Լրահոս
Օրվա լրահոսը

«Օյինբազություն եւ լկտիություն»

Դեկտեմբեր 18,2010 00:00

\"\"«ԱԼՄ»-ի եթերազրկումն այսպես է որակում Կարապետիչը

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ)  որոշումը  «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ  ակնհայտ կեղծիք  որակեց՝ նշելով, թե  նախապատվությունը «Երեւան» հեռուստաընկերությանը տալով՝  հանձնաժողովը լկտիաբար իրենց զրկել է եթերից: Ասուլիսի ժամանակ, Կարապետիչը վստահեցրեց, թե «Երեւան» հեռուստաընկերության համեմատությամբ «ԱԼՄ»-ն առավելություններ ուներ. «Հանձնաժողով ներկայացրած փաթեթում կարեւոր 6 կետերն էլ բավարարել ենք: Ինչպե՞ս չասեմ՝  մեր ֆինանսական ներդրումը 600 միլիոն դրամ է, «Երեւան TV»-ինը՝ 400: Ես ունեմ 83, իսկ «Երեւանը»՝ 42 աշխատող: Եվ, ի վերջո, մենք շենք ունենք, նրանք՝ ոչ: Դե թող պարոն Ամալյանը հետս նստի ու ապացուցի, ոչ թե Պետրոս Ղազարյանի եթերով խոսի»: Ըստ Տ. Կարապետյանի, ՀՌԱՀ որոշումը քաղաքական էր, վերջին պահին հանձնաժողովին «վերեւներից» զանգել ու կարգադրել էին. «Ամալյանը կամակատար է, ի՞նչ անի էդ խեղճ մարդը, բայց առաջիկայում Ամալյանի նկարը շատ սիրուն կփակցնեմ իմ ամսագրում»: Նրա խոսքով, այսօր իշխանություններն առաջնորդվում են «ով մեզ հետ չէ,  մեր դեմ է» կոմունիստական գաղափարախոսությամբ. «Գնում ենք դեպի բռնապետություն: Մենաշնորհված են բիզնեսը, քաղաքական դաշտը, ՏԻՄ-երը, հեռուստատեսության համակարգը եւ ընդհուպ՝ ընդդիմությունը»: Կարապետիչն ասաց, որ չի հանձնվելու, պայքարելու են մինչեւ վերջ, առաջիկայում էլ խաչերով մոմավառություն կկազմակերպեն. «Չարին հենց տեսնեմ՝ խաչն եմ դեմ տալու… ես երեւանցի եմ ու էդ օյինբազությունները չեմ ընդունում»: Նա ասաց, թե ընկճված չէ ու  հասկանում է՝ ինչու են նախընտրական ժամանակահատվածում իր ձայնը կտրել. «Արտոնագիր չունեմ, չեմ լինելու եթերում, բայց մարդկանց  երես առ երես եմ  հանդիպելու, կշփվեմ կենդանի, on-line, տեսնեմ՝ դա՞ ոնց կարգելեն: Գնալու եմ մինչեւ Եվրոդատարան»: Տ. Կարապետյանը նաեւ խոստովանեց, որ արդեն դիմել է ռուսաստանաբնակ ընկերների օգնությանը. «Նրանք խոստացել են մի քանի միլիոն դոլարի չափով օգնել, ու ես կգնեմ մարզային հեռուստաընկերություն կամ էլ ձգտեմ լինել որեւէ հեռուստաալիքի փայատեր, որ ունենամ լիարժեք եթեր ու հաճույք չպատճառեմ այն մարդկանց, որոնք փորձեցին ազատ խոսքի դեմն առնել»: Ինչ վերաբերում է «Ա1+»-ին հերթական անգամ եթեր չտրամադրելու հանձնաժողովի որոշմանը, պարոն Կարապետյանին դա չի զարմացրել. «Եթե «Ա1+»-ին եթեր տային, իշխանությունները  կընկնավորվեին, դա հեղափոխության նման բան կլիներ»: Վերջին շրջանում պետական համակարգում տեղի ունեցող կադրային փոփոխություններն էլ,  պարոն Կարապետյանի համոզմամբ, նշանակում է՝ իշխանությունները լավագույնս պատրաստվում են ընտրություններին. «Իշխանությունն իր մարմնի մեջ էլ պայքար ունի, օրինակ, արդարադատության նախարարը որոշակի կապերի մեջ էր Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ, ու սա վստահություն չէր ներշնչում: Իշխանությունը իր մեջ ներառում է այն մարդկանց, որոնք քաղաքականապես արդեն վարկաբեկվել են, չեն կարողանում իրենց սեփական խաղը խաղալ ու խաղալու են հավաքական իմիջի վրա: Ոմանք ձգտում են իրենց խաղը խաղալ առանձին ու պատժվում են: Խոսքը մասնավորապես Գագիկ Բեգլարյանի մասին է: Երեւանցին էստեղ տեղ չունի, իսկ ահա   նոր քաղաքապետը՝ պարոն Կարապետյանը,  խնդիր չի ունենա, նա ղարաբաղցի է, ղեկավարել է «ՀայՌուսգազարդը», հիմա էլ կղեկավարի  Երեւանը, Ստեփանակերտը… Ինչու՞ է վարչապետը երկարակյաց, որովհետեւ հրահանգներ կատարող է, դեռ  երկար կաշխատի»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել