Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՎՈՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄԸ ԿԱ

Դեկտեմբեր 21,2010 00:00

Բացակայում է պետության ներքին կազմակերպվածությունը

\"\"

Հայ հասարակությունն արդեն տեւական մի ժամանակահատված իր վրա զգում է սոցիալ-քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները: Սրան գումարվում է նաեւ հասարակության խոր բեւեռացումը. մի կողմում ֆինանսական տուզերի խմբերն են՝ անհայտ ծագման վիթխարի ունեցվածքով, մյուս կողմում՝ Հայաստանից փախչել չկարողացող եւ օրհաց գոյություն պահպանող ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը: Ստեղծված իրավիճակում, սակայն, չեն դադարում միասնության եւ համախմբման կոչերը թե իշխանության ներկայացուցիչների, թե ամեն գնով իշխանության ներկայացուցիչ դառնալու ձգտում ունեցող խմբերի ու անհատների կողմից: Նաեւ նրանց, ովքեր, մի քարի վրա կանգնած, թամաշա են հավաքում: Եվ յուրաքանչյուրն ունի միասնության գաղափարի սեփական ընկալումը, որի հետեւանքով գրեթե արժեզրկվել է հենց գաղափարը:
Իշխանությունների համար միասնությունը հանրության կողմից իր գործունեության պտուղների անքննադատ ընդունումն է եւ աչքափակ ծափահարությունը, որի շինծու աղմուկի մեջ չի լսվում նաեւ սխալի սրտացավ քննադատությունը: «Ով դեմ է մեզ, ուրեմն՝ մասնատում է հասարակությունը, խոչընդոտում համաժողովրդական միասնությունը եւ թուլացնում պետությունը». սա է մոտեցումը, որը թեեւ անընդունելի է, բայց նաեւ հասկանալի. ձեռքն ընկածը ոչ ոք կորցնել չի ուզում:
Այստեղ չխոսենք քաղաքական ընդդիմության մասին, քանի որ, իմ խորին համոզմամբ, Հայաստանում նման բան գոյություն չունի: Քաղաքական ընդդիմությունը, ինչպես ներքին կազմակերպվածություն ունեցող բոլոր նորմալ երկրներում, տվյալ երկրի համար դառնում է զարգացման խթան, իշխանություններին զգաստ ու զգոն պահող առաջմղիչ ուժ, այլ ոչ օտար պատվերով պետություն քանդող կամակատար:
Խամաճիկ է դառնում նաեւ ներքին պատվերով ձեւավորված ընդդիմությունը, որի միակ դերը պետական ցուցափեղկում քաղաքական բազմակարծության պատրանք ստեղծելն է: Բազմակարծությունը ժողովրդավարության անբաժանելի մասն է, բայց սեփական շահերով պայմանավորված քաղաքական ստրկամտությունը երբեւէ բազմակարծության բաղադրիչ չի կարող լինել:
Միասնության անհատական ընկալումն էլ մեզանում վերածվել է ասվածի «անվանական» մոդելի. շատերն են իրենց համարում առաջնորդ, որոնք, սակայն, հետեւորդ չունեն: Չունեն նաեւ դա գիտակցելու եւ հետեւորդ դառնալու կարողություն, բայց ունեն ինքնուրույն գործ անողին պառակտիչ անվանելու սովորություն: Սա նույնն է, թե հայկական խոհանոցի թագն ու պսակը դարձած վերմիշելով փլավ պատրաստող տանտիրուհուն մեղադրես ընտանիքի միասնությունը քայքայելու մեջ, քանի որ համատեղ նվիրում չի ապահովել:
Այսինքն, այսօր ունենք սոցիալ-հոգեբանական առումով իրոք մասնատված հասարակություն, որի գլխին անընդհատ միասնության մասին անհասկանալի քարոզ են կարդում:
Սակայն աշխարհաքաղաքական ժամանակակից զարգացումների պայմաններում, երբ հարկ է դիմագրավել արտաքին վտանգներին, հրամայական է դարձել սոցիալ-հոգեբանական կուտակված հակասությունները նվազագույնի հասցնելու, հասարակության համախմբմանը նպաստող համաժողովրդական խնդիրների եւ նպատակների հստակեցման անհրաժեշտությունը, քանի որ պրկված լարի կտրվելու ժամը ոչ ոք կռահել չի կարող: Այս առումով կարեւորվում է անհատի ազատության եւ հասարակական «կաշկանդվածության» ընդունելի համադրությունը: Բոլշեւիկյան գաղափարախոսության սնանկության պատճառներից մեկն այն էր, որ փորձ արվեց հանրությանը բռնությամբ պարտադրել համընդհանուր արժեքներ եւ նպատակներ: Այդ պարտադրանքի մեջ էլ արհամարհվեց եւ ճզմվեց անհատը՝ դառնալով զանգվածի միավոր:
Բռնությամբ պարտադրված միասնությունը հասարակությանն արագորեն հանգեցնում է գաղափարական եւ քաղաքական քայքայման: Տրամագծորեն սրան հակառակ գործելաոճը եւս աղետաբեր է, ինչին բոլորս ականատես եղանք անկախության առաջին տարիներին, այսինքն՝ անթաքույց հրաժարում հասարակությանը միավորող ազգային, գաղափարախոսական եւ մշակութային արժեքներից: Նման ծայրահեղությունը հասարակության համար կարող է վերածվել ողբերգության, քանի որ վերանում են մարդկանց սոցիալական եւ հոգեւոր կյանքի բոլոր արժեքային չափորոշիչները:
Հենց սա պետք է հաղթահարել:
Մենք՝ հայերս, այդ հնարավորությունն ունենք: Հիշենք 88-ը՝ համաժողովրդական միասնության եզակի օրինակ, որի կարեւորագույն առանձնահատկությունն այն էր, որ իրականություն դարձավ հասարակության բոլոր անդամների կամքի ազատ դրսեւորման հիմքով՝ Հայրենիք էր ազատագրվում: Բայց դրանով, կարծես, մեր կռիվն ավարտվեց, եւ շարքային հորջորջված ժողովուրդը խրվեց պարզունակ գոյատեւման ճահիճը:
Աղոտացավ նաեւ համազգային գերխնդիրը:
Այսօր պիտի հասկանանք, պետականորեն պիտի հասկանանք, որ Արցախի ազատագրումը մեր համաժողովրդական պայքարի վերջնակետը չէ, այլ սկիզբը: Հայաստանի մի հսկայական մասը այսօր էլ մնում է բռնազավթված, եւ եկել է, վաղուց է եկել Սասունի ու Ղարսի մասին ախուվախը իրական պահանջատիրությամբ փոխարինելու ժամանակը: Այս գործին նվիրված անհատները գիտակցում են սա, անում են իրենց հասանելիքը, եւ սա պետք է լինի ազգային գաղափարախոսության ու համազգային միասնության հիմքերի հիմքը: Հասարակության բոլոր անդամների մեջ հոգեւոր այդ միասնության ձգտումը կա: Բացակայում է պետության ներքին կազմակերպվածությունը: Մինչդեռ այդ խնդիրները հնարավոր է լուծել միայն պետական բոլոր կառույցների հստակ գործառնության դեպքում: Պետական ներքին կազմակերպվածության, հետեւաբար եւ, համաժողովրդական միասնության երաշխիքները հասարակական կյանքի բոլոր կարեւորագույն ոլորտներում են՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգեւոր-մշակութային:
Ամեն մեկն իր տեղում պետք է լինի եւ իր գործը պետք է անի՝ վերից վար եւ մանավանդ՝ վերից:
Սա է դժվար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել