Դեկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Պետրոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին նվիրված համերգ:
Ռ. Պետրոսյանը ժամանակին ստեղծել է մի շարք էստրադային, ժողովրդական համույթներ, զուգահեռաբար զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Նրա 77 ստեղծագործություն արժանացել է ԽՍՀՄ եւ հանրապետական մրցանակների: Կոմպոզիտորի 300-ից ավելի հեղինակային եւ 300 մշակած ու գործիքավորած ստեղծագործություններ համալրել են Ազգային ռադիոյի ձայնադարանը:
Ինչպես երեկվա ասուլիսում նշեց համերգի կազմակերպիչ, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարիամ Շահինյանը, ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարականն է եղել հոբելյանական երեկոն, ինքն էլ ուրախությամբ համաձայնել է: «Այսպիսի ծրագիր մենք իրականացնում ենք առաջին անգամ եւ մեծ պատասխանատվության զգացումով: Ռոբերտ Պետրոսյանը մի կոմպոզիտոր է, որը հարուստ ժառանգություն է թողել տարբեր ժանրերում: Նա ունի ե՛ւ կամերային, ե՛ւ սիմֆոնիկ, ե՛ւ երգչախմբային, ինչպես նաեւ էստրադային գործեր»,- ասաց Մ. Շահինյանն ու հավելեց, որ հոբելյանական երեկոյի ընթացքում հնարավորինս կփորձեն ներկայացնել կոմպոզիտորի բոլոր ժանրերով գրած ստեղծագործությունները, կցուցադրվի վավերագրական ֆիլմ՝ արվեստագետի մասին:
Մ. Շահինյանը հայտնեց նաեւ, որ համերգին կմասնակցեն «Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ, ով տարիներ շարունակ աշխատել է կոմպոզիտորի հետ: Երեկոյին կմասնակցեն Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի, շեփորահարների անսամբլը՝ Ջոն Սարգսյանի եւ «Արեւիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբը՝ Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ 1979-ին ստեղծված «Արեւիկի» հիմնադիրը Ռոբերտ Պետրոսյանն է: Նա մինչեւ 1986 թ. ղեկավարել է այն:
Մ. Շահինյանը լրագրողներին իր մտահոգությունը հայտնեց որոշ երգչախմբերի անտարբերության վերաբերյալ. «Մենք մի քանի երգչախմբերի դիմեցինք, որպեսզի մասնակցեն համերգին, սակայն, չգիտես ինչու, բացասական պատասխան ստացանք»:
Տիկին Շահինյանը լրագրողներին հայտնեց, որ համերգին կամերային երաժշտություն չի հնչի, քանի որ իրեն չի հաջողվել կապ հաստատել կամերային նվագախմբի հետ: