Երեկ «Armsport.am»-ը «ԱրմենՏել» ընկերության հովանավորությամբ «Արենա» բոուլինգի ակումբում անցկացրեց զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների միջեւ անհատական մրցաշար:
Տասից ավելի ԶԼՄ-ների 25 աշխատակիցներ պայքարեցին հաղթողին եւ մրցանակակիրներին որոշելու համար: Մրցաշարի կազմակերպիչ «Armsport.am»-ը տեղեկացնում է, որ մասնակիցները բաժանվել էին հինգ ենթախմբի, որոնցից յուրաքանչյուրում երեք առաջին տեղերը զբաղեցնողները, կանոնակարգի համաձայն, պայքարը կիսաեզրափակիչում շարունակելու իրավունք էին ստանում, իսկ եզրափակիչ անցնում էին այդ փուլում առաջին տեղերը գրավողները: Մրցաշարի մեկնարկից առաջ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կազմակերպիչներին մտահոգություն հայտնեցին, թե տղաների հետ հավասար պայմաններով մրցակցելը, հնարավոր է, արդար ավարտ չունենա, քանի որ, իրենց պատկերացմամբ, արական սեռը պետք է որ ավելի լավ հանդես գա: Սակայն նրանց բացատրվեց, որ սեռը այս մարզաձեւում նշանակություն չունի, եւ արդեն կազմակերպված տարբեր մրցումներն ապացուցել են, որ աղջիկները, որպես կանոն, հաճախ արդյունքներով գերազանցում են տղաներին: Մոտավորապես այդպես էլ եղավ երեկվա մրցումում, որի եզրափակչի հինգ մասնակիցներից երկուսը հենց աղջիկներ էին: Վճռական փուլում պայքարը շարունակեցին Աշոտ Հայրապետյանը («Ազգ» օրաթերթ), Աննա Թադեւոսյանը եւ Արտյոմ Հայրապետյանը (երկուսն էլ՝ «Armsport. am») եւ առավոտցիներ Զառա Ավագյանն ու Աշոտ Հակոբյանը: Հաղթողի կոչման համար պայքարն ընթացավ հիմնականում Արտյոմ Հայրապետյանի եւ Աշոտ Հակոբյանի միջեւ, որում հաղթեց «Առավոտի» ավելի փորձառու ներկայացուցիչը, ում էլ «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլեյանը հանձնեց սահմանած գլխավոր մրցանակը՝ «Nokia 58 00» հեռախոս: Մրցանակային հաջորդ երկու տեղերը գրաված մասնակիցներին եւս հանձնվեցին արժեքավոր նվերներ, իսկ բոլոր մասնակիցներին՝ հուշանվերներ:
Միջոցառմանը մասնակցած լրատվամիջոցների բոլոր աշխատակիցները ցանկություն հայտնեցին, որպեսզի նախաձեռնությունը դառնա ավանդական: