Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 18,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնչորսերորդ

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՍՏԱԽՈՍ

Ես, փաստորեն, գրածներիս ու տպածներիս համար ե՛ւ իմ, ե՛ւ մանավանդ մորս փոխարեն էի պատասխանատվություն կրում, եւ ամենահետաքրքիրն էն էր, որ ամենաքիչը ես ու մայրս էինք էդ ասեկոսեներից նեղվում ու նեղսրտում, եւ մայրս չէր ամաչում իմ գրածների ու տպածների համար, եւ նմանապես ե՛ս չէի ամաչում դրանց համար, որովհետեւ, էլի եմ ասում, բանաստեղծություն գրելու իմ արհեստին միանգամայն լրջորեն ու պատասխանատվությամբ էի վերաբերվում, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ մարդիկ ու մանավանդ մետաքսեցիք էդ բոլոր գրածներս կարդալու ու մորս էին վերագրելու, ու էդ հանգամանքը նաեւ լուրջ պատճառ էր, որ էդ բանաստեղծություններս չափից ավելի կոռեկտ գրեի՝ առանց մեր ոսկեղենիկ լեզվից դույզն-ինչ շեղվելու, եւ, փաստորեն, մորս պատճառով ու մորս շնորհիվ, սովետական տարիներին միանգամայն օրինակելի բանաստեղծ էի, երբեմն-երբեմն էլ՝ օրինակելի արձակագիր, բայց անկախությունից հետո, երբ բանաստեղծությունն ու հատկապես բանաստեղծներն սկսեցին դուրս մնալ մարդկանց ուշադրությունից, ես սկսեցի ավելի ազատ ու անկաշկանդ գրել, մանավանդ որ, մարդիկ ու մանավանդ մետաքսեցիք իրենց ուշադրությունը բանաստեղծությունից ու մանավանդ բանաստեղծներից շեղելով՝ արդեն չէին էլ հիշում, որ գրածներիս իրական հեղինակը մայրս է, եւ երբ երկու հազար երկուսի ահավոր մարտին մայրս հեռացավ ինձնից ու բոլորից, ես մեկից սկսեցի գրել ու տպել էն ամենը՝ որ մինչ էդ չէի գրում ու չէի տպում, եւ ահա՝ էս անհեթեթ վեպս ստացվեց եւ շարունակում է ստացվել, եւ ինչպես ու ինչքանով է ստացվում՝ միայն Աստծուն է հայտնի, եւ ինչ որակով ու ինչ մակարդակով է ստացվում՝ միայն գրականագետներին ու մանավանդ «Գրական թերթի» մեջտեղի էջերին պարբերաբար ծեքծեքացող ահել ու ջահել գրականագետներին է հայտնի, իսկ ինձ ընդամենն էն է հայտնի, որ մորս կտրուկ ու դաժան հեռացումից հետո սկսեցի ամեն ինչի մասին ազատորեն գրել, որովհետեւ էս գրածներս արդեն մորս չեն վերագրվելու՝ ոչ միայն էն պատճառով, որ մայրս արդեն վերջնականապես է լույս դառել, այլեւ էն պատճառով, որ լուսահոգին մեր լեզվի ու գրականության լավագույն ուսուցչուհիներից մեկը լինելով՝ չէր կարող մեր լեզվի նկատմամբ էսքան կամայական գտնվել, չնայած, այդուհանդերձ, իր կյանքի օրոք իմ «Անտիպոեզիան» արդեն գրվել, տպվել եւ մորս կողմից հանդուրժվել էր՝ երեւի էն պատճառով, որ մայրս արդեն թոշակի էր ու արդեն որեւէ մեկին հայոց լեզու սովորեցնելու հավես չուներ, եւ որ մայրս էդ լեզվազանց «Անտիպոեզիաս» սիրով ու հաճախ էր թերթում, դրա պատճառը երեւի նաեւ էն էր, որ կոնկրետ էդ լեզվազանցության հեղինակն իր հարազատ որդին էր, եւ հիմա որ էդ ուղղությամբ մտածում ու խորանում եմ, սկսում եմ հասկանալ նաեւ, որ եթե մեր գրագետներն ու գրականագետները լեզվազանցներիս հարազատի պես վերաբերվեն ու մի քիչ հանդուրժողականություն հանդես բերեն, միգուցե ըմբռնումով վերաբերվեն մեր լեզվազանցությանը եւ, շատ հնարավոր է, դադարեն մեզանից պաշտպանել ու պահպանել մեր լեզուն ու մեր խոսքը, եւ մեր լեզուն ու մեր խոսքը հատկապես ինձանից կդադարեն պաշտպանել ու պահպանել, որովհետեւ ձեր ու իրենց խոնարհ ծառան էն կարծիքին է, որ մեր լեզուն ոչ թե պահպանել է պետք, այլ՝ զարգացնել, ավելի ճիշտ՝ պետք է թողնել, որ լեզուն ինքն իրենով, առանց մեր ակտիվ միջամտության, փոփոխվի ու զարգանա, որովհետեւ լեզուն էլ, ինչպես մարդը, ամենից շատ ազատության կարիք ու պահանջ ունի, եւ եթե իրեն ազատ թողնենք՝ միայն էդ պարագայում ինքն իր ազատությունը կվերահսկի, եւ, ընդհակառակը, եթե մեր լեզուն զմռսելով պահպանենք, եւս մի գրաբար կվաստակենք, որից ոչ միայն մահկանացուներս գլուխ չենք հանի, այլեւ՝ լեզվի ու գրականության դասատուներն ու դասախոսները, եւ ժամանակն է, որ մեր գրագետներն ու մանավանդ գրականագետները ոչ թե մեր լեզվի վրա դողդողան, այլ՝ իրականության ու ճշմարտության, եւ անձամբ ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ ոչ թե մեր լեզուներն անաղարտ լինեն, այլ՝ մեր ու մանավանդ գրականագետների հոգիները, եւ քանի դեռ մեր ու իրենց հոգիներն աղարտված են, գրողներս իրավունք չունենք ինքներս մեզ ու մյուս արատավորներին մեր անարատ ու ոսկեղենիկ լեզվով խոսեցնել, եւ չնայած էս բաներն էլի եմ ասել ու գրել, ընդհանուր իրավիճակից զգացվում է, որ ասածներս ու գրածներս, փաստորեն, տեղ չեն հասել, եւ հիմա ստիպված եմ էդ ասածներս ու գրածներս կրկնել՝ ավելի երկարացնելով առանց էդ էլ չափազանց երկար էս վեպս, եւ հարգարժան ակադեմիկոս Սարինյանի պատվերը կատարելով ու գրական մանիֆեստս շարունակելով՝ Հայրիկյանի եւ մեսրոպեան ուղղագրութեան այլ ջատագովների ներողամտությունն էլ պիտի հայցեմ, որովհետեւ ոչ միայն մեր անարատ ու ոսկեղենիկ լեզվից եմ շարունակաբար վազն անցնում, այլեւ՝ մեսրոպեան ուղղագրութիւնից, եւ գրական մանիֆեստս ժամանակավորապես դադարեցնելով՝ պիտի նաեւ ասեմ, որ չնայած ակադեմիկոս Սարինյանն իր հոդվածի ինձ վերաբերող մասում նշել ու շեշտել էր, որ «Առավոտում» էս վեպս ծայրեծայր կարդացել է, այդուհանդերձ, ինձ թույլ եմ տալիս ակադեմիկոսի ասածին չհավատալ՝ ոչ թե էն պատճառով, որ իրեն հարգող որեւէ նորմալ մարդ ու մանավանդ գրականագետ ի վիճակի չի էսքան երկար վեպ կարդալ, այլ էն պատճառով, որ Սարինյանն իր հոդվածի ինձ վերաբերող հատվածն ավարտել է հետեւյալ կերպ՝ «Ինչեւէ. վեպը առիթ կտա այլեւայլ մեկնությունների. սպասենք նրա ավարտին եւ հեղինակի գրական մանիֆեստին», եւ չնայած արդեն հազար ասել եմ, հիմա մի անգամ էլ եմ կրկնում, որ էս վեպս իմ կենդանության օրոք վերջ ու ավարտ չի ունենալու, ավելի ճիշտ՝ էս վեպիս վերջն ու ավարտը մեկին մեկ են համընկնելու իմ երկրային կյանքի վերջին ու ավարտին, իսկ ավելի ստույգ՝ իմ էս երկրային կյանքից հետո էլ էս վեպս երեւի շարունակվի, որովհետեւ ես «Առավոտից» միշտ առնվազն երկու հատոր առաջ ընկած եմ, եւ արդեն Արամ Աբրահամյանից խոսք եմ քաշել, որ երկրային ժամանակիս ավարտից հետո էլ է էս վեպիս տպագրությունը որոշ ժամանակ շարունակելու, եւ, բնականաբար, ակադեմիկոս Սարինյանն ինչքան էլ խոշոր ակադեմիկոս ու գրականագետ լինի, չէր կարող իմ ու Արամի էս թաքուն ու հանցավոր համաձայնության մասին տեղյակ լինել, եւ իմ ու Արամի էս թաքուն պայմանավորվածությունը նաեւ լուրջ պատճառ է, որպեսզի միանգամայն անկեղծորեն ու միանգամայն շահախնդրորեն կամենամ ու ցանկանամ, որ «Առավոտն» ու անձամբ Արամն ինձնից երկար ապրեն, եւ քանի որ էս վեպիս ավարտին ֆիզիկապես հնարավորություն չեմ ունենալու գրական մանիֆեստս շարադրել, ես ակադեմիկոս Սարինյանի ցանկությանն ընդառաջելով՝ արդեն, փաստորեն, ինձնից ակնկալվող գրական մանիֆեստս բավական երկար արտահայտեցի ու եթե որեւէ բան մոռացա ու բաց թողեցի, առաջիկայում անպայման կավելացնեմ ու կլրացնեմ, որովհետեւ կասկածելով հանդերձ, որ ակադեմիկոսն էս վեպս «Առավոտի» էջերում ծայրեծայր է կարդացել, չեմ կարող անտարբեր գտնվել եւ երախտագիտությունս թաքցնել, որովհետեւ, եթե նույնիսկ Սարինյանն էս վեպս ամբողջությամբ չի կարդացել ու ասում է թե՝ կարդացել է, էդ իմաստով էլ է ինքը իր շատ ու շատ կոլեգաներից էապես բարձր. մանավանդ էն կոլեգաներից, որոնք էս վեպս ամեն շաբաթ հետեւողականորեն կարդալով՝ աջուձախ ու ամենուր գլուխ են գովում ու պարծենում են թե՝ վեպս չեն կարդում, ընդ որում՝ չեն զլանում անձամբ ինձ ասել, որ էս վեպս երբեւէ չեն կարդացել ու նույնիսկ աչքի չեն անցկացրել, ու էդպես ասողներից ու պարծեցողներից մեկը վերջերս չափազանց անհարմար դրության մեջ հայտնվեց, ու էս չափազանց անհարմար դրության մեջ հայտնվածն ակադեմիկոս Սարինյանի կոլեգան էր, եւ չնայած հիմնականում որպես արձակագիր էր հայտնի, իրեն Սարինյանի կոլեգան եմ համարում, որովհետեւ էդ տարաբախտն ավելի շատ ուրիշների գրած ոտանավորների ու վեպերի մասին էր մտածում ու մտահոգվում, քան՝ իր գրածների, եւ էդ անձնավորությանն էսպես վստահորեն տարաբախտ եմ անվանում, որովհետեւ էդ անձնավորությունը չափազանց անհարմար դրության մեջ հայտնվեց ոչ թե իր կյանքի ու գործունեության ընթացքում, այլ՝ միանգամայն հետմահու, եւ երբ մեր երրորդական հեռուստաալիքներից մեկն էդ հոգավորի մահն անսպասելիորեն ազդարարեց, ես լսողությունս ու տեսողությունս լարելով՝ լսեցի, տեսա ու համոզվեցի, որ մահկանացուն կնքած էդ հոգավորը մահկանացուն կնքել էր իր իսկ աշխատասենյակում՝ ստեղծագործ աշխատանքի պահին, եւ չնայած ցանկացած մեզ ծանոթ հոգավորների մահն է մեզ շատ կամ քիչ ցնցում, էս մեկինն ինձ հատկապես ցնցեց՝ ամենեւին էլ ոչ էն պատճառով, որ յոթանասուներեքը մարդու ու մանավանդ գրող մարդու համար առանձնապես տարիք չի, եւ ուշ թե շուտ էդ վերջին հրաժեշտը բոլորս էլ տարբեր տարիքում տալու ենք, եւ եթե հիմա ասեմ, թե լսողությունս ու հատկապես տեսողությունս լարելուց հետո էդ հեռուստաալիքով ինչ տեսա, դուք անմիջապես կհամոզվեք, որ մահկանացուներիցս համեմատաբար երջանիկները նրանք են, ում մահը մեր հեռուստաընկերությունների լրատվականները չեն գուժում, եւ չնայած էս ասածս առայժմ միայն էդ հոգավորին է վերաբերում, այդուհանդերձ, ուշ թե շուտ մյուսներիս էլ կարող է վերաբերել, եթե, իհարկե, մեր երկրային կյանքի վերջին պահերին որոշակի զգոնություն ու զգուշավորություն հանդես չբերենք, ու էս ասածս վերաբերում է մահկանացուներիցս հատկապես ու առանձնապես նրանց, ում մահը, հնարավոր է, գուժեն Ամալյանի մրցույթում հաղթած մեր հեռուստաընկերությունների լրատվականները, եւ որպեսզի վերջապես ու վերջնականապես հասկանաք՝ ինչի մասին է խոսքը, պիտի տեսողական հիշողությունս վերականգնելով ասեմ, որ սրանից ընդամենը երկու տարի առաջ, երբ տվյալ հեռուստաընկերության լրատվականն էդ հոգավորի մահը գուժեց՝ մանրամասնելով, որ հանգուցյալը մահկանացուն կնքել է իր իսկ աշխատասենյակում, ես տեսողությունս լարելով՝ հստակորեն տեսա, որ կյանքին ու բոլորիս հրաժեշտ տված էդ գրողի գրասեղանի երկայնքով մեկ փռված էր… ի՞նչ էր փռված… իհարկե, չեք կարող գուշակել եւ ենթադրել անգամ չեք կարող, որովհետեւ ենթադրելու ու պատկերացնելու բան չէր էն՝ ինչն էդ իրիկուն էդ հեռուստաալիքով ու անձամբ իմ սեւեռուն հայացքով տեսա, եւ որպեսզի դուք էլ իմ տեսածը մտովի տեսնեք ու իմանաք, ստիպված եմ խոստովանել, որ հեռուստաէկրանի ու մահացողի գրասեղանի երկայնքով մեկ «Առավոտի» շաբաթօրյա իմ զույգ էջերն էին փռված ու տարածված, եւ օպերատորն իր նկարահանող սարքն էնքան դանդաղ սահեցրեց վեպիս էդ զույգ էջերի վրայով ու էնքան երկար պահեց լուսանկարիս վրա, որ իմ փոխարեն ցանկացած ուրիշը կենթադրեր թե՝ ես եմ ուժերի ծաղկման շրջանում մահացածը. այսինքն, Սարինյանի ու իմ էդ կոլեգան, որ իր արձակի փոխարեն մի գլուխ ուրիշների գրածների մասին էր խոսում ու գրում, փաստորեն, ուժերի ծաղկման շրջանում իր վերջին ուժերն էս վեպիս վրա էր վատնել, եւ չնայած կյանքում ու իրականության մեջ աջուձախ բանավոր ու մի անգամ էլ գրավոր գլուխ էր գովում թե՝ էս վեպս չի կարդացել ու չի էլ կարդալու, հեռուստատեսությամբ բռնացվեց, որ իրականում լավ էլ կարդում էր էս վեպս, ընդ որում՝ ուժերի ծաղկման շրջանում էր կարդում, եւ այլ կերպ հնարավոր էլ չէր, որովհետեւ մարդ արարածն էսքան երկար վեպ միայն ուժերի ծաղկման շրջանում է ի վիճակի կարդալ, եւ, փաստորեն, ազատ եւ պատասխանատու հեռուստաալիքն, անկախ իր կամքից իհարկե, հանգուցյալին ստախոսության մեջ բռնացրեց, ընդ որում՝ չափազանց համոզիչ բռնացրեց, եւ, որ ամենաէականն ու ամենատհաճն է, հետմահու բռնացրեց, եւ հիմա, երբ էս ուղղությամբ ավելի եմ խորանում, սկսում եմ հասկանալ, որ մարդուն ստախոսության մեջ հետմահու բռնացնելն ահավոր բան է՝ թեկուզեւ էն պատճառով, որ հանգուցյալին արդարանալու հնարավորություն չի ընձեռվում, ինչպես նաեւ՝ նոր ստերով հինը սքողելու ու սվաղելու հնարավորություն չի ընձեռվում, եւ առանձին վերցրած էդ դեպքի մեջ ավելի ու ավելի խորանալով՝ սկսում եմ նաեւ հասկանալ, որ ստախոսության մեջ հետմահու ու օնլայն բռնվելը ոչ միայն դաժան ճակատագիր է, այլեւ՝ ահավոր պատիժ, եւ էդ պատիժն ու ճակատագիրն սպառնում են հատկապես ու առանձնապես էն մահկանացուներին, որոնց մահը գուժելու են հաղթած ու գործող մեր հեռուստաալիքները, եւ հիմա, երբ էս ուղղությամբ ավելի երկար ու ավելի հիմնավոր եմ մտածում, սկսում եմ հստակորեն հասկանալ, որ էդ ճակատագիրն ու պատիժը նաեւ ինձ են սպառնում, որովհետեւ, երբ իրիկնային էդ թողարկումից պարզ դարձավ, որ հանգուցյալը լավ էլ կարդում էր էս վեպս, մանրից սկսեցի ենթադրել, որ, ըստ ամենայնի, ուրիշ կարդացողներ էլ կան. այսինքն, էսօրվա դրությամբ էն մարդկանցից մեկն եմ, ում մահվան լուրը միանգամայն հանգիստ խղճով կարող է հեռարձակել ցանկացած հեռուստաալիք, ու էս կարեւորագույն հանգամանքը հաշվի առնելով՝ նախ պիտի ստախոսությունս հնարավորինս պակասեցնեմ, որպեսզի էդ տեսակ տհաճ անակնկալից խուսափեմ՝ մանավանդ հետմահու, եւ, որ ամենակարեւորն է, գրասեղանս պիտի մաքրեմ ընթերցանության ավելորդ եւ անցանկալի նյութերից ու գրքերից, որովհետեւ ինքս էլ էդ հոգավորի պես երբեմն հայտարարում եմ թե՝ ժամանակակից գրողների գրքերը չեմ կարդում, եւ հիմա գրասեղանս եմ տնտղում՝ համոզվելու համար, որ գրասեղանիս վրա հակառակն ապացուցող բան չկա, եւ էս պահի դրությամբ՝ իրոք չկա. էս պահի դրությամբ, ինչպես միշտ, գրասեղանիս աջ անկյունում Նոր կտակարանն է, մեջտեղում՝ էս թղթերս, որոնց վրա էս տառերն, էս բառերն ու էս մտքերս եմ գրում, ձախից՝ մոխրամանս, վառիչս ու ESSE/1 կոչվող էս ամենաթույլ ծխախոտի երեքուկես տուփերն են, տուփերից աջ՝ սուրճս, ընդ որում՝ չափազանց մեծ բաժակով, որը բանակի տոնի կապակցությամբ եւ Մինասյան Ռուզանի նախաձեռնությամբ՝ «Առավոտի» աղջկերքն «Առավոտի» տղերքին էին նվիրել, եւ չնայած էդ չափազանց մեծ նվերն ընդունելիս կասկածում էի՝ թե էդ հսկայական բաժակը երբեւէ կօգտագործեմ, հիմա ահա՝ լավ էլ օգտագործում եմ, եւ Մինասյան Ռուզանի նախաձեռնած էդ հազվագյուտ ու տարողունակ բաժակի կողքին անթիվ ու անհամար գրիչներս են, որոնք հիմնականում բուքմեյքերականներից եմ բերում եւ որոնք շատ արագ են պրծնում, քանի որ՝ ոչ թե էս տեսակ երկար վեպերի համար են նախատեսված, այլ ընդամենը՝ խաղադրույքների, եւ գրիչներիս էդ մեծ տուփի տակ Բորիս Գրեբենշչիկովի բանաստեղծություններն են, ավելի ճիշտ՝ Գրեբենշչիկովի երգերի տեքստերը, որոնք ոչ միայն կարդում, այլեւ թարգմանում եմ, եւ չնայած էս թարգմանությունն աղջկաս էին պատվիրել, ինքն էդ պատվերի վեց հարյուր դոլարը ծախսելուց հետո միայն հասկացավ, որ բանաստեղծություն թարգմանելն իր ուժերից ու հնարավորություններից վեր է, եւ չնայած էս տեքստերի թարգմանությունն ինձնից էլ է ահավոր ջանքեր ու ճիգեր խլում, այդուհանդերձ, ես սկսել եմ ու անպայման ավարտին կհասցնեմ շուրջ քառասուն երգերի տեքստերի թարգմանության գործը. հակառակ դեպքում՝ պիտի պատվիրատուին վերադարձվի էդ վեց հարյուր դոլարը, եւ, ինչպես կռահում եք, էդ վերադարձն անհամեմատ շատ ջանքեր ու ճիգեր կպահանջի ինձնից, ու գրասեղանիս վրայի էս ամենն ու ներառյալ Գրեբենշչիկովի չափածո տեքստերն էսքան մանրակրկիտ նկարագրում եմ, որպեսզի հանկարծ էն մի հոգավորի պես ստախոսության մեջ չբռնվեմ, որովհետեւ մի քանի տարի առաջ հրապարակայնորեն խոստացել եմ՝ երբեւէ բանաստեղծություններ չգրել, եւ որպեսզի Գրեբենշչիկովի թարգմանության էս ձեռագրերս տեսնելով՝ որեւէ մեկի մտքով չանցնի թե՝ տղամարդու խոսքիցս ու խոստումիցս հետ եմ կանգնել, ստիպված եմ հայտարարել, որ գրիչներիս տուփի տակի էս չափածո ու հայատառ թղթերը ոչ թե բանաստեղծություններ են, այլ ընդամենը՝ բանաստեղծությունների թարգմանություններ, իսկ ավելի ստույգ՝ երգերի տեքստերի թարգմանություններ, եւ չնայած Գրեբենշչիկովի երգերի տեքստերը միշտ եմ սիրել, միայն հիմա՝ դրանք թարգմանելիս ու փոխադրելիս եմ հասկանում, որ եթե դրանք երաժշտությունից կտրում ու անջատում ես, տակը շատ քիչ բան է մնում, ավելի ճիշտ՝ տակի մնացածը միանգամայն անհասկանալի է՝ մանավանդ թարգմանչի համար, բայց երեւի Գրեբենշչիկովի բախտից է, որ իր երգերի էս տեքստերը հատկապես իմ ձեռն են ընկել, որովհետեւ միայն պոեզիան թարգած ու բանաստեղծությանն իմ չափ կարոտած մարդը կարող էր էսքան կառչած մնալ իր պարզ ու զուլալ երգերի էս խրթին ու անհասկանալի տեքստերից, եւ եթե էս ասածիս գումարեմ նաեւ վեց հարյուր դոլարի հանգամանքը, միանգամայն պարզ կդառնա, թե՝ ինչպես եւ ինչու ստացվեց Բորիս Գրեբենշչիկովի առաջին ու միակ թարգմանված ժողովածուն, բայց գրասեղանիս պարունակությանն ու էս թարգմանություններիս էսքան երկարբարակ անդրադարձիս հիմնական նպատակն էր ձեզ հավատացնել, որ էս պահի դրությամբ գրասեղանիս վրա որեւէ ավելորդ ու կողմնակի բան չկա, եւ էս պահի դրությամբ՝ ինձ որեւէ հեռուստաալիք չի կարող ստախոսության մեջ բռնացնել, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ ստախոսությունն ու ես անհամատեղելի ենք. ավելին. արդեն ավելի քան հինգ տարի է՝ ստախոսությունն ինձ համար հիմնական զբաղմունք ու մասնագիտություն է դարձել, եւ էս վեպիս տարածքում ինչ ստեր ասես չեմ փչում, եւ չնայած մյուս գրողներն ինձնից ավելի շատ են սուտ բաներ գրել ու գրում, այդուհանդերձ, հիմնականում ինձ են գրական ու գրողական ստախոսության մեջ մեղադրել ու մեղադրում, եւ դա էլ է միանգամայն հասկանալի, որովհետեւ մյուս գրողները հիմնականում իրենց հերոսների անուններն են բստրում եւ ոչ թե՝ էդ հերոսների արածներն ու ասածները, մինչդեռ ձեր խոնարհ ծառան ճիշտ հակառակն է անում. ես իմ հերոսների ասածներն ու արածները բստրում եմ, իսկ անուններն ու ազգանունները նույնությամբ պահում ու պահպանում եմ, որովհետեւ մշտապես համարել ու համարում եմ, որ մարդկանց անուններն ու ազգանունները պակաս կարեւոր չեն, քան՝ էդ նույն մարդկանց ասածներն ու մինչեւ անգամ արածները, եւ եթե մարդիկ որեւէ սխալ բան են ասում կամ անում, շատ դեպքերում իրենց կամքից անկախ՝ կյանքի՛ թելադրանքով են էդ սխալ բաներն ասում կամ անում. եւ հիմնականում էդ է պատճառը, որ հերոսներիս անուններն ու ազգանունները հիմնականում պահելով ու պահպանելով՝ իրենց ասածներն ու արածները խմբագրում, սրբագրում ու որոշ փոփոխությունների եմ ենթարկում, որովհետեւ մշտապես էն կարծիքին եմ, որ նրանք բոլորն էլ՝ որ անկախ իրենց կամքից հերոսներիս շարքերն են համալրում, իրենց ու մեր էս մինուճար կյանքում կարող էին շատ ավելի լավ բաներ ասել ու անել՝ քան իրականում ասել ու արել են, եւ ես հիմնականում իրենց անունները սրբորեն պահպանելով՝ ասել ու անել եմ տալիս բաներ, որ իրականում միանգամայն հարգելի պատճառներով չեն ասել ու չեն արել, եւ եթե էս արածս գրագետներից ու անգրագետներից ոմանք ստախոսություն են համարում, դա իրենց սրբազան իրավունքն է, իսկ ինչ վերաբերում է ինձ ու ձեզ, մենք, հուսով եմ, եւս մի անգամ իրար հասկացանք. այսինքն, եւս մի անգամ հասկացանք ու համաձայնվեցինք, որ իմ էս գրական ու վիպական ստերը մարդկանց ու մանավանդ հերոսներիս համար ավելի օգտակար են՝ քան վնասակար. այսինքն, իմ էս գրական ու վիպական ստերը միանգամայն բարի ստեր են, եւ իմ պատկերացմամբ՝ բարին էն ստերն են, որոնք մարդիկ բստրում են՝ իրենց եւ ուրիշներին ուրախություն պատճառելու համար, եւ եթե ձեզ որեւէ մեկն ասի թե՝ էդ տեսակ ստից որեւէ մեկը կարող է նեղանալ, ոչ մի դեպքում մի հավատացեք եւ չհավատալով՝ նույն ոգով շարունակեք. օրինակ, եթե հանդիպում եք վաղուց հիսունն անց ու վաղուց թոռնատեր ձեր համադասարանցի աղջկերքից մեկին, անպայման իրեն ասեք, որ համարյա չի փոխվել եւ առաջվա սիրունն է, եւ դրանից ձեր էդ համադասարանցին ոչ միայն չի նեղանա, այլեւ շատ կուրախանա՝ մանավանդ հոգու խորքում, եւ չի նեղանա նույնիսկ էն դեպքում, եթե իրեն խորհուրդ տաք քամակը կսմթել՝ որպեսզի ձեր աչքը չկպնի, եւ ինքն ուրախությամբ իր իսկ քամակը կսմթելով՝ անպայման ձեզ կասի, որ դուք էլ առանձնապես չեք փոխվել՝ ոչ միայն արտաքնապես, այլեւ՝ հանաքչիության տեսակետից, եւ դուք էլ իր էդ ստից ոչ մի դեպքում չեք նեղանա, ընդ որում՝ ոչ միայն չեք նեղանա, այլեւ մտքի ծայրով անգամ չեք մտածի, որ ձեր համադասարանցին էլ փոխադարձաբար ձեզ է խաբում. այսինքն, ինչպես ինքը, դուք նմանապես կհավատաք էդ միանգամայն հաճելի ստին, ընդ որում՝ դուք ավելի կհավատաք, քան՝ ինքը, որովհետեւ սովորաբար հայ կանայք ավելի շուտ են ծերանում ու պառավում, քան՝ հայ տղամարդիկ, չնայած, այդուհանդերձ, էս տեսակ անմեղ ու բարի ստերին հայ կանայք պակաս չեն հավատում, քան՝ հայ տղամարդիկ, որովհետեւ մարդիկ ընդհանրապես եւ հայ մարդիկ մասնավորապես հակված են կարծել, որ ժամանակն ու տարիներն անձամբ իրենց համարյա չեն փոխել. այսինքն, մարդիկ ընդհանրապես եւ հայ մարդիկ նույնպես հակված են հավատալ իրենց հասցեին հնչած էս տեսակ անմեղ, բարի եւ հաճելի ստերին, եւ էս ասածս հավասարապես բոլոր կանանց ու բոլոր տղամարդկանց է վերաբերում՝ գրեթե առանց բացառության եւ՝ անկախ կրթական ցենզից ու դասակարգային պատկանելությունից, եւ, եթե հիշում եք, էս դասընկերուհու օրինակը մի անգամ էլ եմ բերել, բայց հիմա էդ պարզ ու հասարակ օրինակը կրկնում եմ, որպեսզի նաեւ գրողներին ու գրագետներին հասկանալի դառնա, որ եթե ստելն ու սուտը պարտադիր են, պիտի մարդկանց առնվազն հաճելի ստեր մատուցես ու պարգեւես:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել