Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՎԱՐՈՒՄ

Դեկտեմբեր 21,2010 00:00

Այսպես է կարծում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ ամփոփելով անցնող տարին, լրագրողներին ասաց. «Արագ փոփոխվող աշխարհում պետք է արագ փոփոխություններ կատարել, բայց դրանք պետք է լինեն ժողովրդավար: Պետք է ոչ միայն խոսել, այլ նաեւ գործել: Եթե տեմպերը չեն գոհացնում, պետք է ավելի արագ շարժվել, բայց՝ ոչ երբեք հեղափոխական ճանապարհով»: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթ օրը ունեցած ելույթին, պարոն Շարմազանովը կարծիք հայտնեց, թե այսօրվա իշխանությունները տարբերվում են նախկին իշխանություններից, «քանի որ ջայլամի քաղաքականություն չեն վարում: Իշխանությունն ասում է, որ կան խնդիրներ՝ կաշառակերություն եւ այլն, եւ դրանք պետք է լուծում ստանան»: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, ՀՀԿ-ի համար հոբելյանական տարում Հայաստանն էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը՝ արտաքին քաղաքական հարթակում: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում եւս մեկ անգամ ասվեց, որ Հայաստանը չի գնալու միակողմանի զիջումների եւ որ մենք առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակիցն ենք»: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստում Սերժ Սարգսյանի ելույթն ուներ մի քանի ազդակ: Առաջինը՝ Սերժ Սարգսյանը խոսեց ՀՀԿ ազգային պահպանողականության մասին, հիշեց կուսակցության երեք նախկին նախագահների փորձը եւ վկայեց, որ ՀՀԿ-ն իր գործում ունենալու է ժառանգականություն եւ շարունակելու է նախկին կուսակցապետեր Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի գործը: Մյուս ազդակը, ըստ Էդուարդ Շարմազանովի, փոփոխություններին պատրաստ լինելն է: Երրորդը՝ երկիրը պետք է առաջ գնա ժողովրդավարության զարգացման ճանապարհով:
Ի պատասխան հարցի՝ ո՞ւմ նկատի ուներ, երբ ասում էր, թե, ի տարբերություն նախկին պաշտոնյաների, Սերժ Սարգսյանը ժողովրդի հետ բաց է խոսում, արդյո՞ք միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին եւս նկատի ուներ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես անուններ չեմ տա, քանի որ պատմությունը բոլորի աչքի առաջ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել