Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ՄԵԶՆԻՑ»

Դեկտեմբեր 21,2010 00:00

\"\"ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ-ն անցնող ամբողջ տարվա ընթացքում տոնեց իր հիմնադրման 20-ամյակը: Էլ բարեգործական ծրագրեր, էլ առողջապահական ծրագրեր, էլ բազմամարդ հանդիպումներ, ու հազար ու մի բան, իսկ անցած շաբաթ օրը՝ որպես բոլոր միջոցառումների ամփոփում, կուսակցությունը հանդիսավորությամբ նշեց իր ծնունդը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ: Հանդիսավոր միջացառմանը ներկա էին եւ բարձրաստիճան հանրապետականներ, եւ շարքայիններ, եւ համակիրներ, եւ կոալիցիոն գործընկերներ, եւ այլ կուսակցություններից հրավիրյալներ: Հրավիրված չէին ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները: Ներկա էին Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը եւ այլք: Մարզահամերգային բեմը բավականին ճաշակով էր ձեւավորված: Հայոց եռագույնի օգնությամբ գրված «ՀՀԿ-20» պաստառը ամեն կողմից աչքի էր զարնվում: Հյուրերը եւս տոնական էին տրամադրված, ուրախ էին եւ չէին հասցնում մեկմեկու ձեռք սեղմել ու ողջագուրվել: Այնպիսի տպավորություն էր, թե արդեն Նոր տարի է, եւ մարդիկ շտապում են միմյանց շնորհավորել:
Մինչ դահլիճ մտնելը փորձեցինք զրուցել գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Նա ասաց, թե հարցերի չի պատասանելու: Քանի որ հայտնի է, որ գեներալի կինը ԲՀԿ-ի համակիր է, իսկ ինքը՝ կարծես ՀՀԿ-ի: Հարցրինք, թե պատրաստվում է այս կուսակցության ցուցակով պատգամավո՞ր դառնալ: Ի պատասխան ասաց. «Դե, եթե եկել եմ»: Հետո էլ ինքն իրեն խմբագրեց, ասելով, թե եկել է ինչ-որ մեկի հետ խոսելու: Բայց նստեց մինչեւ վերջ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջագուրվեց միաժամանակ դահլիճ մտած ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Ավելի ուշ դահլիճ մտած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջագուրվեց իր կողքին նստածների հետ եւ նստեց, բայց մի քանի վայրկյան անց, Գագիկ Ծառուկյանը, ով նստած էր ԱԺ նախագահի ետեւի շարքում, հարկ համարեց սեղմել Հովիկ Աբրահամյանի ձեռքը եւ ողջագուրվել: Հովիկ Աբրահամյանն իր հերթին բարեւեց պարոն Ծառուկյանի կողքին նստած Արթուր Բաղդասարյանին եւ վերջինիս կողքին նստած փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Ի դեպ, ԲՀԿ նախագահը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի եւ ասաց, թե ԲՀԿ-ն չի պատրաստվում փոխել իր նախարարներին, գովեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին եւ ասաց, թե չի պատրաստվում դուրս գալ կոալիցիայից:
 Ի վերջո, եկավ եւ վարչապետը, բարեւելով նույն այս շարքում նստածներին, տեղավորվեց իր հայտնի ժպիտը դեմքին: Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի մուտքը մի տեսակ աշխուժություն առաջացրեց, եւ բոլորը մղվեցին սեղմելու նրա ձեռքը: Քաղաքապետը դահլիճ մտավ Տարոն Մարգարյանի հետ եւ երկուսն էլ ժպտում էին: Ընդհանրապես, հանրապետականները մի տեսակ համագումարային տրամադրությունների մեջ էին եւ ամեն ջանք գործադրում էին, որպեսզի ակնառու դառնա, որ իրենք ինքնավստահ են, ուժեղ են եւ իրենք ամեն ինչ սկսում են նոր կետից:
Երբ բոլորն արդեն խելոք նստած էին իրենց տեղերում, հայտարարվեց, որ դահլիճ է մտնում ՀՀ նախագահը: Գրեթե միաժամանակ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը եւ դահլիճը ոտքի կանգնեց: Ծափեր: Հետո Սերժ Սարգսյանը սկսեց խոսել: Ելույթը ծափերով մի քանի անգամ ընդհատվեց, երբ խոսեց նահատակների մասին, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի մասին, երբ խոսեց ղարաբաղյան ազատամարտի մասին եւ վերջում՝ երբ հայտարարեց, թե որեւէ մեկը մեր երազած Հայաստանը մեզ համար չի կառուցելու, «դա մենք ենք անելու»:
Քանի որ ՀՀ նախագահի ելույթին թերթերն անդրադառնալու են մանրամասնորեն, ելույթի մանրամասներին չենք անդրադառնա: Չենք խոսի այն մասին, թե ինչ ասաց ոմանց կողմից Գագիկ Ծառուկյանին թասիբի գցելու մասին (ի դեպ, ՀՀ նախագահի ելույթի այս հատվածում ԲՀԿ նախագահը գլխով հավանություն տալու նշաններ էր անում), կամ՝ ինչպես երեք մասի բաժանեց ընդդիմությանը եւ շեշտեց, որ առաջինները ուղղակի անհրաժեշտություն են եւ որ իշխանությունը ուղղակի շնորհակալ է ընդդիմության այս տեսակից, երկրորդների համար երկրագունդը պտտվում է ոչ թե արեգակի, այլ՝ նախագահական աթոռի շուրջ, իսկ երրորդները ընդդիմություն կոչվելու իրավունքը չունեն. «Մենք նրանց ուրիշ անուն ենք տալիս»: Չասաց, թե ինչ անուն, թեպետ հետո լրագրողները փորձում էին գուշակել եւ ոմանք կարծես գտան համապատասխան որակումներ: Զգուշացրեց, որ առաջիկա նախընտրական շրջանում հաճախականի են լինելու էմոցիաները, հանիրավի մեղադրանքները, դրականը սեւացնելու եւ թերությունները ճոխացնելու փորձերը: ՀՀ նախագահը սա համարեց բնական գործընթաց: Զգուշացնելով, որ «մենք գործ ունենք անելու», առաջարկեց իր կուսակիցներին լինել «շրջահայացության, մարդասիրության եւ քաղաքակիրթ երկխոսության ջատագովները երկրում»:
Սերժ Սարգսյանի ելույթի առավել ուշագրավ հատվածները կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել