Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ»

Դեկտեմբեր 21,2010 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 20-ամյակի առթիվ

\"\"

Հանրապետական կուսակցության հիմնումը 1990թ. բացառիկ իրադարձություն էր Հայաստանի քաղաքական կյանքում: Այդ ժամանակ կուսակցության հիմնադիր ղեկավարի՝ Աշոտ Նավասարդյանի նկարագիրը՝ իբրեւ ազատության մարտիկ եւ գործիչ, նրա քաղաքական կենսագրությունը քչերին էր հայտնի: Նոր իրավիճակում ստեղծվում էր նոր կուսակցություն, որ կոչված էր թարմ շունչ եւ բովանդակություն հաղորդել մեր քաղաքական դաշտին: Լինելով բացառապես խաղաղ եւ սահմանադրական պայքարի կողմնակից՝ մեր կուսակցությունն իր հիմնադրման օրից ուներ հայության ինքնապաշտպանության զինված պայքարի անհրաժեշտության գիտակցությունը: Մեր ժողովրդին եւ հատկապես նրա արցախյան հատվածին պարտադրվում էր պատերազմ, որը դառնում էր անխուսափելի: Մեր կուսակցությունն այն ուժերից էր, որ պատրաստ էր դրան՝ ի դեմս Անկախության բանակի եւ նրա անձնուրաց մարտիկների: Ճակատագրական պահին ողջ հայ ժողովրդի հետ մենք ելանք ազատամարտի, եւ դրանում իր նշանակալի ներդրումն ունեցավ նաեւ ՀՀԿ-ն: Անկախ կուսակցական պատկանելությունից՝ մենք միշտ եւ անընդհատ մեծարում ու գլուխ ենք խոնարհում բոլոր մեր նահատակների հիշատակին, ում շնորհիվ արդեն ունենք բոլորովին ուրիշ Հայաստան եւ բոլորովին ուրիշ Արցախ: Փա՜ռք բոլոր անհմահ հայորդիներին:
Մենք հպարտ ենք, որ ՀՀԿ-ն տարբեր տարիների ղեկավարել են հայ ժողովրդի այնպիսի արժանավոր զավակներ, ինչպիսիք են Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանը: Աշոտ Նավասարդյանը հույսի, հույզի եւ էներգիայի մարմնացում էր: Այն ժամանակ, երբ շատերն անգամ հոգու խորքում չէին կարող փայփայել անկախ պետականություն ունենալու հույսը, նա քարոզում էր այդ վեհ նպատակը: Նա ընդդիմացավ համակարգի, որը համարվում էր ահազդու եւ անխաթար: Նա ուներ երազանք եւ նպատակ. նպատակ, որն այսօր իրականություն է՝ Հայաստանի անկախ պետականության վերականգնումը: Հանուն դրա նա վտանգեց իր բարեկեցությունը, զոհաբերեց իր ընտանիքի հանգիստը, կրթություն ստանալու իր հնարավորությունը: Նրա ու նրա զինակիցների շնորհիվ է, որ պահպանվեց հայոց ազատատենչ ոգին, մենք կարողացանք հաստատել Հայաստանի երրորդ Հանրապետությունը: Վազգեն Սարգսյանը հայոց նորագույն պատմության ամենավառ կերպարներից էր: Նա չխուսափեց պատասխանատվությունից ամենածանր պահերին՝ ցուցաբերելով իսկական առաջնորդի հատկանիշներ: Վազգենն այն մարդն էր, ով չընդունեց մեր հայրենիքի անքակտելի մասը՝ Արցախը, կրկին Ադրբեջանի իշխանությունների կամայականությունների պատանդ դարձնելու հավանականությունը: Այսօր մենք պատասխանատվություն ենք կրում Վազգենի հիշատակի առաջ, պատասխանատվություն ենք կրում մեր պատմության ճակատագրական պահերին նրա եւ մեր բոլորի կատարած ընտրության համար: Մեր կազմակերպության երրորդ նվիրական անունը պետք է տամ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյան: Նա համաձայնություն կերտելու, դժվարությունները հարթելու եւ ազգային նպատակներն առաջ մղելու գործում Հայաստանի ամենանվիրյալ հայրենասերներից էր: Նրա մղումներն ազնիվ էին, նրա շուրջ տիրում էր համաձայնություն, քանի որ նա բոլորին վարակում էր մարդասիրությամբ եւ հայրենասիրությամբ: Չի եղել դեպք, որ իր հետ փորձեն կիսվել գաղափարով կամ նախաձեռնությամբ, եւ նա չարձագանքի, չփորձի հասկանալ, գնահատել, օժանդակել: Ա. Մարգարյանը պետական գործիչ էր՝ բառի բուն իմաստով եւ իր գործունեությամբ կարողացավ դառնալ այն հենասյունը, որի շուրջ ամրանում էր պետական մտածողությունն ու պետականամետ գործելաոճը:Մեր երեք առաջնորդների կորուստը ծանր է եղել բոլորիս համար: Այսօր մենք պետք է իրականություն դարձնենք նրանց երազած հաջողությունների, բարեկեցիկ, հզոր ու խաղաղ Հայաստանը: Եվ դարձնելու ենք:
Մեր կուսակցության 20 տարվա կենսագրությունն անբաժանելի է մեր ժողովրդի կենսագրությունից: Հայաստանի հաղթանակներն ու պարտությունները, ձեռքբերումներն ու սխալները մերն են: Ոչ թե՝ որովհետեւ Հայաստանը մերն է, այլ՝ որովհետեւ մենք Հայաստանինն ենք՝ մեր կյանքով ու մեր ողջ գործունեությամբ: Կառավարող հզոր կուսակցության առկայությունն ապահովում է ներքին քաղաքական կայունություն, ինչը շատ կարեւոր է: Առանց այդ կայունության չի կարող լինել տնտեսական առաջընթաց, ուրեմն եւ՝ ապագա: Բայց չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման. կանգնած ջրերը որպես կանոն ճահճանում են: Այս հիվանդությունն ունի շատ պարզ դեղատոմս՝ ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում, զարգացման ծրագրերի մշակման նոր եռանդ եւ եվրոպական չափանիշների հետեւողական ներմուծում մեր պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ: Դա պետք է արվի առանց բացառությունների եւ վերապահումների: Մի կողմից մենք պետք է բացառենք հեղափոխական ցնցումները, որ ոչ մի երկրի բարօրություն չեն բերել երբեք, մյուս կողմից պետք է բացառենք տեղում դոփելու վտանգը: Մեր ճանապարհը ոսկե միջինն է: Այսօր մենք ունենք բավականաչափ հասուն ու ինքնակազմակերպվող հասարակություն, լուրջ ու ձեւավորված քաղաքական եւ հասարակական ուժեր, որոնք կարող են երկիրը բարձրացնել որակական նոր աստիճանի: Այդ ուժերի մեջ ՀՀԿ-ին վերապահված է առանձնահատուկ դեր, կասեի՝ ամենապատասխանատու դերը: Հայտնի ճշմարտություն է. ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում:
Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան: Դրանց պատճառների եւ նախադրյալների մասին կարելի է ժամերով խոսել, բայց մեր խնդիրն այսօր դրանց հաղթահարումն է:

Կան նախկին խորհրդային հանրապետություններ, որտեղ մեր աչքի առաջ այդ խնդիրը լուծվեց: Կաշառակերությունն ու կոռուպցիան հասցվեցին այնպիսի նվազագույնի, որ ժողովուրդը սկսեց հավատալ պետական չինովնիկներին, ոստիկաններին ու դատավորներին: Սա հեքիաթ չէ, սա իրականություն է: Սա մեր վաղվա իրականությունն է, որը մենք պետք է մոտեցնենք մեր ուժերի ողջ լարումով: Մենք հպարտանում ենք մեր հայրենակիցներով, որոնք օրինապահ եւ օրինապաշտ են արտերկրում: Ես համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կհպարտանանք ՀՀ քաղաքացիների օրինապահությամբ: Օրենքի առաջ բոլորի հավասարությունը եւ պատժի անխուսափելիությունը պետք է ապահովեն պետական կառույցները: Մենք դա պետք է անենք:
Մեր կոալիցիոն գործընկերների՝ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի մասին: Մեր համագործակցությունը մենք համարում ենք արդյունավետ: Քանի որ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, դրանց մոտենալուն զուգընթաց սկսվում են նաեւ խոսակցություններ, երբեմն անառողջ ասեկոսեներ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների փոխադարձ խանդի եւ մրցակցության մասին, ոմանք նույնիսկ հանդիսավորապես գուժում են կոալիցիայի տրոհումը: Անլուրջ զրույցներ մեկնաբանելը մեր խնդրից դուրս է, ինչ վերաբերում է ընտրություններին, ապա առողջ մրցակցությունը բնական է եւ օրինաչափ: Առողջ մրցակցությունը եւ ոչ թե խարդավանքները: Ուժերի վերադասավորում կարող է իրականացնել եւ պետք է իրականացնի միայն ու միայն ընտրողը: Այլ տարբերակներ պարզապես չեն քննարկվում: Ուզում եմ անդրադառնալ այն ասեկոսեներին, որ իբրեւ ես վերջնագիր եմ ներկայացրել ԲՀԿ-ին: Եվ, ղեկավարվելով իրենց տրամաբանությամբ, իրենց ժարգոնով ասած, փորձում են թասիբի գցել ԲՀԿ-ին եւ Գագիկ Ծառուկյանին: Ես երբեք որեւէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավա՛նդ իմ գործընկերների հետ: Նրանց ասած «վերջնագրերը» պարզապես իմ պահանջներն են իմ կուսակիցների եւ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օրինաչափ է, եւ հակառակը ենթադրել պարզապես անտրամաբանական է: Եվ կրկին պետք է հիշենք, որ նախընտրական մրցապայքարով պայմանավորված՝ մենք նորից մտնելու ենք հանրային կյանքի մի շրջան, որտեղ հաճախակի են տեղ գտնելու էմոցիաները, տեղին ու հանիրավի մեղադրանքները, դրականը սեւացնելու եւ բացթողումները ճոխացնելու փորձերը: Սա բնական գործընթաց է, որից ոչ մի երկիր չի կարողացել խուսափել: Բայց չպետք է ձեռքերը ծալած նստել: Պիտի կարողանանք ոչ միայն նախընտրական շրջանում, այլեւ ընդհանրապես լինել շրջահայացության, մարդասիրության եւ քաղաքակիրթ երկխոսության ջատագովները մեր երկրում: Պիտի կարողանանք հորդորել բակային քննարկումներում, թե քաղաքական բանավեճերում՝ ձեռնպահ մնալ որեւէ անձի, նաեւ միմյանց, անձնական վիրավորանքներ հասցնելուց, փորձել քննության առնել իրողությունները, ոչ թե մարդկանց: Մեր խնդիրը ոչ թե դատելն է, այլ լուծումներ գտնելը, մեր նպատակը ոչ թե միմյանց վանելն է, այլ հանուն դրական փոփոխությունների միմյանց գտնելը:
Ընդդիմության մասին. մեր ընդդիմախոսներին պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի: Առաջինում մեր երկրի ու ժողովրդի բախտով անկեղծորեն մտահոգ անհատներ են, որոնք բարձրացնում են հարցեր, երբեմն՝ շատ սուր, վեր հանում խնդիրներ, ահազանգ հնչեցնում այնտեղ, որտեղ իշխանությունները ուշացել են: Նրանց մենք շնորհակալ ենք իրենց ազնվության, մեզ զգոն պահելու, մեր սխալը ժամանակին մատնանշելու համար: Մենք այդպիսի ուժերին հարգում ենք, եւ նրանց խոսքը լուրջ կշիռ ունի մեր ծրագրերը կազմելիս: Այս խմբին կարելի է դասել նաեւ նրանց, ովքեր ՀՀԿ-ի եւ կոալիցիայի քաղաքական գիծը մասամբ համարում են ճիշտ, մասամբ՝ անընդունելի: Մենք մեր ընտրած ուղին համարում ենք ճիշտ: Այլ հարց է, որ մեր աշխատանքում տեղ գտած թերացումները կարող են դանդաղեցնել մեր ընթացքը, բայց ճանապարհը ճիշտ է ընտրված: Երկրորդ խմբում մարդիկ են, ովքեր Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծումը տեսնում են միմիայն իշխանափոխության մեջ: Նրանք ասում են՝ հենց Սերժ Սարգսյանի փոխարեն մենք լինենք հանրապետության ղեկին, ամեն ինչ լավ կլինի: Քանի դեռ նա է, ամեն ինչ վատ է լինելու: Երկրի նախագահին բոլոր դժբախտությունների պատճառ հռչակելը, ինչպես նաեւ բոլոր խնդիրները հեշտ ու արագ, մի հարվածով լուծելու խոստումը, սպառել են իրենց: Ասելիքի բացակայությունը մի կողմից, «ամեն ինչ վատ է» սկզբունքը մյուս կողմից, հանգեցրին նրան, որ Գարեգին Նժդեհի դավանած ցեղակրոնությունը հռչակվեց «ռասիզմ»: Եթե պետք է ցեխ շպրտել ՀՀԿ-ի վրա, իսկ հանրապետականները տալիս են Նժդեհի անունը, ուրեմն պետք է ցեխ շպրտել Նժդեհի երեսին: Այ այսպիսի պարզունակ «տրամաբանական շղթա»: Բայց մենք Հովհաննես Թումանյանի անունն էլ ենք տալիս… Այսուհետ եւս շարունակելու ենք հետեւել հայոց մեծերին՝ առանց վախենալու, թե հաջորդ միտինգի ժամանակ ինչ հրեշավոր պիտակ կփակցվի նրանց լուսավոր կերպարին: Եթե կարճ ձեւակերպենք. այս խմբի ներկայացուցիչների համար երկրագունդը պտտվում է ոչ թե արեգակի, այլ նախագահական աթոռի շուրջը: Բայց այստեղ կան նաեւ անհատներ, ովքեր պարբերաբար սահուն անցում են կատարում դեպի երրորդ խումբ: Երրորդ խումբը, որ բարեբախտաբար փոքրաթիվ է, ինքն է իրեն ընդդիմախոս հայտարարել: Չգիտեմ՝ ակամա, թե գիտակցաբար, նրանք իրականացնում են հայ ժողովրդին, հայոց պետականությունը եւ հայոց բանակը վարկաբեկելու հստակ ծրագիր: Դա արվում է հետեւողական եւ մեթոդաբար, քայլերի որոշակի հաշվարկով, ֆինանսական ռեսուրսներ ծախսելով, ամենակեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ: Նրանց ձեւակերպումները հաճախ նույնությամբ մենք տեսնում ենք ադրբեջանական եւ թուրքական քարոզչության էջերում: Խոսքը բանակում առկա խնդիրների քննադատությանը չի վերաբերում: Այդ քննադատությունը մենք համարում ենք բնական եւ կարեւոր: Խոսքը բոլորովին այլ երեւույթի մասին է: Այս խմբի ներկայացուցիչներին մենք ընդդիմախոս չենք համարում՝ այլ անուն ենք տալիս: Այս ամենով հանդերձ պետք է հիշել, որ ընդդիմությունը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստությունն է, մեր զարգացման կարեւորագույն խթաններից մեկը, իսկ «հանուն» գաղափարների շուրջ միավորված եւ լավ կազմակերպված ընդդիմությունը պարզապես բարեբախտություն է: Հրաշալի է, որ մեր երկրում այդպիսին կա եւ ամրանում է:
ՀՀԿ-ն իր 20-ամյակը դիմավորում է անցած ուղիով հպարտ, նոր հայրենանպաստ գործերի վճռականությամբ եւ լուծում պահանջող ներկա բազում խնդիրների հստակ գիտակցմամբ: Մենք հասկանում ենք, որ ՀՀ հետճգնաժամային տնտեսությունը դեռ լիովին թափ չի հավաքել, տնտեսության մեջ արմատացած բազմաթիվ խնդիրները դեռ լիարժեք լուծում չեն ստացել: Անընդհատ մեծացնելով սոցիալական ուղղվածության ծրագրերի ծավալները, մեզ դեռ չի հաջողվել չեզոքացնել բնակչության խոցելի խմբերի վրա բացասական զարգացումների ազդեցությունը: Տեսնում ենք գնաճի բեռը մեր ժողովրդի ուսերին, գիտենք նաեւ որոշ գործարարների՝ գների արհեստական բարձրացմամբ մի քանի դրամ ավելի շահույթ կորզելու անընդունելի գործելաոճի մասին: Այս ամենը մենք գիտակցում ենք ու պատրաստ ենք ավելի ակտիվ աշխատանքի եւ հաստատակամ որոշումների: Եթե մենք ցուցաբերել եւ ցուցաբերելու ենք առավելագույն հանդուրժողականություն այլակարծության հանդեպ, ապա կոռուպցիայի, կաշառակերության եւ բյուջետային միջոցների մսխման հարցերում պետք է լինի զրո հանդուրժողականություն: Այս գործում քաղաքական պատասխանատվությունը առաջին հերթին ՀՀԿ-ինն է: Գողությունը, կաշառակերությունը հաստատապես պետք է պատժվեն, եւ կուսակցական պատկանելությունը կամ ցանկացած այլ տիպի կապեր որեւէ նշանակություն չպետք է ունենան: Երբ ասում ենք ժողովրդավարության խորացում, եվրոպական չափանիշների ավելի արմատական ներդրում, դրանք լոզունգներ չեն եւ ոչ էլ խոսքեր՝ ուղղված այլ լսարանների: Դրանք պետք են Հայաստանին եւ ոչ թե Եվրոպային: Եվրոպական տիպի ժողովրդավարությունն ու օրինականությունը մեր հասարակության պահանջն են: ՀՀ քաղաքական օրակարգում չկա ԵՄ-ին լիարժեքորեն անդամակցելու հարց, բայց խաղի եվրոպական կանոնները, եվրոպական չափանիշները պետք է առավելագույնս տեղայնացվեն ու ներդրվեն մեր երկրում: Այստեղ չպետք է տեսնել հակասություն այն իրողության հետ, որ Հայաստանը ԱՊՀ, ՀԱՊԿ անդամ է եւ ՌԴ ռազմավարական գործընկերն է: ՌԴ հետ մեր բազմակողմանի եւ սերտ համագործակցությունը չի կարող հակասության մեջ լինել այն արժեքների հետ, որ հռչակում է նաեւ Ռուսաստանը:
ՀՀԿ-ն տոնում է իր 20-ամյակը՝ քաջ գիտակցելով, որ մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական կարեւորագույն հարցը՝ ԼՂ հիմնախնդիրը, դեռ միջազգայնորեն ընդունված լուծում չի ստացել, եւ որ դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը: ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցում մեր դիրքորոշումը հայտնի է: Ադրբեջանում արհեստականորեն սնուցվում է առասպել, թե հայկական կողմը թույլ է, իսկ ադրբեջանականը՝ շատ ուժեղ: Թվում է, թե նման պատկերացումը վտանգավոր չէ, որովհետեւ չի արտացոլում իրականությունը: Բայց մենք գիտենք, որ ժամանակին պատերազմը նոր ուժով բորբոքվում էր հենց այն պահերին, երբ կար Հայաստանի եւ Արցախի ուժերի թերագնահատում: Այդ քարոզչական փուչիկը, իհարկե, միանգամից կպայթեր, եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվեր: Բայց մեր խնդիրը պատերազմում հաղթելը չէ, մենք դա արդեն արել ենք: Մեր խնդիրը արդարացի լուծում գտնելն է, որին հասնելու ճանապարհի հարցում միակարծիք են եւ այդ մասին հստակ հայտարարել են թե Հայաստանը, թե խնդրի կարգավորման հետ առնչություն ունեցող տերությունները եւ թե միջազգային ամենահայտնի կազմակերպությունները: Վերջին մի քանի ամիսների ընթացքում կարեւորագույն բոլոր հարթակներում եւ խնդրի հետ կապ ունեցող բոլոր կողմերին հրապարակավ ներկայացվել է այն եզրագիծը, որից այն կողմ մենք բանակցելու տեղ չունենք:
ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է: Մեր պահպանողականությունն առաջին հերթին վերաբերում է արժեհամակարգին, այն մեր հավատարմություն է անհատի նախաձեռնությանը եւ ազատությանը: Մեր պահպանողականությունը հավատարմություն է ընտանիքի ամրությանը, որը յուրաքանչյուր մարդու ամրոցն է: Մեր կուսակցությունն այսօր բազմահազարանոց կուռ մարմին է, որը կարող է օրինակելի քաղաքական ինստիտուտ համարվել: Ինձ ոգեւորում է, որ մեր կուսակցությունն սկսել է մեծ հույսեր արթնացնել երիտասարդների շրջանում: Երիտասարդների հոսքը դեպի ՀՀԿ մեր ամենամեծ նվաճումն է: Ես հավաստիացնում եմ մեր երիտասարդներին, որ նրանք հուսախաբ չեն լինելու: Ուշադրությունը նրանց հասարակական-քաղաքական վերելքի, ինքնադրսեւորման հնարավորությունների ավելացման, ընդհանրապես երիտասարդության խնդիրների նկատմամբ երբեք չի թուլանալու: Օր-օրի ավելանում է նաեւ կանանց դերակատարությունը մեր կուսակցության մեջ: Որպես պահպանողական կուսակցություն՝ մեր արժեհամակարգում ամենակարեւոր բաղադրիչների թվում է ամուր եւ առողջ ընտանիքը: Սակայն դա չի նշանակում, որ կնոջ կոչումը կյանքում պիտի սահմանափակվի զուտ ամուսնական կյանքով, երեխաներով եւ տան հոգսերով: Կանանց դերակատարությունը ՀՀ պետական եւ քաղաքական համակարգի բոլոր մակարդակներում պետք է ավելի ամրապնդվի: Կանանց ակտիվ մասնակցությունը քաղաքական կյանքում բարձրացնում է հասարակության զգոնության աստիճանը: Երկրներում, որտեղ կանայք ակտիվորեն ներգրավված են քաղաքական կյանքում, ցածր է կոռուպցիայի մակարդակը: Կանանց ներգրավվածության բարձրացման այս միտումը կուսակցության մեջ պահպանվելու է:
Օր-օրի ավելանալու է նաեւ կուսակցության դերը հասարակության մեջ եւ քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունների, արմատավորված վատ ավանդույթների վերափոխման գործում: Մենք բարձրացնում ենք նշաձողը կուսակցության գործունեության, եւ պահանջները՝ կուսակցության անդամների ու նրանց գործունեության հանդեպ: Իր արածի ու չարածի համար պատասխանատու է յուրաքանչյուր հանրապետական: Պատասխանատու է կուսակցության, երկրի առջեւ, պատասխանատու է սեփական վարքի, նաեւ իր ենթակաների, իր ընտանիքի անդամների վարքի համար: Ինձ համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել մեր երկրում. թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահմանված դեպքերում, օրենքով սահմանված չափի եւ ձեւի մեջ: Այս ուղղությամբ օրենսդիրը անելիք ունի: Մեր այն գործընկերները, ում ժողովուրդը վստահել է իր խնդիրների լուծումը, իսկ կուսակիցները՝ սեփական բարի համբավն ու արժանապատվությունը, ովքեր պաշտոն են ստանձնել, պատասխանատու են հարյուրապատիկ: Անարդյունավետ աշխատանքը, թերություններն ու բացթողումները դառնալու են քննարկման առարկա: Անբարեխիղճ պաշտոնյաներ մեզ պետք չեն: Կուսակցությունը չի կարող որեւէ հանրապետականի համար հովանի լինել: Կուսակցությունը որեւէ մեկիս անձնական խնդիրների լուծման համար չէ. հակառակը՝ մենք ենք կուսակցության ծրագրերի իրականացման համար:
Եթե խնդիրներ ու հարցեր կան, ապա դրանց լուծման ձեւը այս ու այն անկյունում բամբասանքը կամ խարդավանքները չեն: Խնդիրների լուծման համար գոյություն ունի կուսակցության գրասենյակը, որի դռները միշտ բաց են բոլորի համա: Եթե խնդիրներ կան, որ անձամբ ինձ հետ են կապված, ապա բոլորդ էլ գիտեք, որ ես ամեն շաբաթ լինում եմ կուսակցության գրասենյակում եւ պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց: Բոլորի համար կուսակցական պատասխանատվությունը պետք է լինի նույնը՝ պաշտոնատար հանրապետականի համար՝ շատ ավելի բարձր, որովհետեւ նրանց շատերն են նայում ու հետեւում:
Այստեղ ես ուզում եմ անդրադառնալ նաեւ մեկ այլ հարցի, որ երեւի թե հավելյալ բացատրության կարիք ունի, եւ ասել, որ ոմանք փորձում են մեր գիտակցված քայլերը մեկնաբանել յուրովի, ինչն իրենց խնդիրն է, բայց բացատրելը մեր պարտավորությունն է: Նկատի ունեմ այն հանգամանքը, որ միշտ չէ, որ մենք պատասխանատու քաղաքական պաշտոնների ենք նշանակում հանրապետականների: Կարծում եմ, որ միայն ուժեղ կուսակցությունը կարող է այդպես վարվել՝ հնարավորություն տալով բազմահազար համակիրներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով կուսակցությունում չեն, բայց մշտապես եղել են մեզ հետ, իրականացրել են մեր ծրագրերն ու քաղաքականությունը: Այս կուրսը շարունակելու ենք: Եթե տեսնենք, որ տվյալ գործը կարող է ավելի լավ կատարել մեկ այլ անկուսակցական, այդպես ենք վարվելու:
Ես նախկինում էլ եմ շեշտել երեք փոխկապակցված հետեւյալ իրողությունները.
1. ՀՀ պետականության զարգացման գործում առաջնային դերը կատարում է մեր երկրի ու ժողովրդի առջեւ ամենամեծ՝ իշխանության պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժը՝ Հանրապետական կուսակցությունը, կոալիցիոն գործընկերների հետ միասին: ՀՀԿ-ն ընդունում է երկրի ապագայի կերտման գործում իր պատմական ու պատվաբեր պատասխանատվությունը: Մենք տերն ենք մեր խոսքի՝ ծառայել մեր պետականությանը եւ մեր երկրին: Նաեւ շարունակելու ենք ծառայել հայոց իղձերի իրականացման եւ հայկական Սփյուռքի պահպանման ու ամրացման վեհ նպատակներին:
2. Հայաստանի ու մեր սերունդների ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնած ՀՀԿ-ն պարտավոր է ստանձնել նաեւ քաղաքական, հասարակական եւ տնտեսական արդիականացման առաջամարտիկի դերը: Առաջնորդող ուժը պետք է լինի ամենաօրինակելին, ամենաառողջն ու ամենաարդիականը: Միայն նման ուժը կարող է իր դաշնակիցներից ու ընդդիմախոսներից նույնը պահանջել: Կուսակցության արդիականացումը սկսվում է ինձնից, ձեզնից, մեր կուսակցական ընկերներից: Նրանք, ում ՀՀԿ-ն պաշտոն է վստահել, պիտի լինեն արդիականացման առաջին գծում կամ՝ պարտականությունները թողնեն ավելի նախանձախնդիր կուսակիցներին:
3. Մեր երկրում հասարական, քաղաքական եւ տնտեսական արմատական փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ փոփոխությունները համահունչ են առաջնորդող ուժի ծրագրերին եւ հետեւողականորեն իրականացվում են իշխանության կողմից: Հենց նման փոփոխություններն են հուզում ժողովրդին, աջակցություն գտնում հասարակության կողմից, դառնում անշրջելի: ՀՀԿ-ն հետեւողական է լինելու իր յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման գործում: Մենք կանք, քանի դեռ տեր ենք մեր արժեքներին: Մենք պարտավոր ենք հավատալ մեր ուժերին: Որեւէ մեկը մեր երազանքի Հայաստանը մեր փոխարեն իրականություն չի դարձնելու: Դա մենք ենք անելու՝ բոլորս միասին: Շնորհակալություն:
Տպագրվում է որոշ կրճատումներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել