Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԵՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻՑ

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի անդամակցությունը Եվրոպական ռեգիոնների ասամբլեային՝ կօգնի տեղական ժողովրդավարության կայացմանն ու ամրապնդմանը:

«Առավոտը» տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ին եւ 11-ին Ստամբուլում կայացել է Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի (AER, ԵՌԱ) տարեկան համաժողովը, որին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, եւ որում Հայաստանը դարձել է կազմակերպության անդամ: ԵՌԱ-ում մեր երկիրը ներկայացնելու են Լոռու եւ Տավուշի մարզերը:
Ի՞նչ է տալու սա Հայաստանին: Մեր այս հարցին ի պատասխան, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ասացին. «Եվրոպական ռեգիոնների ասամբլեան (ԵՌԱ) միավորում է 33 երկրի 270 ռեգիոն ու 16 միջազգային կազմակերպություն: Այն նաեւ սերտ համագործակցում է Եվրախորհրդի եւ Եվրամիության կառույցների հետ: Ասամբլեային անդամակցող ռեգիոնների միայն 1/3-ն է այն երկրներից, որոնք չեն անդամակցում ԵՄ-ին: Բացի Հայաստանից, ԱՊՀ երկրներից ԵՌԱ-ին անդամակցում են նաեւ Ռուսաստանը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան: Համաձայն ԵՌԱ-ի որդեգրած սկզբունքների՝ կառույցին անդամակցող ռեգիոնները կարող են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապեր հաստատել՝ առաջնորդվելով փոխադարձ հետաքրքրություններով: ԵՌԱ-ն աջակցում է նաեւ տարբեր երկրների սահմանակից ռեգիոնների միջեւ համատեղ ծրագրերի իրականացմանը: Հայաստանի համար, որը որդեգրել է տարածքների համաչափ զարգացման քաղաքականություն, սա լրացուցիչ հնարավորություն է՝ ստեղծելու նոր հարաբերություններ, իրականացնելու համատեղ ծրագրեր, օգտվելու ապակենտրոնացման մեծ ճանապարհ անցած երկրների փորձից՝ խուսափելով ճանապարհի սկզբին նրանց թույլ տված սխալներից: Ի դեպ, աջակցությունը երիտասարդ ժողովրդավարություն ունեցող երկրների տեղական ինքնակառավարման համակարգի կայացման, ապակենտրոնացման ջանքերին՝ ԵՌԱ-ի գերակայությունների թվում է: Հարկ է նշել, որ թե՛ Եվրախորհրդի, թե՛ Եվրամիության համապատասխան կառույցները հաշվի են առնում 1985-ին հիմնադրված այս կազմակերպության առաջարկները»:
Իսկ ինչո՞ւ հատկապես Լոռին ու Տավուշը, ինչո՞ւ երկու եւ ոչ չորս կամ հինգ մարզ: Մեր այս հարցին նախարարությունից պատասխանեցին. «Դեռ սեպտեմբերին Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի նախագահ Միշել Սաբանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կատարած այցի ժամանակ հանդիպեց ՀՀ մարզպետների հետ, եւ ներկայացվեցին կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները: Այդ հանդիպումից հետո ԵՌԱ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկություն էր ստացվել Հայաստանի մի քանի մարզից, սակայն ընտրվեցին Տավուշն ու Լոռին՝ հաշվի առնելով, որ այս մարզերն ունեն նմանատիպ համագործակցության փորձ (օրինակ՝ «ԵվրաԿովկասի» շրջանակում): Տավուշի եւ Լոռիի մարզերի ընտրությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ Հայաստանի այդ մարզերը կարող են համատեղ ծրագրեր իրականացնել նաեւ ԵՌԱ անդամ Վրաստանի ռեգիոնների, օրինակ՝ Քվեմո Քարթլիի հետ: Հետագայում չի բացառվում նաեւ կառույցին ՀՀ այլ մարզերի անդամակցությունը»:
Հայտնի է, որ Հայաստանի մարզերն ու տարբեր բնակավայրեր տարբեր ձեւաչափով («քույր-քաղաքներ» եւ այլն) համագործակցում են եվրոպական երկրների շատ մարզերի ու քաղաքների հետ: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ասացին, որ «ԵՌԱ-ին անդամակցության նպատակը հենց նման կապերի զարգացումը եւ նոր կապերի հաստատումն ու խորացումն է, ընդ որում՝ ինչպես ԵՄ անդամ երկրների ռեգիոնների, այնպես էլ Արեւելյան Եվրոպայի եւ մյուս անդամ երկրների ռեգիոնների հետ: Համաձայն կազմակերպության հռչակագրի՝ ռեգիոնները կարող են հարաբերություններ հաստատել փոխադարձ համաձայնությամբ, եւ ԵՌԱ-ն միայն կաջակցի այդ ջանքերին: ԵՌԱ-ն հաշվի է առնում նաեւ անդամակցող ռեգիոններից յուրաքանչյուրի ներուժը, հնարավորությունները, հետաքրքրությունները, եւ փորձում է դրանք համակարգել՝ իրականացնելով փոխշահավետ ծրագրեր: ԵՌԱ-ի շրջանակում իրականացվում են տարբեր ծրագրեր, մասնավորապես՝ ուղղված գյուղական տարածքների, ռեգիոնալ տուրիզմի զարգացմանը, որոնք հետաքրքիր են նաեւ Հայաստանի մարզերի համար: Մի շարք ծրագրեր են իրականացվում մշակույթի բնագավառում, հատակապես մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդների համար նախատեսված ծրագրերին: Մասնավորապես՝ ԵՌԱ-ի շրջանակում գործում է Երիտասարդության ռեգիոնալ ցանց, որի նպատակը դրական փորձի եւ գիտելիքների փոխանակումն է»: Բացի երիտասարդների համար նախատեսված ծրագրերից, ԵՌԱ-ն զբաղվում է նաեւ տնտեսական եւ տարածքային զարգացման, սոցիալական քաղաքականության եւ առողջապահության, մշակույթի եւ կրթության հարցերով եւ սերտորեն գործակցում է ԵԽ եւ ԵՄ կառույցների հետ: Հայաստանն էլ ԵԽ եւ եվրոպական մի շարք կառույցների անդամ է, սակայն Հայաստանում կան ոչ եվրոպական իրողություններ՝ ընտրությունների կեղծում, գյուղերում ավագանու չկայացվածություն, խոսքի ազատության սահմանափակումներ եւ այլն: Ո՞րն է երաշխիքը, որ ԵՌԱ-ին անդամակցությունը ավելի շուտ եւ ավելի շատ կնպաստի Հայաստանի եվրոպականացմանը: Այս հարցին էլ տարածքային կառավարման նախարարությունից պատասխանեցին. «Ինչպես երիտասարդ ժողովրդավարություն ունեցող յուրաքանչյուր երկրում, այնպես էլ Հայաստանում կան խնդիրներ: Այդ իսկ պատճառով Հայաստանն անդամակցում է եվրոպական մի շարք կառույցների, տարբեր ոլորտներում իրականացնում է բարեփոխումներ: ԵՌԱ-ի գերակայություններից է տեղական ժողովրդավարության կայացմանն աջակցելը, եւ, վստահ ենք, որ կառույցին անդամակցությունը, փոխադարձ շփումներն ու փորձի փոխանակումը միայն կնպաստեն տեղական ժողովրդավարության կայացմանն ու ամրապնդմանը»:
Ըստ նախարարության, ԵՌԱ անդամները ըստ բնակչության թվի անդամավճար են վճարում: Թե Լոռին, թե Տավուշը տարեկան վճարելու են 2750 եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել