Թեեւ քաղաքապետարանը ոչ բոլորին է արտոնում, բոլորն են կառուցում
Կապանում համատարած է բազմաբնակարան շենքերի պատշգամբների վերակառուցում-ընդլայնումը ու դրանով պայմանավորված՝ մասնագետների ահազանգերը: Քաղաքում ինքնակամ կառուցվել են բազմաթիվ պատշգամբներ, կատարվել շենքերի արտաքին տեսքերի փոփոխություններ՝ առանց մասնագիտական հիմնավորման, պետական փորձաքննության: Այս ամենը խիստ բացասաբար է ազդում շենքերի սեյսմակայունության վրա:
Ինքնակամ շինությունների եւ ընդլայնումների հայտնաբերման ուղղությամբ Կապանի քաղաքապետարանի աշխատանքները արդյունք չեն տալիս, օրեցօր աճում է ինքնակամ կառուցված պատշգամբների քանակը: «Փորձում ենք դրա դեմն առնել, բայց մեր քաղաքացիների հետ շատ դժվար է: Տուգանք էլ ենք նշանակում, բայց, միեւնույն է, շարունակում են իրենց գործն անել, պատշգամբներ են առաջ տալիս, խոհանոց են սարքում շենքի ճարտարապետական տեսքից դուրս: Ներկա դրությամբ մենք 4,5 միլիոնից ավելի տուգանք ենք նշանակել, նույնիսկ մեկ դատական գործ էլ կա»,- ասում է Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Վիլեն Բադալյանը:
Ըստ զրուցակցիս, քաղաքապետարանը՝ նոր պատշգամբներ կառուցելու թույլտվություն ստանալու օրական մոտ 10 դիմում է ստանում: Մեծ մասը մերժվում է: Քաղաքապետարանը դիմումատուների համար պատասխանի ձեւ է մշակել, որտեղ ներկայացված են պատշգամբը վերակառուցելու համար պահանջվող փաստաթղթերը, որոնցից ամենկարեւորն է տվյալ բազմաբնակարան շենքի տեխնիկական վիճակի սեյսմիկ եզրակացությունը՝ տրված լիցենզավորված կազմակերպության կողմից, անհրաժեշտ է նաեւ բնակելի շենքի բոլոր բնակիչների գրավոր համաձայնությունը: Եղել են նաեւ դեպքեր, երբ շենքի բնակիչները չեն տվել իրենց համաձայնությունը:
Պարոն Բադալյանին հիմնականում վրդովեցնում է, որ երբեմն էլ բնակչին տալիս են համապատասխան լիցենզիա այնպիսի շինություն իրականացնելու համար, որը տվյալ շենքում անթույլատրելի է եւ վտանգավոր: «Պարտադիր եզրակացություն է պետք, շենքի հիմքերը պետք է ուժեղացվեն եւ հարմարեցվեն գործող 9-բալանոց համակարգին, նոր թույլատրվի: Մեկը եկել է համապատասխան դրական լիցենզիայով… փողով լիցենզիա են գնում, դա չի կարելի բիզնեսի վերածել, սա շատ լուրջ բան է, ի վերջո կարող է դժբախտ դեպքերի հանգեցնել, ո՞վ պիտի պատասխան տա: Կան շենքեր, որ թույլատրում ենք, եթե կան քայքայված տեղեր, եւ այդ ընդլայնված վերակառուցումը կարող է դրական լինել շենքի համար՝ թույլատրելի է: Բայց մենք թույլ չենք տալիս, որ բալկոն են առաջ տալիս, կամ խոհանոց են սարքում եւ այլն: Եզակի դեպքերում ենք դա թույլ տալիս, եթե գետնից մինչեւ բալկոն կառուցվի, առանձին կառույց լինի եւ չհենվի հին շենքի վրա: Ըստ սեյսմակայունության չափանիշների, թույլատրելի է, շենքից 3 սմ հեռու պահելով, առանձին կառույց կառուցել, բայց որ Կապանի Շահումյան 22 շենքի 5-րդ հարկը ամբողջությամբ բալկոն են սարքել, ներքեւը դատարկ թողել, դա շատ սխալ է ու վտանգավոր»,- պարզաբանում է Վիլեն Բադալյանը: