Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժեշտ թուղթ ու գրչին

Դեկտեմբեր 18,2010 00:00

\"\"Համակարգչային ծրագիր՝ դպրոցների համար

Հայաստանի դպրոցներում ինֆորմատիկա առարկան դասավանդվում է 6-12-րդ դասարաններում: Աշակերտները ուսումնառության ընթացքում ձեռք են բերում համակարգչով աշխատելու հմտություններ, սակայն նրանց չի տրամադրվում դպրոցական տարիքին համապատասխան համակարգչային ուսուցողական պարզ եւ մատչելի այնպիսի միջավայր, որտեղ կկարողանան կիրառել իրենց տեսական գիտելիքները՝ լուծել խնդիրներ, կատարել ինքնուրույն համակարգչային փորձեր, հետազոտություններ եւ այլն: Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցներում այս բացը լրացնելու համար, ՀՀ կառավարության որոշմամբ, 4 ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում է ներդնել «LOGO MicroWorlds EX » համակարգչային ուսումնական միջավայրը, որի շրջանակում կկատարվեն մի շարք աշխատանքներ՝ ուսուցիչների վերապատրաստում եւ այլն:
Երեկ ԿԳՆ-ում ներկայացվեց առաջին հայալեզու մանկապատանեկան գրաֆիկա-անիմացիոն կրթական ծրագիրը:
Ըստ ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի` գիտատեխնիկական նվաճումները, որոնք մասնավորապես դրսեւորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, դրդում են անցնել նոր կենսակերպի. «Առիթ ունենալով հանդիպել տարբեր ուսուցիչների, նաեւ կրթության ոլորտի պատասխանատուների ներկայացուցիչների հետ, մի կողմից քմծիծաղով, մյուս կողմից զարմանքով ու վրդովմունքով, նաեւ ինքնաքննադատաբար նկատում եմ, որ մեր սերունդը հետ է մնում՝ շարունակում է աշխատել թղթով ու գրչով: Մեր հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս բոլոր տեսակի էլեկտրոնային միջոցներով հաղորդակցմանը: Հայ ազգի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ պետք է աշխարհում ոչ թե նոր նվաճումները կիրառել, այլ փորձել առաջիններից մեկը լինել այս ոլորտում»: «Լոգո» ծրագրային փաթեթն աշխարհում իր տեսակի մեջ ամենատարածված եւ հաջողված ուսուցողական միջավայրն է: Աշակերտն այս միջավայրում կարող է գրել, նկարել, ստեղծել իր սցենարով գրված մուլտֆիլմ, հորինել երաժշտություն, խոսեցնել հերոսներին եւ այլն: Ծրագիրն առաջինը ներդրվել է «Քվանտ» վարժարանում, որի ջանքերով ավարտվել է տեղայնացման աշխատանքների առաջին փուլը:
Վարժարանի փոխտնօրեն Մասիս Սարգսյանը հայտնեց, որ ծրագրի համար կստեղծեն կառավարման խորհուրդ, որտեղ հանդես կգան բոլոր շահագրգիռ կողմերը. «Ծրագրի օգնությամբ աշակերտը կառավարում է համակարգիչը, այստեղ հաղթահարվում է այն վախը, որ կոմպյուտերացումը կբերի ինչ-որ բարդ պրոցեսների, ուսուցիչը դուրս կմղվի դասապրոցեսից կամ աշակերտը համակարգչի գերին կդառնա»: Երեկվա հանդիպման ժամանակ ներկայացվեցին անհրաժեշտ ծախսերի գումարները եւ դրանք հայթայթելու ուղիները: 215 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ ծրագրի լիցենզիան ունենալու, մի քանի տարվա update-ները (թարմացումները) ապահովելու համար: Ունենալով կոդը՝ հայ մասնագետները հնարավորություն կունենան ավելացնել ծրագրավորման նոր գործիքներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի կարծիքով, 250 հազար ԱՄՆ դոլար գումարը ձեռք բերելու համար անհրաժեշտ է որոշել ճիշտ բիզնես-մոդելը: Ըստ նրա, գումարները պետք է ներդրվեն հենց դպրոցների միջոցներից: Յուրաքանչյուր դպրոց կարող է ընդամենը 50000 դրամի ներդրում կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել