Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆ ԿԱՆՉՎԵԼՈՒ ԵՐԿՈՒ ԿՈՂՄՆ ԷԼ

Դեկտեմբեր 21,2010 00:00

«Ա1+»-ը հայց է նախապատրաստում ե՛ւ ՀՌԱՀ-ի, ե՛ւ այն երկու կազմակերպությունների դեմ, որոնց տված տեղեկանքների պատրվակով
մերժվեց մրցութային իրենց առաջարկը:

\"\"

ՀՌԱՀ-ը դեկտեմբերի 16-ին բավարար գնահատեց մի շարք հեռուստաընկերությունների բազմակարծությունը խթանելու կարողությունը: Թե որքանով է հիմնավոր այդ գնահատականը՝ մի ապացույցն էլ դարձավ «Ա1+»-ի դեկտեմբերի 20-ի ասուլիսը, որը լուսաբանելու էին եկել արտոնագիր ստացածներից միայն «Շանթը» եւ Հ2-ը: Բազմակարծության վերաբերյալ մյուսների պատկերացումը հերիքել էր նախորդ օրերին եթեր հեռարձակելու «ակնհայտ կեղծ փաստաթղթերի» վերաբերյալ միայն ՀՌԱՀ-ի պնդումները, սակայն ոչ դրանց ներկայացվող հակափաստարկները: «Ինձ մի քիչ զարմացնում է, իհարկե, որ պրն Ամալյանի պարզաբանումներով մամուլի ավելի շատ ներկայացուցիչներ էին հետաքրքրվում, իսկ մեր դեպքում՝ ավելի քիչ: Ես նկատի ունեմ մասնավորապես Հ1-ին, որը վերջին 3 օրը զբաղված էր «Ա1+»-ի խնդրով, իսկ այսօր չի հետաքրքրվել պարզաբանումներով»,- ասուլիսի սկզբում ասաց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:
Նա պնդեց՝ իրենց փաթեթի մեջ տեղ չեն գտել «մանավանդ՝ միտումնավոր. դա բացառվո՛ւմ է «Ա1+»-ի կողմից» խախտումներ ու փաստաթղթերի կեղծում: «Եղել են մարդիկ, որոնք իրենց հանգանակությունն առաջարկել են «Ա1+»-ին՝ որպես օգնություն, որը մենք վերցրել ենք եւ մտցրել փաթեթի մեջ»,- ասաց պրն Մովսեսյանը՝ ընդունելով, թե այդ առաջարկն «ընդունել եմ երեւի սխալմամբ» ու խոստացավ, որ հետաքննություն է անելու՝ պարզելու, թե ո՞ր կողմից էին ուղղորդված նրանք: Ասուլիսում չբացառվեց, թե պատասխանատվության կկանչեն այդ կազմակերպություններին: «Կոպիտ ասած՝ մենք փնտրում ենք, թե ում դատի տանք: Դա կլինի կա՛մ ՀՌԱՀ-ը, կա՛մ այդ 2 կազմակերպությունների ներկայացուցիչները»,- ասաց «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, որը ներկայացնում է «Ա1+»-ի շահերը: Նա պնդեց՝ ՀՌԱՀ-ը պետք է պատշաճ ձեւով ներկայացնի երկկողմ գրագրությունները Մեծ Բրիտանիայի եւ Բելիզի իրավասու մարմինների հետ, որ նաեւ պարզ դառնա, թե արդյոք օրենքով սահմանված կարգո՞վ են ձեռք բերվել ապացույցները: Մի գրության վերաբերյալ պրն Տեր-Եսայանն արդեն իսկ պարզել է. «Բելիզ պետությանը հարցում է արվել Լոս Անջելեսի հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի միջոցով»:
Նա առավել մանրամասն անդրադարձավ ֆրանսիական «SOS-Camping-Loisers» ընկերության տնօրեն Անահիտ Տանելյանի ներկայացրած հավաստագրին, որով խոստացվում էր 280 հազար եվրոյի ներդրում: Հիշեցնենք, որ կազմակերպության ձեւաթղթի վրա գրված այս հավաստագրի վրա բացակայում էին կնիքն ու ստորագրությունը: Սակայն նույն հավաստագրի վրա կային հեռախոսահամար, կայքի եւ էլեկտրոնային փոստի հասցեներ: Առանց դրանցից որեւէ մեկով ճշտման փորձ անելու՝ Գրիգոր Ամալյանն ասուլիսում խոսել էր «ակնհայտ կեղծ փաստաթղթերի կամ անորոշ անձանց կողմից» տրված խոստումների մասին: Երեկ ՀՌԱՀ-ին է ուղարկվել Անահիտ Տանելյանի դիմումը, որում նա պրն Ամալյանին գրել է, թե իրավասու չէր վարկաբեկել սփյուռքահայ գործարարի բարի համբավը: Եվ բացի այդ՝ նա վերահաստատել է իր հավաստագիրը. «Սույնով Ձեզ կրկին տեղեկացնում եւ հավաստիացնում ենք, որ մենք պատրաստ ենք մոբիլիզացնելու մեր միջոցները՝ ներդնելու 280 հազար եվրո»: Այս անգամ ստորագրությունն ու կնիքն առկա են: Տիգրան Տեր-Եսայանը ներկայացրեց նաեւ հաշվապահական տեղեկանք, որն ապացույց է՝ «Այս կազմակերպություններն ունեն այդ հնարավորությունը նման ֆինանսական ներդրում անելու»: Եվ նշեց, որ լիազորված է հայտարարել, որ եթե ՀՌԱՀ-ը գրավոր չպատասխանի այս դիմումին՝ պատասխանատվության կկանչեն այդ ընկերության գործարար համբավին վնասելու համար:
Տիգրան Տեր-Եսայանը նշեց. «Եթե ՀՌԱՀ-ը տեսել էր, որ դիմումատուներից որեւէ մեկի մոտ կեղծ փաստաթղթեր կան՝ դա իրեն հիմք էր տալիս մրցույթից հանելու»: Այս կապակցությամբ վկայակոչեց «Լիցենզավորման մասին» օրենքի 29 հոդվածը, ըստ որի՝ լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե «դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված»: Եվ շարունակեց. «Բայց մինչեւ մրցույթից հանելը՝ օրենքի համաձայն, 10-օրյա ժամկետում դիմումատուին պետք է տեղեկացներ, որ նկատել են այսպիսի կեղծ փաստաթղթեր: Ինչը նրանք չեն արել: Դրանից հետո՝ եթե դիմումատուն չի շտկում այդ կեղծ փաստաթղթերը կամ պարզաբանումներ չի տալիս՝ նոր պետք է մերժեր»: «Առավոտը» նկատեց, որ «Լիցենզավորման մասին» օրենքը ներառված չէ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության մեջ: Սակայն պրն Տեր-Եսայանը նշեց, որ եթե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով այս խնդիրը կարգավորված չէ, ապա գործում է «Լիցենզավորման մասին» օրենքը: Նաեւ բազմիցս ընդգծեց, որ ՀՌԱՀ-ը հարցումներ, ճշտումներ է արել Մեծ Բրիտանիայից եւ Բելիզից. «Սակայն փորձ անգամ չեն արել առկա կասկածների վերաբերյալ պարզաբանումներ խնդրել դիմումատուից, որը Երեւանում է: Բարի կամք չեն ցուցաբերել, բայց բարի կամքը չէ միայն՝ օրենքով էլ էին դա պարտավոր անել»:
Այնուամենայնիվ՝ գլխավոր խնդիրը հետեւյալն է: ՀՌԱՀ-ի դեկտեմբերի 16-ի որոշման մեջ նշված է. «Չնայած «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայրենական արտադրության հաղորդումների ծավալի, սեփական արտադրության հաղորդումների ծավալի, բազմակարծությունը խթանելու կարողության, աշխատակազմի պրոֆեսիոնալ պատրաստվածության բավարար լինելուն, դրանց, ինչպես նաեւ անհրաժեշտ տեխնիկական միջոցների ապահովման համար ներկայացված ֆինանսական միջոցները չեն կարող բավարար համարվել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը հիմնավորող փաստաթղթերի զգալի մասը կեղծ են եւ անհիմն (120000 ԱՄՆ դոլար եւ 280000 Եվրո), ինչն անիրագործելի է դարձնում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակման ամբողջական իրականացման հնարավորությունը»: Իսկ «Ա1+»-ի ներկայացուցիչները պնդում են, որ անգամ այդ երկու կասկածելի փաստաթղթերով նախատեսվող 120 հազար դոլարը բացառելու պարագայում՝ ծրագիրն իրագործելի էր (թվային հաշվարկները՝ տես լուսանկարում): «Մենք չենք ընդունում այն մոտեցումը, թե «Ա1+»-ի ծրագիրը չուներ ֆինանսական ապահովում»,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը՝ պնդելով, թե այդ 120 հազար դոլարն ուղղակի լրացուցիչ գումար էր: Ըստ նրա՝ իրավական առումով սա ՀՌԱՀ-ի ամենաթույլ որոշումն էր. «Ինձ թվում է, նրանք ուզում էին ուղղակի շոու ցույց տալ, որն իրենց դե՛մ է գործելու: Ընդհանրապես, ցանկություն չկար դատեր բացելու՝ իրե՛նք դրդեցին: Եվ դատը լինելու է իրենց թղթերով՝ իրենց դեմ»:

Հ. Գ. Լրատվական կայքերի զգալի մասը, ինչպես եւ հեռուստաալիքները, նույնպես մի կենտրոնից է կառավարվում. օրեր առաջ նրանք տեղադրել էին անգամ «Կենտրոն»-ին եւ Հ1-ին ՀՌԱՀ անդամների խոսքի վերաշարադրանքը: Իսկ երեկ ասուլիսում հնչած բոլոր հակափաստարկներից նրանք որոշակի խեղաթյուրմամբ հաղորդեցին միայն հետեւյալ նույն տեքստը. «Ինձ հուզում է այն փաստը, որ ՀՌԱՀ-ում միանգամից սխալը գտել են այն ընկերությունների հետ կապված, որոնք վերջին օրերին իրենց բարի կամքն են առաջարկել ինձ»: Իրականում Մեսրոպ Մովսեսյանը բառացի ասել էր. «Ինձ ավելի շատ հուզում է այն հարցը, որ միանգամից գտնվել է սխալ այն մարդկանցից, ովքեր իրենց բարի կամքն առաջարկել են ինձ վերջին օրերին»: Հետաքրքիր է, եթե ՀՌԱՀ որոշումն իրոք անխոցելի է համարվում՝ ինչպե՞ս է պատճառաբանվում իշխանության քարոզչական նման մարտավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել