Հավատացյալ մարդը սթրեսային իրավիճակում իրեն ավելի հանգիստ է զգում, քան աթեիստը: Դա իջեցնում է սխալ գործելու ռիսկը: Տորոնտոյի Սքարբորո համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են գլխուղեղի գոտկային գալարների հատվածում նեյրոնների ակտիվացումը, որն առաջանում է սթրեսային իրավիճակում: Գլխուղեղի գոտկային գալարների հատվածն արձագանքում է դրսից ազդանշանին, երբ ինչ-որ բան «ճիշտ չի ընթանում»: Սթրեսային իրավիճակում նեյրոնների ցածր ակտիվությունն այդ հատվածում ցույց է տալիս մարդու ընդունակությունը՝ սխալ կատարելուց հետո կենտրոնանալ: Դրանից հետեւում է, որ այդպիսի մարդն ավելի քիչ է ենթակա սթրեսի: Գիտափորձի ընթացքում հետազոտվողներին առաջարկվել են գույներ նշանակող մի քանի բառեր: Ընդ որում, թանաքի գույները, որոնցով տպվել էին այդ բառերը, չէին համապատասխանում բառի նշանակությանը, օրինակ՝ «կապույտ» բառը տպված էր դեղին գույնով: Անվանելով թանաքի գույները՝ փորձի մասնակիցները հաճախ սխալվում էին՝ ենթագիտակցաբար ձգտելով կարդալ բառը: Ըստ սխալների քանակի, եզրակացություն էր արվում մարդու՝ տրված պայմանների փոփոխությանն արձագանքելու ընդունակության մասին: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ գոտկային գալարների առաջնային մասի ակտիվությունը հավատացյալների մոտ մնում է առավել ցածր մակարդակի վրա, քան աթեիստների մոտ: Այդպիսով, գիտական մեթոդներով ապացուցվեց, որ հավատը բարենպաստ ազդեցություն ունի մարդու վրա, դարձնում է նրան հանգիստ եւ ինքնավստահ՝ օգնելով ավելի արագ կենտրոնանալ գործած սխալից հետո: