Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհները մարվել, մեկուսացվել են

Դեկտեմբեր 21,2010 00:00

Դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ գյուղի մատույցներում: Թեղուտի գյուղապետ Գեւորգ Թամրազյանից տեղեկացանք, որ հրդեհի երկու օջախ է եղել՝ գյուղի վերեւի սարերը եւ Թեղուտից Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհի հարակից տարածքը: Դեկտեմբերի 19-ի դրությամբ գյուղի վերեւի հատվածում կրակը մարված էր, իսկ Հաղարծին տանող ճանապարհի մերձակայքում հրդեհը մեկուսացված էր, կրակը դեռ մխում էր: Գյուղապետի խոսքով, հրդեհաշիջման գործին են լծվել դիլիջանցի հրշեջները, նաեւ թեղուտցիները՝ բահերով եւ ջրով լի դույլերով: Կրակի դեմ պայքարը հատկապես դժվար է եղել վանական համալիր տանող ճանապարհին, որովհետեւ այդ տարածքը դժվարանցանելի է, այստեղ մեծ տեխնիկա չի կարող գործել, չորացած կաղնիներն էլ նպաստել են կրակի տարածմանը:
Թեղուտի գյուղապետը հավանական է համարում, որ հրդեհի պատճառը մարդկային գործոնը լինի, իսկ ահա Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյանը վստահ է, որ հրդեհը մարդու ձեռքի գործ է: «Բնակիչները հրդեհում են խոտը՝ մտածելով, որ բերքը հաջորդ տարի ավելի լավը կլինի: Իսկ մեզ մոտ հիմա շատ չոր եղանակ է, եւ այրվել է 30-40 հա տարածք: Լավ է, որ հաջողվեց կրակը կանգնեցնել, քանի որ մեքենաների համար այդ վայրերը դժվարանցանելի են»,- «Էկոլուրին» ասել է Արարատ Ալիխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել