Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՎ Է ԿԱՆԳՆԱԾ «ՍԱԳԱՄԱՐԻ» ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

Դեկտեմբեր 18,2010 00:00

\"\"«Սիփան-1» ընկերությունից խլված՝ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը շահագործող «Սագամար» ընկերությունը ինչ ուզում՝ անում է նաեւ Լոռու մարզի Արմանիսի բազմամետաղ հանքավայրում:

Արմանիսը՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի վարչական տարածքում գտնվող բնակավայր է, որի ընդերքը հարուստ է ոսկով եւ բազմամետաղային հանքանյութերով: 1,8 քկմ տարածք ունեցող Արմանիսի ոսկու-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունքը «Սագամար» ընկերությանն է: Հանքում այսօր շինարարական աշխատանքներ են, որ շարունակվելու են մինչեւ 2011 թվականի մայիս: Ընկերությունը խոստանում է, որ հանքի գործարկումից հետո 800 հազար տոննա հանքանյութ՝ պղինձ, կապար, ցինկ, կադմիում, սելեն, տելուր, ոսկի եւ արծաթ կստացվի: Պղնձի, ցինկի, կապարի ամբողջ արտադրանքը կարտահանվի Բուլղարիա ու Սերբիա: Շահագործող ընկերությունն արդեն 63 հազար դոլարի ներդրում է կատարել: Թեեւ ընկերության ղեկավարները հավաստիացնում են, որ բնապահպանական վնասներից կխուսափեն, աշխատելով չոր պոչերի տեխնոլոգիայով եւ բացառապես եվրոպական սարքավորումներով ու հանքից դուրս եկած ջուրը հանք կվերադառնա, այնուամենայնիվ, արմանիսցիներն ու բնապահպաններն արդեն զգում են հանքավայրի վտանգավոր հետեւանքները: Բնապահպանները համոզված են, որ հանքարդյունաբերությունից հիմնական տուժողը Ձորագետի աջ վտակը՝ 28 կմ երկարությամբ Չքնաղ գետն է լինելու: Նախ էականորեն կվնասվի Չքնաղի ջրի որակը: Հետո կթափվի Ձորագետ, սա էլ միանում է ոռոգման ջրի աղբյուր Դեբեդին ու…հետեւանքները պատկերացնելը դժվար չէ: Լոռիին հատուկ խոնավ եղանակն ու տեղումների առատությունն էլ ավելի մեծ վտանգ կներկայացնեն հողի հետագա քայքայման եւ էրոզիայի համար, տարածքի թեքությունն էլ կնպաստի սողանքային երեւույթներին, որոնք էապես կարող են վնասել ջրերի մաքրությանն ու անտառային ծածկույթի վերականգնմանը: Թեեւ շինարարության եւ բուն հանքի շահագործման ժամանակ անտառ չի կտրվի, սակայն էկոլոգիական մի շարք երեւույթների պատճառով անտառը կոչնչանա:
«Օրհուս» կենտրոնի Ստեփանավանի համակարգող Մանյա Մելիքջանյանի համոզմամբ, վտանգ է սպառնում ոչ միայն արմանիսցիներին, որը ընդամենը 1,5 կմ է հեռու հանքավայրից, այլեւ հանքից 7,5 կմ հեռավորություն եւ 16,7 հազար բնակիչ ունեցող Ստեփանավանին: Ժամանակին խորհրդային իշխանությունները նախկին Արմանիս գյուղին եւ շրջկենտրոն Ստեփանավանին մոտ լինելու պատճառով թույլ չեն տվել հանքավայրի շահագործումը:
Տարածաշրջանը հարուստ է լեռնային սեւահողերով, հողաշերտի մեծ հզորությամբ, իսկ «Սագամարը» հողատարածքները տեղացիներից գնվել է մեկ քմ-ն ընդամենը 25 դրամով, օգտվելով նրանից, որ սեփականատերերը հողերի կադաստրային իրական արժեքի մասին տեղեկություն չեն ունեցել: Հողատերերն էլ մեկը-մյուսին նայելով, նաեւ այլ ելք չունենալով, վաճառել են: «Բա ի՞նչ անեինք, շատերն արդեն ծախել էին, մեր հողամասը գնալու ճանապարհներն էլ էին փակել, ստիպված ծախեցինք»,- ասում է 76-ամյա Կարլեն Դավթյանը: «Սկզբից եւեթ դեմ եմ եղել հողը վաճառելուն, 4500 քմ հողատարածքս չորս կողմից շրջափակվել էր վաճառված հողակտորներով, ամիսներով մնացել անմշակ: Մերոնց էլ ասեցի, որ ոտներս մի քիչ դեմ տանք, թանկ ծախենք, բայց քանի որ մենակ էի, զահլես գնաց պայքարելուց, վաճառեցի»,- ավելացնում է մեկ ուրիշը:
Արմանիսցիները վաճառել են հողակտորները եւ արոտավայրեր ու հողատարածքներ են վերցրել այլ վայրերում, որոնք այնքան էլ բերրի չեն: Բնակիչները բողոքում են ոչ միայն հողերի ցածր բերքատվությունից, այլեւ կատարվող օրգանական փոփոխությունից: «Առաջ կարգին կարտոֆիլ էր աճում, վարունգ ու պոմիդոր էլ էինք ստանում, հիմա ոչ մի բանը բանի նման չի, անհամ ու անբարաքյաթ: Արոտն էլ է կորցրել իր նախկին որակը, սննդարարությունն էլ է պակասել: Առաջ արոտից եկած կովը օրը գոնե 5 լիտր կթվում էր, հիմի օրը 2 լիտր որ կթվում է՝ ուրախանում եմ: Համա էդքանով ի՞նչ անեմ, մածունից բացի ուրիշ բան չենք կարալ անենք»,- ասում է 2 կովատեր Մարիամ տատը:
Հանքավայրում իրականացվող պայթյունների պատճառով արմանիսցիների տները 3-րդ, 4-րդ կարգի վթարային են դարձել, առավել տուժել են հանքավայրին մոտ գտնվող առանձնատները: «Էսպես մի քանի տարի էլ շարունակվի, տունս կփլվի, մեզ փոխհատուցում է պետք, որ վերանորոգենք ու ապրենք»,- խարխլված պատերը ցուցադրելով՝ ասում է Պ. Ունանյանը:
Բնակիչները վերջերս «Սագամար» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Պապյանին հրավիրել են իրենց տները, ցույց տվել խարխլված պատերը: Վարդան Պապյանը լսել է գյուղացիների բողոքը, բայց անգամ իր մեքենայից չի իջել, հեռացել է առանց որեւէ պատասխան տալու:
Արմանիսցիների խոսքով, համայնքում փոշին մառախուղի նման խիտ կանգնում է՝ իրար երես չեն տեսնում, լինում են օրեր, որ անգամ տներում այնպիսի հոտ է տարածվում, որ չեն կարողանում շնչել: «Սկզբում չգիտեինք, որ փոշի է, մտածում էինք մառախուղ է, հետո պարզվեց, որ հանքի հումքը բարձր ջերմաստիճանի տակ ինչ-որ նյութեր է արտազատում մթնոլորտ, որը քամու հետ տարածվում է շրջապատում, փոշին սփռելով հողատարածքների ու արոտավայրերի վրա: Էդ օդը մենք էլ ենք շնչում»,- սրտնեղած ասում է Ստեփանավանի քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Արթուրը: Արմանիսցիները իրենց մաշկի վրա են զգում արտազատվող նյութերի ազդեցությունը՝ ուժեղ գլխացավեր՝ ժամանակ առ ժամանակ կրկնվող սրտխառնոցներով: «Գնում ենք Վանաձոր կամ այլ տեղ՝ անցնում է, վերադառնում ենք, հաջորդ օրվանից էլի նույն գլխացավերն ենք ունենում»,- գանգատվում է հերթական զրուցակիցս: Համայնքում վերջին շրջանում տեղումներն անգամ կեղտոտ են լինում: Ու, Աստված չանի, հանկարծ առանց անձրեւանոցի լինես: Տեղաբնակների խոսքով, հանքանյութախառն անձրեւից թրջված հագուստը լվանալն էլ շատ դժվար է:
Դեռեւս 3 տարի առաջ, երբ միայն դեռ խոսակցություններ էին Արմանիսի հանքավայրի շահագործման վերաբերյալ, արմանիսցիները ոգեւորված էին, մտածում էին նոր աշխատատեղեր կունենան: Այժմ ընկերության պատասխատուները խոստանում են 500 աշխատատեղ բացել եւ հանքարդյունաբերության ոլորտում 8 տոկոսի աճ գրանցել, իսկ տեղացիները պնդում են, թե հանքավայրում աշխատանքի չեն ընդունում: Նախապես 50-60 մարդ են հերթագրել, բայց ընդամենը 20 հոգու են աշխատանքի ընդունել:
62-ամյա տիկին Սիրանույշն էլ է վրդովված. «Տղաս դեռ 3 տարի առաջ է դիմում գրել, էն ժամանակ ասեցին, որ սկսենք աշխատել ու մեքենա բերեն, կկանչենք, մինչեւ հիմա 10 մեքենա են բերել, իրան դեռ չեն կանչել աշխատելու»:
Հանքի հարեւանությամբ ապրող մարդկանց հարցերն ու բողոքներն անպատասխան են մնում, որովհետեւ հանքավայրը փակ է Լոռու մարզում գործող բնապահպանական կազմակերպությունների, նույնիսկ «Օրհուս» կենտրոնի համար: «Սագամար» ընկերության տնօրեն Վարդան Պապյանը բնապահպաններին արգելում է հանք մտնել. «Հետաքրքիր է, ի՞նչ են թաքցնում, ինչո՞ւ չի կարելի մտնել հանքավայր, եթե վտանգավոր է, թող այդպես էլ ասեն»,- զարմանում են բնապահպանները: Ընկերության պատասխանատուները բնապահպաններին առաջարկում են գոհանալ իրենց բանավոր հայտարարությամբ, թե անհանգստությունները տեղին չեն, հանքում պարբերաբար ստուգումներ ու այցելություններ է կազմակերպում Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը:
«Սագամարը» անգամ լրագրողների հետ կենդանի շփվելուն է դեմ եւ առաջարկում է հարցերն ուղղել էլեկտրոնային փոստով: Բնապահպանները բազմիցս են հարցեր ուղարկել, բայց այդպես էլ պատասխան չեն ստացել: Բազմաթիվ օղակների դիմելով, նրանք ի վերջո կարողացել են մի հասարակական քննարկում «կորզել», որը սակայն, ըստ էության, չի կայացել, քանի որ հանքատերերը բնապահպանների առաջադրած սուր հարցադրումներին պատասխանել են լռությամբ: Փոխարենը չեն լռում «Լոռի» էկո ակումբ հ/կ-ի եւ «Օրհուս» կենտրոնի հեռախոսները: Վերջերս բնակիչները լսել են, թե հանքավայրից ուրան են արդյունահանելու: «Ցավոք, մենք ոչինչ չգիտենք, մեզ հանք մտնել չի կարելի»,- ասաց «Օրհուս» կենտրոնի Ստեփանավանի համակարգող Մանյա Մելիքջանյանը: Ճարահատ բնապահպանները փորձել են «Սագամարում» բնության պահպանության համար պատասխանատուին գտնել եւ զրուցել, սակայն այդպես էլ չեն գտել: Չի բացառվում, որ մասնագետներին անտեսող ընկերությունը ընդհանրապես չունի բնապահպան:
Արմանիսցիներն արդեն չգիտեն ում դիմեն: «Գիտենք, որ մեր կողքին կարեւոր նյութ են արդյունահանում ու արտահանում: Բայց ոսկու հետ մահ են արդյունահանում». մտահոգված են բնապահպանները:

Հ. Գ. Արմանիսցիներին վնասելը «Սագամարի» միակ «քաջագործությունը» չէ: «Առավոտը» բազմիցս տեղեկացրել է Սյունիքում գտնվող Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շուրջ զարգացումներին: Հենց այն պահին, երբ Սյունիքի մարզպետը որոշեց հանքարդյունաբերական սեփական գործարանն ունենալ՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործուն մասնակցությամբ հանքի շահագործման իրավունքը խլեցին Սիլվա Համբարձումյանին պատկանող «Սիփան-1» ընկերությունից եւ հանձնեցին «Սագամարին»: «Սիփան-1»-ը դիմել է դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել