը իր կողմից ներկայացնում է սեռական հոլովով՝ Կարեն Դեմիրճյանի անվան:
Միջնադարյան մեր բոլոր եկեղեցիներն անվանված են մեզ հոգեհարազատ սրբերի եւ այլոց անուններով՝ գրված ուղղական հոլովով: Ոչ միայն դրանք, 19-րդ դարում Թիֆլիսի հայկական դպրոցը կոչվում էր Ներսիսյան, Մոսկվայում՝ Լազարյան ճեմարան, Էջմիածնում՝ Գեւորգյան, Վենետիկում՝ Մուրադ Ռափայելյան վարժարան: Մեր ժամանակներում շատ փողոցներ, Երեւանի մետրոյի կայարանները, բացառությամբ երկուսի, որոնք սխալ են, գրվում եւ արտասանվում են ուղղական հոլովով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել