Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայոս, Սինտերկլաաս, Սանտա Կլաուս

Դեկտեմբեր 18,2010 00:00

Ո՞ւմ է պարտական Ձմեռ պապն իր գոյությամբ

Հավանաբար քչերը գիտեն, որ Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոնի ամենահայտնի հերոսը՝ Սանտա Կլաուսը, առասպելական կերպար չէ, այլ ժամանակին գոյություն ունեցած իրական անձնավորություն: Ճիշտ է, նրա անունը փոքր-ինչ այլ կերպ է հնչել եւ ապրել է նա ոչ թե ցրտաշունչ Լապլանդիայում, այլ արեւառատ  Փոքր Ասիայում: Նրա անունը Նիկողայոս էր,  ծնվել է 245 թվականին, Թուրքիայի տարածքում գտնվող Իզմիր քաղաքում: Նա եղել է եպիսկոպոս եւ հայտնի՝ իր բարերարություններով: Նա ի վերջո դասվել է  սրբերի շարքը, որին սկսել են անվանել սուրբ Նիկողայոս: Նրա բարերարությունների միջոցով ծանոթանում ենք մի շարք պատմությունների, թե ինչպես է նա օգնել աղքատներին, գիշերով գաղտնաբար ոսկե դրամներ գցել քաղաքի բնակիչների տան դռների առջեւ եւ թխվածքներ դրել պատուհանագոգի վրա: Նկարագրվում է, որ շատ ժամանակ նա դրամներ է գցել ծխնելույզից, ինչն էլ հիմք է ծառայել Եվրոպայում տարածված այն առասպելի համար, թե Ձմեռ պապն իր նվերները թողնելու համար աննկատ տուն է մուտք գործում հենց  ծխնելույզից: Հոլանդերեն սուրբ Նիկողայոսը հնչում է Սինտերկլաաս:
17-րդ դարի սկզբում հոլանդացիներն Ամերիկայում հիմնեցին Նոր Ամստերդամ գաղութը, որը, սակայն, շուտով  զիջեցին անգլիացիներին, ինչի հետեւանքով Նոր Ամստերդամը վերածվեց Նյու Յորքի: Նրանք էլ Սինտերկլաասը իրենց լեզվով կոչեցին Սանտա Կլաուս:
Հոգեւորական Կլեմենտ Կլարկի ստեղծագործություններում նա ներկայանում է որպես գիրամարմին եւ ժպտադեմ ծերուկ, որի եպիսկոպոսական գլխանոցը հեղինակը փոխել է մորթիով երիզված գլխարկով, իսկ գավազանը՝  շաքարավազե հրաշագործ փայտիկով: Ավանակը, որով, համաձայն հին ավանդության, շրջում էր սուրբ Նիկողայոսը, փոխարինվել է արագավազ հյուսիսային 8 եղջերուներով լծված սահնակով:
1860թ. նյույորքյան հայտնի պարբերականներից մեկի պատկերազարդող եւ ծաղրանկարիչ Թոմասը Սանտա Կլաուսին հագցնում է կարմիր հանդերձներ եւ հենց նա էլ Սանտային «բնակեցնում» է Հյուսիսային բեւեռում: Ի վերջո, իր ներկայիս տեսքը նա ստանում է «Կոկա-կոլա» ընկերության գովազդային պաստառների շնորհիվ: Այստեղ նա պատկերվում է  որպես գիրակազմ ծերունի, որից ճառագում է զվարթություն եւ բարեհոգություն:
Ահա այսպիսին է ժամանակակից Ձմեռ պապի կամ Սանտա Կլաուսի պատմությունը, որն իր գոյությամբ պարտական  է սուրբ Նիկողայոսին:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել