Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչներին թողնում են ձիերի հույսի՞ն

Դեկտեմբեր 21,2010 00:00

Հարցնում են «Ժառանգության» ներկայացուցիչները՝ ավտոերթ կազմակերպելով ընդդեմ մեքենաների պարտադիր ապահովագրման:

«ԱՊՊԱ»-ի դեմ բողոքի ակցիան տեղի կունենա այսօր, հանրապետության մի քանի քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, սակայն մինչ այդ «Ժառանգության» ներկայացուցիչները, Գյումրիում մամուլի ասուլիս հրավիրելով, մանրամասնում էին, թե ով է բողոքի իրական հեղինակը, ինչ փոփոխություններ պետք է մտցվեն օրենքում ու, առհասարակ, երբ կարելի է այն կիրառելի դարձնել մեր երկրի համար: Նրանք ասացին, որ բողոքը կազմակերպում են բնակիչների պահանջով, քանի որ նրանց «զգալի մեծամասնությունը» դեմ է կառավարության կայացրած հապշտապ որոշմանը: «Մենք դեմ ենք ոչ թե մեքենաների ապահովագրությանը, այլ այս պահին, այս ձեւով եւ պարտադիր ապահովագրությանը: Ապահովագրությունը ամբողջ աշխարհում ընդունված երեւույթ է, մարդիկ ապահովագրում են ե՛ւ մեքենաները, ե՛ւ գույքը, ե՛ւ կյանքը, ե՛ւ առողջությունը, բայց մեր ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում մենք համարում ենք, որ սա անտեղի է, ե՛ւ մեր ժողովրդի ստացած եկամուտները բացարձակապես չեն համապատասխանում օրենքի պահանջին»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության Գյումրիի ստորաբաժանման ղեկավար Վահագն Հովհաննիսյանը: ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ հավելեց, որ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը թելադրում է ոչ թե ծանրացնել, այլ թեթեւացնել քաղաքացիների ֆինանսական բեռը:«Առանց այն էլ այս 2 տարվա ընթացքում մեծ գնաճ եղավ, քաղաքացիները աշխատատեղերը կորցրին, դրսից ֆինանսական մեծ ծավալով եկամուտ չի գալիս, այս ամենը գումարելով, տեսնում ենք, որ քաղաքացիների ֆինանսական վիճակը, սոցիալական ապահովությունը բավարար չէ, ուստի հավելյալ բեռ դնելը այս պահին ժամանակավրեպ է»,- ասաց պատգամավորը: Ըստ նրա, օրենքը բավականին խնդրահարույց հարցեր է առաջացրել, նույնիսկ որոշ տաքսի ծառայություններ հրաժարվել են ապահովագրել մեքենաները՝ գտնելով, որ ռիսկայնությունը մեծ է: Պատգամավորի կարծիքով, օրենքի որոշ դրույթներ չեն համապատասխանում Սահմանադրության պահանջներին: «Սահմանադրության նախաբանում եւ 1-ին հոդվածում հստակ նշված է, որ պետությունը բոլոր միջոցները պետք է ձեռնարկի իր քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար, եւ 1-ին հոդվածի համաձայն, մեր պետությունը սոցիալական է: Այս պայմաններում նմանատիպ ապահովագրական միջոցառում իրականացնելը ոչ թե ապահովում է քաղաքացիների բարեկեցությունը, այլ սոցիալական հավելյալ լարվածություն է առաջացնում»,- շարունակեց Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, ապահովագրավճարները սկսվում են 25000 դրամից, իսկ սա, փորձագիտական տվյալներով, ամենաբարձր գինն է Արեւելյան Եվրոպայում: Փոխհատուցումներն էլ, ընդհակառակը, ըստ պատգամավորի, ամենացածրն են, փաստորեն քաղաքացու վճարած ու նրան փոխհատուցած գումարի միջեւ 10 անգամ տարբերություն կա: «Օրենքի կիրառումը ժամանակավրեպ է, օրենքն ամբողջովին մշակված չէ, եւ կարիք ունի վերամշակման, ուստի պահանջում ենք կառավարությունից, որպեսզի օրենքը սառեցվի: Օրենքը կարելի է կիրառել այն ժամանակ, երբ քաղաքացիների ֆինանսական վիճակը որոշակիորեն բարելավվի: Եթե գները սահմանել են Արեւելյան Եվրոպայի համաձայն, թեկուզ ընդունենք Արեւելյան Եվրոպայի մինիմալ գներով, չէ՞ որ էդ նույն երկրներում, եթե քաղաքացին չունի օրական 11 դոլարից ավելի եկամուտ, համարվում է աղքատ, այսինքն, եթե մենք այդ չափանիշներով ենք շարժվում, տեսնում ենք, որ Հայաստանում բնակչության 75-80 %-ը աղքատ է: Եթե քո երկրում եվրոպական չափանիշներ ես կիրառում, ուրեմն բարի եղիր եվրոպական չափանիշներ կիրառել բոլոր ասպարեզներում»,- քննադատեց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ այսօր՝ բողոքի ակցիայի ավարտին իրենք պահանջագիր կներկայացնեն կառավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել