Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կթվողը» չի բողոքում

Դեկտեմբեր 18,2010 00:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամի համար կարեւորը հանգանակությանը մասնակցելն է՝ անկախ նվիրաբերված գումարի չափից, իսկ դրսում ապրող եւ դրամահավաքների չմասնակցող հայերի կարծիքով, հիմնադրամը զբաղված է մուրացկանությամբ:

Երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով «Հեռուստամարաթոն-2010»-ի արդյունքները, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասաց, որ արձանագրվել է 20,863 միլիոն դոլարի նվիրատվություն եւ խոստում, այս պահին 6 միլիոնը արդեն փոխանցված է: Ըստ Արա Վարդանյանի, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում նվիրատուների թիվը աճել է 13-15%-ով, իսկ ահա Հայաստանում՝ ավելի քան 40%-ով՝ 30 հազարից դառնալով 42623: «Իսկ երեք տարի առաջ Հայաստանում կար հազիվ 3000 նվիրատու: Այսօրվա թիվը նշանակում է, որ հասարակությունը սկսել է ավելի շատ վստահել հիմնադրամին»,- նկատեց Արա Վարդանյանը եւ հավելեց, որ սովորաբար խոստումների 2-3%-ը չի կատարվում՝ մարդ կա հեռուստամարաթոնի ժամանակ պարզապես զանգահարում ու սխալ անուն է ասում, մարդ էլ կա՝ խոստում է տալիս ու հետո բնակության հասցեն փոխում: Մեծ գումարների դեպքում «Հայաստան» հիմնադրամը փորձում է գտնել խոստում տվածին, իսկ փոքր գումարների պարագայում՝ իմաստ չկա գումար ծախսել դրանից քիչ գումար ստանալու համար:
Հեռուստամարաթոնի անցկացումը մոտ մեկ միլիոն դոլար է արժեցել: Արա Վարդանյանն ասաց, որ հեռախոսային SMS նվիրատվություններն էլ են արդյունավետ եղել, մարդ կա 40 SMS է ուղարկել, որոնցից յուրաքանչյուրը 500 դրամ նվիրատվություն է նշանակում: Ինտերնետով նվիրատվություններն էլ մոտ 10 հազար դոլար են ապահովել: Բոլոր այն երկրներում, որտեղ հիմնադրամը գրասենյակ չունի, հնարավոր էր նվիրատվություն անել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում: «Հեռուստամարաթոն- 2011»-ին այս բոլորը ձեւերը նորից կիրառվելու են՝ հայտարարեց Արա Վարդանյանը:
Բանախոսն ասաց նաեւ, որ շատ հաճախ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցները նախընտրում են անանուն նվիրատվություն անել, քանզի միայն Կալիֆոռնիա նահանգում կա 1374 հայկական բարեգործական կազմակերպություն, «որոնց գործը մեր հեռուստամարաթոնը նայելն է: Նայում են, գրում նվիրատուների հասցեներն ու հետո նրանց դռների մոտ հերթ կանգնում՝ փող ուզում»: «Հայաստանն» էլ արդեն քանի տարի թակում է ամերիկահայ Քրք Քրքորյանի դռները, սակայն ապարդյուն, նրա գրասենյակից խոստանում են «Հայաստան» հիմնադրամի խնդրանքները փոխանցել բարերարին, սակայն հանդիպում չեն կազմակերպում: Քրք Քրքորյանը Հայաստանում բարեգործական ծրագրեր է իրականացնում իր ստեղծած «Լինսի» հիմնադրամով, իսկ ահա Հայաստանի անունը լսել չցանկացող, Հայաստանում իրականացվող ծրագրերին որեւէ մասնակցություն չունեցող ամերիկահայերը, ԱՄՆ հայկական հեռուստաալիքներից մեկին հյուր գնացած Արա Վարդանյանին ասել են, թե «հիմնադրամը զբաղվում է թալանով, եկել եք կթեք՝ ուտեք եւ մուրացկանություն անեք», տեղեկացրեց Արա Վարդանյանը ոչ առանց հումորի հավելելով՝ «կթվողը չի բողոքում»:
Հեռուստամարաթոնի օրերին լուրեր կային, որ Հայաստանի դպրոցներում երեխաներից գումար են հավաքում հիմնադրամի համար: «Ավելի լավ է՝ ստիպեն գումար տալ հիմնադրամին, քան գնահատական ստանալու համար: Մենք ուզում ենք հենց դպրոցից սերմանել բարեգործության գաղափարը, որ երեխան օգնի ուրիշներին: Կարեւորը գումարի չափը չէ, կարեւորը մասնակցությունն է դրամահավաքին»,- նկատեց Արա Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել