Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՐՏՔԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ

Դեկտեմբեր 18,2010 00:00

\"\"Հինգ տարի է՝ Գյումրիի մանկավարժներն իրենց հասանելիք գումարը ստանում են 2-3 ամիս ուշացումով

Գյումրու մանկավարժական քոլեջի տնօրենի դաստիարակության գծով նախկին տեղակալ Հրաչյա Մսրյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ շուրջ 5 տարի է՝ քոլեջի տնօրինությունը աշխատավարձը ճիշտ ժամանակին չի վճարում, կան մարդիկ, որոնք ընտանիքով են աշխատում այստեղ, սակայն Նոր տարին ու արձակուրդը ստիպված են լինում անցկացնել առանց կոպեկի երես տեսնելու: Այս հարցում պարոն Մսրյանը մեղադրում է քոլեջի տնօրինությանը, որը թեեւ հավաքագրել է 1-ին կիսամյակի բոլոր վարձավճարները, սակայն իրենց գումարները ձգձգում է՝ պատճառաբանելով, թե քոլեջը 7,5 մլն դրամ պարտք ունի: «Ամեն անգամ մեզ «մութ» է մնում, թե որտեղի՞ց են գոյացել այդ պարտքերը, այսքան տարի ոչ վերանորոգման աշխատանքներ են կատարվել, ոչ համակարգիչներ գնվել ու ինտերնետ միացվել, ավելին՝ սա միակ միջին մասնագիտական հաստատությունն է, որն այսքան շատ ուսանող ունի՝ միայն 350 հոգի վճարովի համակարգում է սովորում: Որտեղի՞ց են գոյանում պարտքերը, ո՞ւր են գնում ուսանողների վարձավճարները, դրա համար կան հատուկ մարմիններ, որոնք ոչ մի անգամ չեն փորձել ստուգել ու արձանագրել պարտքի գոյացման պատճառը, եւ առհասարակ պարտքի գոյացումը չի կարող որեւէ կերպ անդրադառնալ ուսուցչի աշխատավարձի վրա»,- ասում է Հրաչյա Մսրյանը: Ըստ նրա, տնօրինությունը վայելում է ԿԳՆ հովանավորչությունը, որը պարզապես աչք է փակում այս տխուր երեւույթի վրա: Որպես օրինակ Հրաչյա Մսրյանը մեջբերում է այն փաստը, որ ինքը սեպտեմբերի 15-ին բողոք-նամակ է հղել ԿԳ նախարար Ա.Աշոտյանին, որտեղ շոշափել է նաեւ աշխատավարձերի ձգձգման խնդիրը, սակայն նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Մինասյանը, առանց որեւէ ստուգում անցկացնելու, մեկ ամիս անց, չգիտես ինչու, իր նամակի պատասխանը տալիս է՝ մեջբերելով քոլեջի տնօրենին. «Ուսումնական հաստատությունը, ըստ տնօրենի ներկայացման, նախորդ տարիներից ունեցել է ֆինանսական խնդիրներ, որը առաջացել է վճարովի համակարգի ուսանողների քիչ եւ վարձավճարների ցածր լինելու պատճառով: Աշխատավարձերի եւ կրթաթոշակների ուշացման պատճառով ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի կողմից արգելք է դրվել քոլեջի ֆինանսական միջոցների վրա: Համաձայն քոլեջի տնօրինության կողմից ներկայացված տեղեկատվության՝ կոմիտեի արգելքը հանելուց հետո վճարվել է աշխատակազմի աշխատավարձերը առ սեպտեմբերի 1-ը եւ մինչեւ հոկտեմբերի 1-ը՝ ուսանողների կրթաթոշակները»:
 Այս պատասխանը անչափ զայրացրել է պարոն Մսրյանին: «Ինչպե՞ս կարելի է այսքան բողոքներից հետո 50 հոգանոց կոլեկտիվին բանի տեղ չդնել եւ ընդամենը հարցնել տնօրենին, վերջինս էլ ներկայացնի կեղծ ինֆորմացիա: Չեմ գտնում, որ կոլեկտիվում կան հոգեկան հիվանդներ, անգամ ես նախարարին ուղղված դիմումի մեջ նշել էի, որ սեպտեմբերի 9-ին ես ստացել եմ ընդամենը հունիս ամսվա աշխատավարձը եւ առանց արձակուրդային ստանալու աշխատել եմ մինչեւ հոկտեմբերի 17-ը, որից հետո նոր միայն ստացել եմ հուլիս եւ օգոստոս ամիսների արձակուրդայինը»,- ասում է պարոն Մսրյանը: Ըստ նրա, երբեմն իրենց վճարում են պետբյուջեից տրամադրվող գումարը, որը, տնօրենի ներկայացնելով, 20 000 դրամ է, իսկ արտաբյուջետային գումար այդպես էլ չեն ստանում: Արդյունքում, պարոն Մսրյանի ներկայացնելով, քոլեջի աշխատակիցները չգիտեն, թե ինչքան է իրենց աշխատավարձի իրական չափը, իրենք ստանում են միջինը 35000 դրամ, սակայն դա էլ զլանում են ճիշտ ժամանակին փոխանցել: Երկու օր առաջ քոլեջի կառավարման խորհուրդը այս հարցին լուծում գտնելու համար հանդիպում էր կազմակերպել կոլեկտիվի հետ, որի ընթացքում մանկավարժներից շատերը փաստեցին, որ այստեղ աշխատավարձի թեման շոշափվում է գրեթե ամեն դասամիջոցի, եւ որ իրենց բողոքը «Առավոտին» է հղվել Մսրյանի միջոցով:
Պարոն Մսրյանը իր բողոքում նաեւ շոշափում էր այն թեման, որ քոլեջի 17 տարվա տնօրեն Ռաֆիկ Սաֆարյանը թոշակի անցնելուց հետո իր պաշտոնում «դասավորեց» աղջկան՝ Աստղիկ Սաֆարյանին, որպեսզի կոծկի իր հին պարտքերը: Ի դեպ, Հ. Մսրյանը եւս իր թեկնածությունն էր դրել տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, սակայն փաստացի հաղթել էր նախկին տնօրենի դուստրը: Նախկին ու ներկա տնօրեններն էլ այս ամենը պաշտոնակռիվ են որակում. ըստ նրանց, աշխատավարձի ձգձգումն ունի օբյեկտիվ պատճառներ, որոնց տեղյակ է նաեւ ԿԳ նախարարությունը. նրանք նաեւ փաստաթղթեր են ներկայացնում, որտեղ խոսվում է այն մասին, որ քոլեջի տնօրինությունը բազմիցս դիմել է թե ԿԳ նախարարությանը, ընդ որում՝ դիմումներ են ուղղվել թե նախկին նախարար Լեւոն Մկրտչյանին եւ թե ներկայիս նախարարին, եւ թե առանձին հովանավորների՝ ֆինանսապես օգնելու խնդրանքով: Քոլեջի ներկա տնօրենը՝ Աստղիկ Սաֆարյանը, 2010թ. նոյեմբերի 25-ին ԿԳ նախարար Ա. Աշոտյանին հղած նամակում գրում է. «Հայտնում ենք, որ Գյումրու պետական մանկավարժական քոլեջը, ունենալով 86-ամյա ուսումնական տարեգրություն եւ հանդիսանալով կրթական առաջնակարգ դպրոց, պատրաստել եւ շարունակում է պատրաստել մանկավարժներ ու դաստիարակներ ոչ միան ՀՀ-ի, այլ նաեւ Ջավախք աշխարհի համար: Քոլեջն այսօր գտնվում է ֆինանսական ծանր պայմաններում, որի պատճառը վերջին 5 ուսումնական տարիներին ընդունված վճարովի համակարգի ուսանողների թվաքանակի կտրուկ անկումն է, տարեկան վարձավճարների ցածր լինելը /50 000-60 000 դրամ/ եւ Շիրակի մարզի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական ծանր պայմանները: 5 տարի առաջ քոլեջն ունեցել է 750 սովորող, իսկ 2010-11 ուստարում՝ 300, որից 199–ը՝ վճարովի: Այս ուսումնական տարում վարձավճարները բարձրացվել են մինչեւ 80000 դրամ»: Աստղիկ Սաֆարյանը նամակում խոսում է նաեւ այն մասին, որ քոլեջում մշտապես կատարվել են նաեւ ֆինանսատնտեսական եւ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներ, վերջին ստուգումը կատարվել է 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վերահսկիչ պալատի կողմից, եւ ֆինանսական խախտումներ չեն հայտնաբերվել: Տնօրեն Աստղիկ Սաֆարյանը պարզաբանում է, որ առաջին կիսամյակին հավաքագրված վարձավճարները ծախսվել են հուլիս-օգոստոս ամիսների արձակուրդայինները վճարելու համար: Իսկ հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին հարկային տեսչությունը քոլեջի միջոցների վրա կալանք է դրել՝ պետական գումարները չմուծելու համար, գումար չունենալու պատճառով, եւ առաջին կիսամյակում հավաքագրված վարձավճարները ուղղվել են կալանքը հանելուն: Նորանշանակ հաշվապահ Երեմ Մալխասյանի պարզաբանելով էլ, միջոցներն այնքան սուղ են, որ իրենք, առաջին հերթին աշխատավարձ տալու փոխարեն, մտածում են հարկային պարտականությունները կատարելու, սոցվճարները ճիշտ ժամանակին մուծելու մասին, որպեսզի տույժ-տուգանքների չենթարկվեն: Հաշվապահի հաշվարկներով, վճարովի համակարգում ուսանողների թիվը պետք է լինի 300-ից ոչ պակաս, վարձավճարն էլ 90000 դրամ, որպեսզի կարողանան խնդրից գլուխ հանել: Ի դեպ, կառավարման խորհուրդը, որը երկու օր առաջ փորձում էր այդ վիճակից դուրս գալու ելք փնտրել, այդպես էլ չկարողացավ լուծել նոյեմբեր ամսվա աշխատավարձի վճարման խնդիրը: Փաստորեն, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձը կփոխանցվի մյուս տարի՝ 2-րդ կիսամյակի վարձավճարները հավաքագրելու դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել