Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՆ՝ ԳՆԴԱՍԵՂԻ ԳԼԽԻԿԻՑ, ՏԱՆԿԸ՝ ՑՈՐԵՆԱՀԱՏԻԿԻՆ

Դեկտեմբեր 18,2010 00:00

\"\"Մանրաքանդակագործ Էդուարդ Ղազարյանը շարունակում է հրաշքներ գործել

Օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպվել էր մեծարման երեկո՝ նվիրված ճանաչված արվեստագետ, 87-ամյա Էդուարդ Ղազարյանի ստեղծագործական կյանքին: Նրա մասնագիտությունը հրաշքներ ստեղծելն է. մանրաքանդակագործ է, ջութակահար, երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ, ծաղրանկարիչ, գիտնական-գյուտարար: Վերստեղծել ու նորացրել է արվեստի մի բարդ եւ հազվագյուտ բնագավառ՝ մանրաքանդակագործությունը: Իսկ մանրաքանդակագործության մեջ Ղազարյանը նոր ուղղություն է հիմնադրել՝ շարժական միկրոքանդակագործությունը: Նա ստեղծել է «Վիոլա պամպոզա» ալտը, «Չարլի Չապլինի» նմանակը՝ ասեղի անցքում, գնացքը մարդկային մազի մեջ եւ այլն: Էդուարդ Ղազարյանը նաեւ ծաղրանկարիչ է: Իր բազմաթիվ ցուցահանդեսների ժամանակ նա մի քանի վայրկյանում նկարում է դիմանկար-ծաղրանկարներ եւ նվիրում այցելուներին: Էդ. Ղազարյանը ստեղծել է 1000-ից ավելի միկրոքանդակներ, 600 երաժշտական գործիք, նկարել է 1,5 մլն ծաղրանկար, ունեցել է 30000 համերգ:
Էդ. Ղազարյանը իր հրաշագործ ունակությունները օգտագործում է նաեւ գիտության ասպարեզում, մասնավորապես՝ բժշկագիտության: Նա աշխատել է հայտնի նեյրովիրաբույժ Էդուարդ Կլանդերի հետ, նրա համար պատրաստելով իր իսկ հորինած օղակները՝ ուղեղի բարդ վիրահատությունների ժամանակ պատռված անոթները միացնելու համար: Հետագայում Կլանդերը մամուլում մի հոդված է տպագրել այդ աշխատանքի մասին, այն անվանելով աշխարհի «ութերորդ հրաշալիք»: Պարոն Ղազարյանը առաջին ջութակը պատրաստել է 13 տարեկանում, ստեղծել ազգային եւ բազմապիսի լարային նվագարաններ՝ նորացնելով հները, պատրաստելով նորերը: Առաջին փոքրիկ ջութակը լուցկու տուփի չափ էր, հետագայում 14 մմ-անոց ջութակ ստեղծեց, որը կշռում էր 0,5 գրամ: Մաեստրոյի գլուխգործոցը նրա «Վիոլա պամպոզան» է՝ զարմանահրաշ գործիք, որ պատրաստված է ընդամենը մեկ կտոր փայտից: 1724 թվականին հանճարեղ Բախն այն ժամանակների ջութակի վարպետ Հոֆմանին մի ալտ է պատվիրում, որը հզոր ձայն պետք է ունենար, սակայն այնքան էլ գոհ չի մնում գործիքից, որը հետագայում դառնում է թանգարանային ցուցանմուշ: Հոֆմանի այդ գործիքը կոչվում էր «Վիոլա պամպոզա»: Էդ. Ղազարյանը ուսումնասիրում է այն, գտնում սխալներն ու թերությունները եւ պատրաստում նույնատիպ մի ջութակ:
ՀՀ մշակույթի նախարարությունը արժանավույնս գնահատելով բազմաշնորհ արվեստագետին՝ նրան արժանացրել է ոսկե մեդալի:
Մեր հարցին՝ ինչպես հղացավ շարժական աշխատանքներ պատրաստելու միտքը, Ղազարյանը պատասխանում է. «Երբ միկրոբները կերան գնդասեղի ծայրի գնդիկից պատրաստված իմ օպերայի շենքը, որոշեցի ինքս ստեղծել այդ շարժումը»: Նաեւ հավելեց, որ իր առաջին միկրոքանդակը ստեղծել է 1939 թ.-ին, եւ դա ցորենի հատիկ էր՝ վրան սոսնձված պողպատե տրակտոր, որի չափսերը այդ նույն հատիկից չորս անգամ փոքր էին: Ընդ որում՝ ցորենի այդ հատիկն էլ ամրացված էր ասեղի ծայրին:
Իսկ ամենաերկարը՝ շուրջ 1,5 տարի, աշխատել է «Գուլիվերը եւ լիլիպուտները» միկրոքանդակի վրա, որը բաղկացած է 200 միկրոֆիգուրներից: Ամեն նոր միկրոքանդակ պատրաստելիս ի՞նչ է մտածում: «Ամեն գիշեր քնելիս՝ Արարիչը միտք է տալիս, գիշերվա երկուսին, երեքին, չորսին, ես էլ այդ միտքը գրում եմ ինձ մոտ, որ չմոռանամ: Առավոտյան արթնանում եմ եւ սկսում եմ պատրաստել»,- պատասխանում է արվեստագետը:
Հ. Գ. Էդուարդ Ղազարյանն ասաց, որ պատրաստվում է ապրել 154 տարի եւ դրա համար յուրահատուկ սննդակարգ է մշակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել