Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՍ ՀԱՎԱՏՔ ՈՒՆԵՄ, ԱՊԱՌԱԺ ՀԱՎԱՏՔ…»

Դեկտեմբեր 18,2010 00:00

\"\"Ասել է հրապարակախոս Խաչատուր Մալումյանը, որի ծննդյան 150-ամյակը լրացավ այս տարի

Այս բառերի հեղինակը հրապարակախոս, հանրային գործիչ, Մեծ եղեռնի զոհ Խաչատուր Մալումյանն է (գրական կեղծանունը՝ Էմանուել Ակնունի):
Նա ծնվել է 1860թ., Մեղրիում: 1880թ. աշխատակցել է «Մշակին», հետագայում, անցնելով դաշնակցության շարքերը, դարձել է «Դրօշակի» թղթակիցը Կովկասում: 1908 թվականից գործել է Պոլսում: Առանձին գրքով հրատարակվել են նրա «Մտքի մշակը» (Գր. Արծրունու գրական գործունեության 25-ամյակի առթիվ), «Կովկասյան վերքեր» հոդվածների ժողովածուն, որն արտահայտում է ռուսական կառավարության վերաբերմունքը Կովկասին եւ կովկասահայությանը: «Կովկասյան վերքերը» հայ-թաթարական ընդհարումներից հետո առանձին հատորով թարգմանվում եւ հրատարակվում է նաեւ ֆրանսերեն: Ակնունին նույնպես հրաշալի թարգմանություններ է կատարել Գարշինից, Սալտիկով-Շչեդրինից եւ ուրիշներից: Բազմազան է եղել Ակնունու հայրենանվեր գործունեությունը որպես հասարակական գործիչ: Նշենք միայն, որ նրա նախաձեռնությամբ է 1910թ. ստեղծվել Հայ օգնության միությունը (ՀՕՄ), որի 100-ամյակը լրացավ այս տարի: 80-ական թվականներին դեռեւս կարելի էր հանդիպել հօմուհիների, որոնք իրենց հիշողություններով լրացնում, ամբողջացնում էին այդ հրաշալի մարդու կերպարը: Նրանք անձամբ ճանաչել են Մալումյանին՝ որպես կազմակերպության հիմնադրի:
1907թ. ՀՅԴ ընդհանուր ժողովը Ակնունուն պատվիրակ է առաջադրում Թուրքիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների վեհաժողովին, որին նա գործուն մասնակցություն է ունենում: Արդյունքը՝ Օսմանյան կայսրության սահմանադրության վերահրատարակումն էր:
1921թ. Ակնունին շրջագայում է Հյուսիսային Ամերիկայի երկրներում, Եգիպտոսում, Լիբանանում, կարդալով հայոց հարցի վերաբերյալ բանախոսություններ: 1915թ. Ակնունին ձերբակալվում է եւ դառնում Մեծ եղեռնի զոհերից:
Այդ նույն թվականին հայ մշակութային գործիչ, Թիֆլիսի «Հորիզոն» թերթի խմբագիր Միքայել Վարանդյանը, Երեւան կատարած իր ուղեւորությունից հետո, «Ճամփորդի նոթեր» հոդվածում գրում է. «Ո՞ւր եք դուք, իմ հեգ ընկերներ, որ դեռ երեկ ձեր գրչով ու խոսքով, ձեր կենսուրախ եւ բարձրաթռիչ քարոզներով կենդանացնում էիք Ստամբուլի անշարժ, ճահճահոտ մթնոլորտը… Ո՞ւր եք, ի՞նչ եղաք, իմ տարաբախտ ընկերներ, Մալումյան, Վարդգես, Ռուբեն, Սարգիս, Գարեգին, Վարուժան եւ ուրիշներ… Ո՞ր ժանտահոտ զնդանում, ո՞ր արյունոտ վիհի մեջ…»:
Հայտնի է միայն, որ մահից առաջ Մալումյանը Օսմանիայում երեք օրով հյուրընկալվել է Գառնիկ Չատիճյանի տանը՝ Գարեգին Խաժակի եւ Ռուբեն Զարդարյանի հետ:
Ցավոք, Մալումյանը չի ամուսնացել, ժառանգներ չի ունեցել, իսկ նրա հարազատներին ժամանակին բանտարկել են կամ աքսորել: Ինձ հաջողվել է 1991թ. հանդիպել նրա եղբոր թոռանը՝ Ժորա Մալումյանին, որը հիմա կնքել է իր մահկանացուն: Նրա պատմածի համաձայն, իրենց ընտանիքը շատ է տուժել ճանաչված բարեկամի պատճառով: 1937թ. նա եղել է 11 տարեկան, բայց լավ է հիշում իր հոր պատմածները հորեղբոր մասին: Շատ էր ափսոսում, որ հոր բանտարկությունից հետո վախից ոչնչացրել են Ակնունու լուսանկարները, գրքերը, բոլոր իրերը: Նա չէր մոռացել, որ մանկության տարիներին իրեն անվանում էին դաշնակցականի տղա: Տատն ու հորաքույրը պատմել են, որ Խաչատուրը եղել է վերին աստիճանի բարեկիրթ, բարյացակամ եւ գթասիրտ անձնավորություն:
Ակնունու հայրը եղել է ունեւոր մարդ եւ երբեմն պարտքով փող է տվել համագյուղացիներին: Երբ Խաչատուրը կարճատեւ այցով տուն էր վերադառնում եւ տեսնում այդ մուրհակները, անմիջապես պատռում էր դրանք եւ ասում. «Հայրիկ, եթե նրանք փող ունենային, քեզնից պարտք չէին վերցնի: Դու ունեւորներից միայն պահանջիր քո գումարը եւ ոչ թե աղքատներից»:
Դարասկզբին Մեղրիում փող են հանգանակել ս. Աստվածածին եկեղեցու վերակառուցման նպատակով: Երբ նամակով հարազատները հայտնել են Ակնունուն, նա ուղարկել է որոշակի գումար եւ խնդրել այն նվիրաբերել եկեղեցուն: Այժմ քչերը գիտեն, որ այդ եկեղեցու խորաններից մեկը կառուցվել է նրա գումարով: Մինչդեռ խորանի մակագրությունը հավաստում է, որ այն կառուցվել է «քույր եւ եղբայր Մալումյանների նվիրատվությամբ»: Թերեւս տեղին կլինի հիշեցնել Մեղրու քաղաքապետարանին, որպեսզի մեր ճանաչված հայրենակցի անունով կոչվի քաղաքի փողոցներից կամ մերձակա գյուղերի դպրոցներից որեւէ մեկը: Ակնունին չպետք է մոռացված լինի իր հայրենիքում:
Պատկերացնելու համար Ակնունու սուր, կտրուկ եւ երգիծական գրելաոճը, բավական է միայն կարդալ նրա գրած «Ոճրագործը գահի վրա է» հոդվածը, որում ներկայացվում է Աբդուլ Համիդի կերպարը: «Ոճիրը նրա աստվածն է: Համիդը ոճրագործ է իբրեւ եղբայր, ամուսին, բարեկամ, մտերիմ, պալատական, իբրեւ կրոնի ներկայացուցիչ, պետության գլուխ»,- գրում է նա: Համիդի ընտանիքը Ակնունին անվանում է ընտանեկան սպանդանոց, պալատը՝ պալատական սպանդանոց եւ պետությունը՝ պետական սպանդանոց: 25 տարի գահակալած ոճրագործ միապետին նա համեմատում է երեք ամենախոշոր հրեշների՝ Ներոնի, Բորջիայի եւ Չինգիզ խանի հետ:
Հոդվածի վերջում Ակնունին ժողովրդին հատուցման վրեժի է կոչում. «Վրեժ… այն գերեզմանների համար, որ Հայաստան է կոչվում, վրեժ այն սպանդանոցի համար, որի ճակատին գրված է Թուրքիա: 25 տարի է արյունը հոսում է սուլթանական գահի տակ, թող մի անգամ էլ, եւ գուցե վերջին անգամ, գնա դեպի գահը… Վրե՜ժ, վրե՜ժ…
Դա է նահատակների միակ կտակը, կտակ սրբազան եւ պարտադիր՝ գրված կույսերի հոշոտված մորթի վրա, թոթովախոս մանուկների անմեղ արյունով…»:
Պահպանվել է Ակնունու «Խոսք երախտիքի՝ հայրենակցիս» նամակ-ողջույնը ՀՅԴ Ամերիկայի շրջանի պատգամավորական ժողովին՝ գրված 1911թ. դեկտեմբերի 10-ին (շուրջ 90 տարի առաջ). «Նայեցեք միշտ դեպի երկիր եւ հավատացեք նրա ապագային. միշտ էլ քաղաքական կարմիր ամպերը նորից կուտակվում են, բայց ազատության վերելքը, թեեւ համրաքայլ, անդիմադրելի է: Եվ ես հավատք ունեմ, ապառաժ հավատք, որ շատ տարիներ չանցած շատերը ներկա սերնդից, նույնիսկ ձեր փոքրիկ ժողովից, նրանք, ովքեր դեռ սպիտակ մազ չունեն եւ բախտ ունեն, այժմ թոթովախոս եւ անվստահ, կմեծանան, կբարձրանան քաղաքական պայքարի սանդուղքները եւ կերթան բազմելու հայ ժողովրդի ներկայացուցչական ժողովի, հայկական պառլամենտի մեջ, մոտակա իջեւանը՝ քաղաքական մեր հաղթանակի: Ու եթե մի օր ձեզանից մեկը, իմ ընկերներ, արժանանա այդ չքնաղ բախտին, թող հիշի, որ իմ ասածը մարգարեություն չէր, այլ միայն հավատ, անխախտ հավատ դեպի այն ճամփան, որ թեեւ արյամբ ներկված, միշտ առաջնորդում է դեպի աշխատանքի եւ գաղափարի հաղթադաշտը»:
Իրոք, հզոր մարգարեական կանխատեսումներ են, որոնք այսօր իրականություն են դարձել: Մեզ մնում է միայն հարգանքի, երախտագիտության տուրք մատուցել մի մարդու հիշատակին, որի ծննդյան 150-ամյակը լրացավ այս տարի եւ աննկատ անցավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել