Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարորդը եւ ծխախոտը

Դեկտեմբեր 18,2010 00:00

\"\"Հայտնի է ալկոհոլի վտանգավորությունը վարորդի համար, իսկ ի՞նչ վտանգ է ներկայացնում ծխախոտը այս հարցում

Ապացուցված է, որ փակ պատուհանով ավտոմոբիլում ծխախոտ ծխելը նույնքան վտանգավոր է, որքան ալկոհոլային խմիչք խմած լինելը: Ծխելուց 5-10 րոպե անց ուղեղի նիկոտինային թունավորման հետեւանքով թուլանում են մարդու մկանային ուժը եւ ուշադրության կենտրոնացումը, վատանում են շարժումների համաձայնեցվածությունն ու ճշգրտությունը, խախտվում են աչքաչափն ու գունազգացողությունը, դանդաղում են ռեակցիան ու արագորեն որոշում կայացնելու ունակությունը:
Այս ամենը նպաստում են վարորդի մտավոր ու ֆիզիկական հոգնածության զարգացմանը, ուստի եւ ճանապարհատրանսպորտային վթարի առաջացմանը:
Ծխելու ընթացքում վարորդը ծխախոտն ու վառիչը վերցնելիս ու դնելիս, վառելիս ու հանգցնելիս, մոխիրը թափելիս հաճախակի շեղում է ուշադրությունը իր հիմնական գործից եւ հաճախ էլ հարկադրված լինում ավտոմոբիլը ղեկավարել միայն ձախ ձեռքով, ինչը անթույլատրելի է:
Ծխելու հետ կապված գործողությունները կատարելիս վարորդը հաճախ հայացքը շեղում է ճանապարհից ու մեքենայից դեպի ծխախոտատուփը, գլանակը, վառիչը, մոխիրը, մոխրամանը: Իսկ եթե հաշվի առնենք մեքենայի արագությունն ու վթարի անսպասելիությունը, ապա պարզ կդառնա, թե որքան վտանգավոր է ուշադրության թուլացումը կամ հայացքի թեկուզեւ վայրկենական շեղումը:
Ավտոմոբիլ վարելու ընթացքում ծխելը առավել վտանգավոր է գիշերը, երբ ավելի է դժվարացած տեսանելիությունը, առավել եւս, եթե ավտոմոբիլն ունի մուգ դիմապակի:
Վիճակագրական տվյալներով, վարորդի անուշադրության հետեւանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների շարքում ծխելը գրավում է 3-րդ տեղը:
Ավստրիայում, օրինակ, ծխելու հետեւանքով տարեկան գրանցվում է շուրջ 2500 լուրջ ավտովթար, որոնց զգալի մասը արժենում է նաեւ մարդկային կյանքեր:
Ավելորդ է ասել, որ լուցկին ու ծխախոտը հանդիսանում են բազմաթիվ այրվածքների, հրդեհների ու պայթյունների պատճառ ավտոմոբիլում, ավտոտնակում, ավտոտնտեսությունում, բենզինի ու գազի լցակայաններում:
Ծխախոտի ծուխը վնասակար է նաեւ ավտոմոբիլում գտնվող անձանց, հատկապես կանանց ու երեխաներին։
Մի խոսքով, մեքենա վարելու ընթացքում ծխած նույնիսկ մեկ գլանակը կարող է ճակատագրական լինել թե՛ վարորդի եւ թե՛ այլոց համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել