Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր: Այդ նույն օրը եզրափակվեց մարդու իրավունքներին նվիրված 16-օրյա միջոցառումների շարքը,
որոնք սկսվել էին նոյեմբերի 25-ին` Կանանց դեմ բռնությունների վերացման միջազգային օրը:
Կանանց դեմ բռնություններին վերջ դնելը մեկ օրվա գործ չէ եւ ոչ էլ անգամ՝ մեկ տարվա: Այն պահանջում է կառավարության բոլոր օղակների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների եւ քաղաքացիական առաջնորդների համատեղ ջանքերը: Եվ, որ ամենակարեւորն է, այն պահանջում է կանանց ամենամեծ դաշնակիցների՝ տղամարդկանց լիարժեք մասնակցությունը:
Աշխարհում յուրաքանչյուր երեք կանանցից մեկն իր կյանքում ենթարկվում է գենդերային բռնության: Որոշ երկրներում բռնությունների ենթարկված կանանց թիվը հասնում է մինչեւ 70 տոկոսի: Որտեղ էլ դա տեղի ունենա՝ փակ դռների ետեւում, թե հրապարակավ, կանանց դեմ բռնություններն անդրադառնում են բոլորի վրա՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Երբ կանանց հանդեպ բռնություններ են տեղի ունենում, փակվում են բիզնեսներ, եկամուտներն են նվազում, ընտանիքները քաղցի են մատնվում, իսկ երեխաները հասակ են առնում բռնություն ծնող հայացքների ու համոզմունքների ներքո: Այն միջավայրը, որն ապահով չէ կանանց համար, ապահով չէ եւ ոչ մեկի համար: Մյուս կողմից էլ, աղջիկների պաշտպանությունն ու կրթությունը նպաստում է տնտեսական աճին եւ օգնում է, որ ողջ երկիրը ծաղկում ապրի:
Այսպիսով, տղաներն ու տղամարդիկ պետք է շահագրգռված լինեն՝ վերջ տալու կանանց դեմ բռնություններին: Նրանք նաեւ բացառիկ հնարավորություն ունեն օգնելու այդ հարցում: Այն հասարակություններում, որտեղ կանայք մեկուսացված են, տղամարդիկ կարող են զբաղվել հավասարության ու բռնության վերացման խնդիրներով: Ես հաճախ եմ ասում, որ պետք է մեծացնել կանանց դերը հասարակությունում, քանի որ ոչ մի երկիր չի կարող տնտեսական առաջընթաց ապրել, եթե իր ռեսուրսների կեսը չի օգտագործում: Նույն կերպ, ոչ մի երկիր կանանց դեմ բռնությունները չի կարող վերացնել, եթե բնակչության կեսը կողքի է քաշվել:
Կան բազմաթիվ պատմություններ, որ ցույց են տալիս, թե ինչպես տղամարդիկ եւ տղաները կարող են հանդես գալ գենդերային բռնությունների դեմ: Սենեգալում «Տոստան» հ/կ-ն աշխատում էր կանանց թլպատման ավանդույթի վերացման ուղղությամբ: Այս խիստ ցավոտ միջամտությունը կարող է հանգեցնել արյունահոսության, ինֆեկցիաների, ծննդաբերական վտանգների, անպտղության եւ անգամ մահվան: «Տոստանը» հասկանում էր, որ դարավոր ավանդույթին վերջ դնելու համար հարկ կլինի միահամուռ որոշում ընդունել՝ տղամարդ առաջնորդների մասնակցությամբ: Նրանք կազմակերպեցին քննարկումներ գյուղում, որպեսզի տղամարդիկ ու տղաները լսեն իրենց մայրերի ու քույրերի պատմություններն այն մասին, թե ինչքան ցավոտ է եղել այդ միջամտությունը եւ ինչ հետագա առողջական խնդիրների է հանգեցրել: Ի վերջո, գյուղը քվեարկեց այդ պրակտիկային վերջ դնելու օգտին:
Դրանով, սակայն, պատմությունը չավարտվեց: Տղամարդ առաջնորդները հետո այցելեցին այլ գյուղեր, բացատրեցին կանանց թլպատման հետ կապված վնասները, եւ այդ գյուղերում նույնպես որոշեցին վերջ տալ դրան: Երկու տարուց Սենեգալում օրենք ընդունվեց, որով արգելվեց կանանց թլպատումը, իսկ «Տոստանը» այսօրվա դրությամբ օգնել է վերացնել այդ ավանդույթը Սենեգալի, Գվինեայի, Գամբիայի, Բուրկինա Ֆասոյի եւ Սոմալիի ավելի քան 5000 համայնքներում:
Աֆղանստանում տղամարդ քաղաքացիական ու կրոնական առաջնորդներն օգնում են բարձրացնել իրազեկվածության մակարդակն ու փոխել կանանց հանդեպ արմատացած վերաբերմունքը: Հատկապես հետաքրքրական է Ջալալաբադի տեղական մուֆտիի օրինակը: Տարիներ շարունակ նա քարոզում էր, որ մարդու իրավունքները պարտադրվում են Արեւմուտքի կողմից, որը հակասում է մահմեդականությանը: Հետո նա 250 այլ աֆղանստանցի առաջնորդների հետ միասին մասնակցեց աշխատաժողովի, որը մահմեդական սկզբունքների համատեքստում ներկայացնում էր կանանց, ընտանիքի եւ երեխաների իրավունքները: Քննարկումներում կարեւորվեցին գենդերային հավասարության եւ մահմեդականության մեջ բազմազանության հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության դրսեւորումների օգուտները: Այսօր մուֆտին ոչ միայն փոխել է իր համոզմունքները, այլ նաեւ բարձրաձայնում է իրավունքին առնչվող հարցերն ուրբաթ օրվա քարոզների ընթացքում եւ տեղական ռադիոյի եթերում: Նա դարձել է Աֆղանստանում կանանց իրավունքների հզոր ջատագով:
ԱՄՆ պետքարտուղարությունը ձեռնարկում է քայլեր տեղերում. աշխատելով հ/կ-ների հետ՝ ապահովվում է տղամարդկանց մասնակցությունը կանանց դեմ բռնությունների կանխման հարցում, խթանվում են տնտեսական եւ ձեռնարկատիրական հնարավորությունները կանանց համար, իրականացվում են խաղաղապահների ուսուցումներ գենդերային բռնությունների շուրջ իրազեկման ու կանխարգելման ուղղությամբ: Այնպիսի վայրերում, ինչպիսին է Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, որտեղ զանգվածային բռնաբարություններն օգտագործվում են որպես պատերազմական գործիք, մենք աշխատում ենք, որպեսզի օգնենք սեռական բռնությունների հետաքննման հարցում թե կանանց, թե տղամարդկանց մասնակցությունն ապահովելու գործում եւ կանանց ու աղջիկների պաշտպանության հարցը գերակայություն դարձնելու հարցում:
Նոյեմբերի 25-ը Կանանց դեմ բռնությունների վերացման միջազգային օրն է: Սա այն օրն է, երբ մենք պետք է վերահաստատենք կանանց նկատմամբ վերաբերմունքը փոխելու ու կանանց հանդեպ բռնության բոլոր տեսակներին վերջ դնելու մեր պարտավորությունը: Այս տարի նաեւ լրանում է Պեկինում կայացած ՄԱԿ-ի՝ կանանց հարցերով չորրորդ համաշխարհային կոնֆերանսի 15 տարին, որտեղ աշխարհը հայտարարեց կանանց եւ մարդու իրավունքների միջեւ կապի մասին: Այս տարի նաեւ լրանում է կանանց, խաղաղության ու անվտանգության փոխկապակցվածության մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի ընդունման 10 տարին: Սա հստակ հիշեցում է, որ գենդերային խտրականությունն ու կանանց դեմ բռնությունները վերացնելը երկարամյա պայքար է, ու մենք բոլորս միասին պետք է պայքարենք: Եթե կանայք ու տղամարդիկ աշխատեն ձեռք ձեռքի տված, ապա կկարողանանք վերջ տալ գենդերային բռնության համաճարակին, թեկուզ ամեն անգամ դա լինի մեկ անձի, մեկ համայնքի մակարդակով: