Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրամշակվեց, բայց թերի է

Դեկտեմբեր 18,2010 00:00

Կարծում են սպառողի իրավունքների պաշտպանները

Հայաստանում ժամկետանց սննդամթերքի ու սննդային հավելումների ներմուծման եւ շուկայում սպառման հնարավորությունը բացառելու նպատակով Հայաստանի կառավարությունը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ է կատարել: Պարզվում է, որ 4 տարի առաջ ընդունված այդ օրենքում պիտանելիության ժամկետը կորցրած սննդի  ներմուծման ու իրացման վերաբերյալ սահմանափակումների մասին հստակ դրույթներ չկային: «Առավոտի» հետ զրույցում Սննդի անվտանգության տեսչության համապատասխան բաժնի պետ Արթուր Վարժապետյանը բացատրեց. «Օրենքում ձեւակերպված էր, թե ժամկետանց սննդամթերքն արգելվում է վերափաթեթավորել ու իրացնել՝ որպես սննդամթերք, փաստորեն, ժամկետների պահը շատ անորոշ ու երկակի էր սահմանում, իսկ ժամկետանց սննդի ներմուծման ու իրացման հստակ դրույթ օրենքում չկար»: Չնայած մինչեւ հիմա, փաստորեն, օրենքով թույլատրվում էր ժամկետանց սննդի ներմուծումն ու իրացումը հանրապետությունում, պարոն Վարժապետյանը վստահեցրեց, որ վերջին ամիսներին պիտանելիության ժամկետը կորցրած սնունդ վաճառակետերում հազվադեպ են հանդիպել: Միայն նոյեմբերին տեսչության ստուգայցերի արդյունքում 5 խախտում են հայտնաբերել: Շուկայում անցկացրած իրենց ուսումնասիրությունները «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանին դեռ մտահոգվելու առիթ են տալիս: «Հատկապես շատ ենք հանդիպում կաթնամթերքի կամ կրեմային թխվածքների, երբ պիտանելիության ժամկետը շատ կարճ է կամ էլ չափից դուրս երկար ժամանակով է նշված: Իհարկե, 2 դեպքերն էլ խիստ կասկածելի ու աննորմալ են, հասկանալի է, որ ինչքան երկար ժամկետ է նշված, այնքան շատ հավելումներ են օգտագործված»,- նշեց սպառողների իրավունքների պաշտպանը: Ըստ նրա, տնտեսավարողներն իրենց ժակետանց սնունդը քաղաքացիների վրա «սաղացնելու» ինչ տարբերակ ասես, որ չեն գտնում: Օրինակ՝ արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանելիության ժամկետի վրա հայ ձեռնարկատերերը երբեմն փակցնում էին հայերենով մակնշումը. «Իտալական շոկոլադի տուփեր էինք հայտնաբերել Արմավիրում, Գյումրիում ու Վանաձորում, որոնց իրական ժամկետը կեղծված էր: Նման կեղծիքները ավելի հեշտ է կատարել հատկապես պահածոների ու տարայով գարեջրի դեպքերում»: Ի դեպ, օրենքում լրացումներ նախատեսելով, կառավարությունը հստակ սահմանում է՝ Հայաստան ներմուծվող փաթեթավորված սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի կամ սննդային հավելումների հայերեն մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանելիության ժամկետի վրա:
Ա. Եղոյանի գնահատմամբ, օրենքի փոփոխությունները ոլորտը որոշակիորեն կկարգավորեն, բայց խնդիրները դրանով չեն վերանա, քանի դեռ շատ հարցեր օրենքում այդպես էլ անտեսված են: Նրա խոսքերով, արդեն 2 տարի է, ինչ օրենքում լրացումներ կատարելու իրենց դիտողություններն ու առաջարկություններն ամփոփող նախագիծը գյուղնախարարության գզրոցներում է պահված. «Այսօրվա օրենքում դեռ սահմանափակում չկա, թե գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմը սննդամթերքի մեջ ու դրա ինչ չափաքանակի դեպքում է հարկավոր մակնշել, առաջարկել էինք 0,9 %-ից բարձրի դեպքում, ինչպես եվրոպական ու ռուսական օրենսդրության մեջ է հաստատված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել