Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՁՄԵՌ ՊԱՊԵՐԸ ՊԱՆՐԻ ՊԵՍ ԿՏՐՈՒԿ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Դեկտեմբեր 21,2010 00:00

Նրանց այցելության գինը 15 հազար դրամից դարձել է 70 հազար դրամ

Մանկապարտեզներում արդեն սկսվել են տարեվերջյան տոնական միջոցառումներն ու հանդեսները, որոնց վերջում, մանուկներին ուրախացնելու համար, անպայման գալիս է Ձմեռ պապը, որ հանձնի ծնողների գնած նվերները: Մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկում մսուրային խմբի հերթական հանդեսներից մեկին հրավիրված Ձմեռ պապի կերպարից նույնիսկ շոկի մեջ էր ընկել մանկապարտեզի տնօրենը, որովհետեւ սեւ կոշիկներով, սեւ շալվարով, մորուքը դեմքին չհարմարեցրած, ջրվորի կերպարով այդ Ձմեռ պապը ոչ միայն նորմալ խոսել ու բեմի վրա իրեն պահել չգիտեր, այլ նույնիսկ ողջունել չէր կարողանում: Նրա՝ «բարեւ ձեզ, ձեզ նվերներ եմ բերել» միակ արտաբերած արտահայտությունն ու նվերների «շլե-փլե» տոպրակը արդեն վկայում էր, որ նա ոչ թե Լապլանդիայից է եկել, այլ՝ 5000 դրամով խալաթ է վարձել, մի կերպ կապկպել իրեն ու եկել՝ գումար վաստակելու: Մանկապարտեզի անունը նման «ջրվորների» պատճառով չվարկաբեկելու համար չենք նշում, որովհետեւ տնօրենն ինքն էլ նրան տեսնելով՝ հունից դուրս եկավ, բեմից վտարեց ու նշեց, որ լավ է հանդես տվողները մսուրի երեխաներ էին ու շատ բան չհասկացան, հակառակ դեպքում ոչ մի ներողություն չէր կարող հատուցել հեքիաթից ու Ձմեռ պապից նրանց հիասթափության համար:
Հայտնի է, որ ամեն տարի նախատոնական այս օրերին շատերն աշխատավայրից արձակուրդ են վերցնում՝ հատուկ Ձմեռ պապ կամ Ձյունանուշ աշխատելու համար, որովհետեւ այդ մի քանի օրերին անհամեմատ ավելի շատ գումար կարող են աշխատել, քան միջին աշխատավարձով՝ մի քանի ամսվա ընթացքում: Չնայած մեր երկրում այդ առումով ձմեռպապերից ու ձյունանուշներից տեղ ու դադար չկա, ամեն 10-րդ մարդը ներգրավված է այդ բիզնեսում, այնուամենայնիվ, ինչպես ցույց տվեցին մեր հարցումները, հազիվ են կարողանում հասցնել սպասարկել թաղապետարանների, նախարարությունների կազմակերպած միջոցառումներն ու ընտանիքների կանչերը: Ամանորին դեռ 10 օր էլ կա, բայց գրեթե բոլոր «նորմալ» ձմեռպապերն արդեն Ամանորի գիշերվա համար ազատ ժամ չունեն՝ հատկապես որ Ձմեռ պապ աշխատող դերասանների մեծ մասը ներգրավված է սերիալներում: Այդ է պատճառը, որ երբեմն մարդիկ ստիպված են լինում օգտվել պատահական ձմեռպապերի ու ձյունանուշների ծառայություններից: Բացի այդ, մանավանդ Ամանորի գիշերը նրանց այցելությունը բավականին թանկ հաճույք է, որից օգտվել իրենց կարող են թույլ տալ միայն հատուկենտ ընտանիքներ:
Երբ ուզում էինք ծանոթանալ Ձմեռ պապի ու Ձյունանուշի ծառայություններ մատուցող կազմակերպությունների գնացուցակներին, բոլորը նշում էին, որ մինչեւ Ամանոր այցելության 1 ժամն արժե 20-25 հազար դրամ, իսկ հենց ամսի 31-ին՝ եռակի թանկ՝ 60-70 հազար դրամ: Ընդ որում, գները ավելի թանկ են ժամը 12-ի մոտակայքում: Ստացվում է, որ երեխաներին Ձմեռ պապին տեսնելու, նրանց հետ շփվելու ուրախությունը ավելի մատչելի գներով պարգեւելու համար ծնողները ստիպված են նրանց հրավիրել, ասենք՝ դեկտեմբերի 29-ին կամ 30-ին, երբ ոչ տոնական տրամադրություն կա, ոչ էլ Նոր տարվա խորհուրդ:
Կազմակերպություններն առաջարկում էին, ավելի էժան վճարելու համար, Ձմեռ պապին հրավիրել թեկուզ ամսի 31-ին, բայց՝ առավոտյան ժամը 9-ին. «Երեխաների համար, կարծում ենք, էական չէ օրը, նրանց հետաքրքրում է նվերն ու Ձմեռ պապը, որը անակնկալի կբերի, կերգացնի, կպարացնի ձեր երեխաներին ու ընտանիքի անդամներին եւ կգնա»:
Նշենք, որ հանրապետությունում առկա գնաճը տարածվել է նաեւ այս ծառայության արժեքի վրա: Նախորդ տարի Ձմեռ պապի ու Ձյունանուշի այցելության 1 ժամը միասին արժեր 15 հազար դրամ, միայն Ձմեռ պապինը՝ 10 հազար դրամ: Մեր հարցին, թե ինչո՞վ է տարբերվում ձեր Ձմեռ պապը ուրիշներից, «Ակունք» կենտրոնից նշեցին, որ իրենց մոտ աշխատում են պրոֆեսիոնալ դերասաններ, որոնք շոու-ծրագիր են մշակել եւ Ամանորի գիշերը 70 հազար դրամով պատրաստ են զվարճացնել եւ սիմվոլիկ նվերներ բաժանել երեխաներին: «Սմայլ» խանութ-սրահից նույնը խոստանում են անել՝ 50 հազար դրամով, իսկ նախատոնական օրերին՝ 20 հազար դրամով: «Բումբումիկ» ընկերությունը վստահեցնում է, որ հատուկ ծրագրով փոքրիկների համար հեքիաթի կվերածեն Ամանորի գիշերը: Հարցին, թե ի՞նչ տեսք ունի ձեր Ձմեռ պապը՝ ընկերությունից հավաստիացրին, որ «հաստատ սեւ կոշիկներով ու սեւ տաբատով չի լինելու, կրելու է կարմիր կոշիկներ, կարմիր ձեռնոցներ, շպարը լինելու է բարձր մակարդակի, մի խոսքով՝ նորմալ Ձմեռ պապ»: Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնն այս օրերին նույնպես Ձմեռ պապի ու Ձյունանուշի ծառայություններ է մատուցում, բայց՝ բարեգործական հիմունքներով: Տարբեր կազմակերպություններից հավաքված միջոցներով հաճելի անակնկալ է մատուցում մանկատներին, ծերանոցներին ու հիվանդ, հաշմանդամ երեխաներին: Մեր հարցին, թե ինչո՞վ է տարբերվում ձեր Ձմեռ պապը մյուսներից, կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը պատասխանեց. «Մերը Հիսուս Քրիստոսի կողմից ուղարկված ձմեռպապեր են, որոնք երեխաներին տանում են ոչ թե «Սպայդերմանի» ու «Վինքսի» խաղալիքները, այլ՝ Աստծո սերն ու առակները: Իհարկե, մեզ հետ նվերներ էլ ենք տանում, բայց մանկատան երեխաներին դա քիչ է հետաքրքրում, նրանց ջերմությունն է պակասում: Տեսնել է պետք, թե ինչպես են գրկում մեր հերոսներին»: Պարոն Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են ընտրություն կատարում՝ ո՞ւմ տուն գնան կամ ո՞ր հիմնարկ այցելեն. «Օրինակ, օրերս մեզ դիմեց Հրազդանի մի գյուղի տերհայր ու ասաց, որ իրենց գյուղի երեխաները շատ կտրված են աշխարհից, մենք պատրաստվում ենք այցելել այդ գյուղ: Մարդիկ են մեզ գտնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել