Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ» Է ՄՈՌԱՆԱԼԸ…

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"
Ռաֆայել Պապայանը Ռազմիկ Մարկոսյանի հետ՝ Երուսաղեմում:

Երկրի վրա
ճշմարտություն որոնողը երկնքի լույսն է գտնում

…Հոգին իր երգով պիտի
տառապյալ մարմնին փարատի,
Թեկուզ դա լինի վերջին
մահամերձ մի երգ կարապի…
Ռ. Պապայան

Ռաֆայել Պապայանի «Թռիչք» գիրքը լույս է տեսել Ռազմիկ Մարկոսյանի աջակցությամբ: Այսօր Ռ. Մարկոսյանի ծննդյան օրն է, ինչի առթիվ շնորհավորում ենք: Ռազմիկ Մարկոսյանը Ռաֆայել Պապայանի «Թռիչքը» համարում է մի յուրօրինակ նվեր՝ իր եւ իր գաղափարական ընկերոջ ծննդյան օրվա կապակցությամբ:
– Պարոն Մարկոսյան, խորհրդային բռնապետական համակարգի դեմ պայքարի տարիներին հայ գաղափարական ազատամարտիկներն այդ շարժման առաջին շարքերում են եղել: Անկախացած պետությունների մեջ, սակայն, մեր երկիրն աչքի չի ընկնում իրենց կյանքը ազգային գաղափարների առաջնայնության հաստատման համար նվիրաբերած անհատների գնահատմամբ, նրանց պայքարի արժեւորմամբ: Այդ գործն այսօր էլ հիմնականում իրենց վրա են վերցրել իրենց կյանքի լավագույն տարիները խորհրդային բանտերում, աքսորում անցկացրած մարդիկ, որոնց թվին եք պատկանում եւ Դուք: Բոլորովին վերջերս իր մահկանացուն կնքեց այդ նվիրյալներից մեկը՝ Սահմանադրական դատարանի անդամ, Մայր աթոռ Ս. Էջմիածնի Հոգեւոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանը, որի անձնվեր անցյալի մասին քչերը գիտեն: Բարեբախտաբար, նա հասցրեց սերունդներին թողնել մի կարեւոր գիրք, որը լույս տեսավ իր մահվանից հետո եւ իր ծննդյան 68-րդ տարեդարձի նախաշեմին:
– Դեկտեմբերի 22-ը Ռաֆայել Պապայանի առաջին ծննդյան օրն է, որ նշվելու է առանց նրա երկրային ներկայության:
Այսօր ընթերցողի սեղանին է այդ արժանավոր մարդու վերջին գործը՝ «Թռիչք» վերնագրված գիրքը: Մի զարմանալի զուգադիպությամբ Պապայանի երկրային կյանքն ավարտվեց այդ գրքի աշխատանքի հետ միասին: Նա իր վերջին «թռիչքը» նվիրեց խորհրդային բռնապետության բոլոր անմեղ զոհերին՝ հետապնդվողներին, տառապյալներին, բանտերում, համակենտրոնացման ճամբարներում եւ աքսորներում զոհվածներին: Գիրքը ներառում է տարբեր տարիներին Պապայանի գրած հայերեն եւ ռուսերեն բանաստեղծություններն ու մի շարք արժեքավոր թարգմանություններ: Հայ ընթերցողին առաջին անգամ ներկայանում է ուկրաինացի բանաստեղծ, քաղբանտարկյալ Վասիլի Ստուսը, որին Նոբելյան մրցանակի պիտի ներկայացնեին, եթե նրա կյանքը բանտում չընդհատվեր… Ստուսի բանաստեղծությունների ժողովածուն հայերեն թարգմանելը Պապայանի անկատար երազանքը մնաց: Այս գրքում նաեւ Էվգեն Սվերստյուկն է, Միկոլա Ռուդենկոն, ինչպես նաեւ Յուլիյ Կիմը, Հենրիխ Ալթունյանը, Չիչիբաբինը եւ այլք:
Ինչպես Պապայանն է ասում գրքի նախաբանում՝ «Այնպես ստացվեց, որ թարգմանությունների բաժնում իրար կողքի հայտնվեցին բոլոր նրանք, ում կարող եմ անվանել իմ բախտակիցը, նրանք, ովքեր ըմբոստացան խորհրդային երկրում տիրող անբարոյականության դեմ եւ սոսկ այդ պատճառով հռչակվեցին «առանձնապես վտանգավոր պետական հանցագործ» եւ դատապարտվեցին բազմամյա ազատազրկման»: Մի բան է, երբ մարդը հերոսանում է թշնամու դեմ պայքարում, մի այլ բան է, երբ ազգային շահդ կյանքիցդ ու ամեն ինչից վեր դասելու համար քեզ պատժում է քո իսկ երկիրը, քո երկրի համակարգը: Ինչպես Սվերստյուկն է ասում՝ նման մարդիկ «ամենուր տարագիր են»:
Ներկայացնում ենք նաեւ Ռազմիկ Մարկոսյանի խոսքը, որը զետեղված է գրքի վերջում. «Շատ կուզեի, որ Ռաֆայել Պապայանը տպագրված տեսներ այս գիրքը, որն իր կարապի երգը եղավ: Մխիթարվում եմ, որ կարողացավ ավարտին հասցնել աշխատանքն այս՝ իր տեսակի մեջ եզակի ու արժեքավոր:
Այստեղ նա կարծես շուրջն է հավաքել իր բախտակից ընկերներին՝ ասելու հրաժեշտի իր խոսքը:
Խորհրդային չարախորհուրդ երկիրը փշալարով օղակել էր մարդկանց հոգիներն ու կամքը, իսկ մտածողների՝ նաեւ գլուխները: Ռաֆայել Պապայանի փշե պսակն այսօր, անկասկած, լուսապսակի է վերածվել:
Փշալարերի, սովի, հակամարդկային ստորացումների պայմաններում էլ նա կարողացել էր մնալ ոչ միայն ուժեղ, այլեւ՝ … ազնվական: Ամենաթանձր խավարի մեջ նրա մղումը, նրա հայացքը միշտ դեպի լույսն էր: Ու բանտված լինելով այն զազրելի խավարում, որտեղ բանաստեղծ լինելը, բանաստեղծություն գրելն արգելված էր, նա կարողացել էր այնքան պայծառ հավատ պահել իր հոգում, որ լույսին դիմելով՝ ասեր.
Դու իմ հայրենի երկրից
հեռացրու սրվակն, ուր կար թույն,
Ինձ քո շողերով գրկիր,
նստեցրու թամբիդ ու տար տուն:
Այսօր մենք ապրում ենք արժեքների խառնաշփոթում, հոգեւոր մի անկայունության մեջ, որը, ցավոք, կարծես թե սկսում է կայունանալ մեզանում: Բայց վստահ եմ, որ գալու է Ռաֆայել Պապայանի ու նրա նմանների արժեւորման ժամանակը: Նաեւ վստահ եմ, որ այդ գործին իր ավանդը կբերի այս պայծառ գիրքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել