Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ավելորդ թիթիզություն»

Դեկտեմբեր 18,2010 00:00

Կրեդիտային համակարգով գնահատվելը ԵՊՀ դասախոսների մեծամասնության սրտով չէ

«Տեղյակ չեմ՝ դա ինչ ծրագիր է», «Հերթական թիթիզությունն ու գլխացավանքը», «Իբր հիմա շատ ենք հասցնում գործ անել, դրան գումարած՝ պիտի սկսենք դասընթացների՞ գնալ», «Վերեւներում դեռ չեն հոգնե՞լ ավելորդ ձեւականություններից», «Եթե այդ համակարգը ինչպես որ հարկն է կիրառվի, գուցե դրական արդյունքներ ունենա»,- «Առավոտի» հարցումը ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսների շրջանում կարծիքների մոտավորապես այսպիսի պատկեր արձանագրեց՝ դասախոսների՝ կրեդիտային համակարգով որակավորման բարձրացման ծրագրի վերաբերյալ: Այն կիրականացվի 2011-2012 ուսումնական տարվանից, ինչը բխում է ԵՊՀ 2010-2014 թթ. ռազմավարական ծրագրից: «Առավոտը» ծրագրի իրականացման մանրամասներին տեղեկացավ ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանից: Նա նկատեց. «Ռազմավարական ծրագրով սահմանված կարեւորագույն խնդիրներից է որակյալ կադրային ներուժի ստեղծումը: Համալսարանն այս ուղղությամբ ծրագրեր է իրականացրել 2002-2010թթ. ընթացքում: Այդ ընթացքում վերապատրաստել ենք տարբեր բուհերի 300-ից ավելի դասախոսներ»:
Տիկին Աղասյանը, ամփոփելով նախորդ ծրագրերը, առանձնացրեց մի շարք հիմնախնդիրներ. «Ցավոք, դասախոսական աշխատանքն այլեւս գրավիչ չէ: Այդ պատճառով էլ կորցնում ենք մեր լավագույն շրջանավարտներին, քանի որ նրանք գերադասում են աշխատել այն օղակներում, որտեղ աշխատակիցները բարձր են վճարվում: Այսօր պահանջվում է ապահովել նաեւ անգլերենով ուսուցում, իսկ մենք ունենք շատ քիչ դասախոսներ, որոնք կատարելապես տիրապետում են լեզվին: Շատ դասախոսներ թերանում են նաեւ համակարգչային հմտություններից: Դա է վկայում այն, որ դասընթացներից մեկի ժամանակ դասխոսներից մեկը, համակարգչի մկնիկը բռնելով, ասաց, թե այնպիսի զգացողություն ունի, կարծես իսկապես մուկ է բռնել»:
Դասախոսների մասնագիտական հմտություններն ու որակը բարձրացնելու համար սեպտեմբերից նրանք կգնահատվեն կրթական եւ հետազոտական-մեթոդական բաղադրիչներով, որի համար սահմանված է առավելագույն 30 կրեդիտը: Գործընթացը կտեւի 5 տարի, ինչի արդյունքում դասախոսները կմասնակցեն դասընթացների, կհանձնեն քննություններ ու ստուգարքներ՝ հավաքելով կրեդիտներ: Սա նաեւ մի յուրահատուկ ձեւ է ծույլ դասախոսներին աշխատեցնելու, քանի որ նրանցից շատերը, դոկտորի աստիճան ստանալով, իրենց գործը ավարտված են համարում՝ մոռանալով սեփական հմտությունները կատարելագործելու մասին: Հետաքրքրվեցինք՝ 30 կրեդիտ չհավաքած դասախոսին ի՞նչ ճակատագիր է սպասվում: Ժ. Աղասյանը պատասխանեց. «Քանի որ դասախոսը մեզ համար արժեք է, կրեդիտները չհավաքելու դեպքում մենք միանգամից չենք ազատվի նրանից, այլ ուղղակի չենք կնքի նրա հետ հինգ տարվա պայմանագիր»: «Առավոտի» այն դիտարկմանը՝ առանց այդ էլ կրեդիտային համակարգի նկատմամբ ուսանողների եւ դասախոսների մոտ բացասական նախատրամադրվածություն կար, ինչու՞ ընտրվեց գնահատման այս համակարգը, տիկին Աղասյանն այսպես պատասխանեց. «Ցանկացած նոր բանի ներդրում միշտ էլ հանդիպում է դժգոհությունների, դիմադրության: Իհարկե, 30 կրեդիտ հավաքելն այնքան էլ հեշտ չէ, բայց ուզում ենք, որ մեր դասախոսական կազմն ունենա այդ որակը, չէ՞ որ հավակնում ենք տարածաշրջանում կրթագիտական կենտրոն դառնալ: Իհարկե, կլինեն շատ դասախոսներ, որոնք, չկարողանալով բավարարել այս չափանիշներին, կամովին կհեռանան: Այս պարագայում կրեդիտային համակարգը ընդամենը միջոց է՝ խթանելու դասախոսի կրթական-գիտական ակտիվութունը: Ըստ այդմ՝ դասախոսների վճարման կանոնակարգի մեջ էլ կլինեն փոփոխություններ՝ կախված հավաքած կրեդիտներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել