Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԱՆՈՐԸ՝ ՎՐԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 18,2010 00:00

Երեկ Երեւանը նոր քաղաքապետ ունեցավ, սակայն Կորյունի փողոցի հրդեհից տուժած բնակիչները նոր քաղաքապետից էլ ակնկալիքներ չունեն: Արդեն 20 օր է, բնակիչներն ապրում են հենց բակում տեղադրված վրանում: 1 շաբաթ առաջ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոստացել էր հանդիպել նրանց հետ եւ մի բանով օգնել: Սակայն հանդիպման օրը քաղաքապետը չներկայացավ, քանի որ գլուխը խառն էր՝ նրա հրաժարականի հարցն էր քննարկվում: Քաղաքապետի ընդունարանում Կորյունի փողոցի բնակիչները մոտ 20 րոպե անհամբեր սպասում էին, թե ինչպես է լուծվելու իրենց ճակատագիրը. «Քաղաքապետարանի նկարահանող խումբը եկավ նկարահանեց մեզ, ոնց որ կինո էին պատրաստում: Նենց տպավորություն էր, կարծես թե ուր որ է՝ մեր խնդիրը լուծվելու է»: Նրանց ընդունել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա բնակիչներին վստահեցրել է՝ «Մենք ձեզ չենք մոռացել: Շատ սուղ ժամկետում կլուծենք ձեր հարցը»: Եթե չեն մոռացել, ապա ինչո՞ւ այս 20 օրերի ընթացքում քաղաքապետարանից ոչ մի պաշտոնյա չի այցելել ու չի հետաքրքրվել, թե անօթեան բնակիչներն ինչպե՞ս են ապրում: Բնակիչների խոսքերով՝ «Բա որ չեք մոռացել, բա գիտեք, որ հրդեհից տուժած մարդիկ ո՛չ հագուստ ունեն, ո՛չ կոշիկ, ո՛չ անկողին, ոչ մի նորմալ մարդկային պայման: Բա էդպե՞ս եք հիշում մեզ»: Կ. Արեյանը բնակիչներից ցուցակ էր պահանջել, թե որ ընտանիքը քանի անձից է բաղկացած: Հույս ունենալով, որ քաղաքապետարանը գոնե հագուստով կօգնի, հաջորդ օրն անմիջապես այդ ցուցակը ներկայացրել են: Արդեն մեկ շաբաթը լրացել է, եղանակներն էլ օր օրի ցրտում են, Ամանորին էլ հաշված օրեր են մնացել, սակայն քաղաքապետարանն այդպես էլ «ձեռք չի մեկնում» հրդեհից տուժածներին. «Այսպես որ գնա, մենք Ամանորը պալատկայում ենք նշելու»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել