Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտյանի բարեկրթության օրինակներից մեկը

Դեկտեմբեր 21,2010 00:00

ԿԳ նախարարը օտարալեզու դպրոցներ բացելու հակառակորդներին երեկ ԱԺ-ում մեղադրեց արտաքին շահեր սպասարկելու մեջ:

ԱԺ-ն երեկ սկսեց «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Լարիսա Ալավերդյանը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղեց, թե գործադրվող այսքան ջանքերն ընդամենը 2 դպրոցի համա՞ր են: Ի պատասխան նա մասնավորապես ասաց. «Միայն ձեր իմացած 2-ը չեն: Եթե մի քիչ ավելի շատ հետաքրքրվեիք օրինագծով, փորձեիք ձեռքը պահել զարկի վրա՝ կտեսնեիք, որ կան մի քանի այլ առաջարկներ, որոնք նույնպես ամբողջությամբ՝ իրենց իրականացման տրամաբանությամբ, տեղավորվում են ներկայացված փաթեթի շրջանակի մեջ»:
Զարուհի Փոստանջյանը ե՛ւ հարցադրմամբ, ե՛ւ ելույթում նշեց, թե վճռորոշն այս դեպքում դարձել են ակնկալվող ներդրումները. «Մեր կառավարությունն ընկած է փողի պաշտամունքի հետեւից»: Արմեն Աշոտյանն այս կապակցությամբ հայտարարեց, թե հնչած ելույթները միտված էին «սպասարկելու արտաքին քաղաքական, ամբոխային, հաճոյախոսական, ամբոխավարական, դիլետանտական շահերը»: Նաեւ պնդեց. «Ի տարբերություն մեր որոշ ընդդիմախոսների` ո՛չ արտաքին, ո՛չ էլ այլ տեսակի քաղաքական պատվերներ այս օրինագծի շուրջ չկան: Անհամբեր սպասում եմ, երբ «Վիքիլիքսը» մի օր բացահայտի, օրինակ 2010թ. մայիսից, երբ որ այս օրենքը մտավ շրջանառության մեջ՝ առ այսօր ի՞նչ տեսակի զրույցներ կարող էին տեղի ունեցած լինել տարբեր քաղաքական շրջանակների եւ արտասահմանյան բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ, հասկանալու եւ ապացուցելու համար՝ իրականում ով ում ջրաղացի վրա է ջուր լցրել այս ընթացքում»: Սա միակ մեղադրանքը չէր օտարալեզու դպրոցներ բացելու ընդդիմախոսների հասցեին: Աշոտյանը նաեւ հայտարարեց, թե որոշ քաղաքական ուժերի՝ «Մոբիլիզացված ընդդիմախոսական զանգվածը բնապահպանական, քաղշինարարական եւ լեզվական 3 խոշոր առիթներով՝ 16 հոգուց չի անցել»: Զարուհի Փոստանջյանը տեղից այս ամենին արձագանքեց՝ «Առա՛ջ, Ուրանստան» եւ այլ վանկարկումներով: Նախարարը պատասխանեց. «Ցավում եմ, որ կա ոչ միայն տարրական կրթության բացակայություն որոշ գործընկերների մոտ, այլ նաեւ տարրական դաստիարակության: Կարծում եմ, որ այս գործընկերները ոչ թե նորանկախ Հայաստանի հանրակրթության արդյունք են, այլ խորհրդային հանրակրթական դպրոցի: Ուստի չվերագրեք այս անբարեկրթության եւ անդաստիրակության դրսեւորումներն ազգային գործող հանրակրթական համակարգին»:
Միջանկյալ հիշեցնենք, որ «Առավոտին» տված հարցազրույցում պրն Աշոտյանը հայտարարել էր. «Կարծում եմ, թե ՀՀ կրթության եւ գիտության նախարարը պետք է լինի բարեկրթության օրինակներից մեկը՝ ցանկացա՛ծ քննարկումների փուլում»: Եվ հավելենք երեկ նրա արած եւս մի հայտարարություն. «Սա «Լեզվի մասին» օրենքի քննարկում չէր՝ այն ընթացքը, որի ականատեսը մենք եղանք: Սա «Լեզվի մասին» օրենքի շուրջ քննարկումներ էին, որտեղ կային հստակ շահեր, շահարկումներ, պատվիրատուներ, կատարողներ, դերակատարներ, խամաճիկներ: Եվ ցավոք սրտի, այս ամենը թույլ չտվեց, որպեսզի մենք ձեզ հետ միասին կենտրոնանայինք՝ իրականում շատ ավելի շատ ժամանակ հատկացնեինք բովանդակային քննարկումներին»: Եվ նրա ամփոփիչ խոսքն էր, «Կարծում եմ, որ վերջակետ պետք է դրվի բոլոր տեսակի շահարկումներին: Դպրոցները կբացվեն, կաշխատեն եւ իրականում մեր բոլոր չարախոսների լավագույն պատասխանը կտան իրենց համապատասխան գործունեությամբ»:
Հերթագրված 10 հոգուց երեկ հասցրեց ելույթ ունենալ միայն Անահիտ Բախշյանը, որը հայտարարեց, որ թեեւ իր բոլոր առաջարկներն ընդունվել են՝ չի կարող կողմ քվեարկել այս փաթեթին: Նրա հիմնավորումը մասնավորապես այս էր, որ օտարալեզու դպրոցներ բացելու մասին օրենք դեռեւս չկա, սակայն արդեն իսկ գործում են օտարալեզու դպրոցներ։ Ասենք, Նար-Դոս փողոցում գործում է «լրիվ ֆրանսիական հանրակրթական դպրոց», եւս 44 դպրոցներ ուսուցում են իրականացնում ռուսաց լեզվով. «Եթե օրենք չկա՝ այսքան օտարալեզու դպրոցներ կան, ի՞նչ կլինի, եթե օրենք լինի: Եվ ես կիսում եմ մեր հասարակության մի զանգվածի այն մտահոգությունը, թե այս դպրոցները կշատանան ու այն թիվը, որը սահմանափակված է այս օրենքով՝ էլի կարող է մեծանալ օրենքի մի ուրիշ փոփոխությամբ: Եվ մենք էլի կկանգնենք հայոց լեզվով կրթությունը երկրորդ կարգի՝ ստորադասվող կրթության համարվելու առջեւ: Սա անթույլատրելի՛ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել