Եթե պարոն Կարապետյանը «ՀայՌուսգազարդի» պես Երեւանն էլ շատ սիրի, ապա այն կծլի ու կծաղկի
«Կադրային ջարդ, ցեղասպանություն անելու ցանկություն չկա, բայց լինելու են խաղի կանոններ եւ պահանջներ կառավարիչների նկատմամբ: Ովքեր այդ պահանջները կբավարարեն, կմնան, ովքեր ոչ՝ կգնան»,- երեկ Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո նման հայտարարություն արեց «ՀայՌուսգազարդի» արդեն նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Նա քաղաքապետի աթոռի համար առաջադրված միակ թեկնածուն էր, որն էլ ընտրվեց 50 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Նշենք, որ նոր քաղաքապետի ընտրության կարիք առաջացավ այն բանից հետո, երբ Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նախագահականի արարողակարգի աշխատակցի հետ ունեցած միջադեպի պատճառով, հրաժարական տվեց: Կարեն Կարապետյանը Երեւանի 53-րդ քաղաքապետն է:
Երեկ Երեւանի ավագանու ժամանակավոր հանձնաժողովը երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել՝ միակ «դեմ» համարվող քվեաթերթիկը իրականում դեմ է, թե կողմ: Քանի որ ավագանիներից մեկը «կողմ» բառի վրա էր նշում՝ «պտիչկա» արել, մինչդեռ եթե առաջադրված թեկնածուի օգտին էր քվեարկել, պետք է ջնջեր «դեմ» բառը: Բանը հասավ նրան, որ ավագանու անդամներին առաջարկեցին, որպեսզի «դեմ քվեարկած» անձը բացահայտվի՝ ավելի հստակ պարզելու համար, սակայն դահլիճում ներկա ավագանիներից ոչ ոք չխոստովանեց, որ դա իր քվեաթերթիկն է: Այս առիթով ներկաները նույնիսկ կատակեցին, որ, հավանաբար, Կարեն Կարապետյանն է ինքն իր դեմ քվեարկել:
Դեկտեմբերի 20-ին տեղի կունենա նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը, իսկ մինչ այդ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ պետք է ներմուծել մունիցիպալ կառավարման նոր մշակույթ՝ կանխատեսելի, պլանավորված, իրագործելի, վերահսկելի. «Որից գոհ կլինեն մեր բնակիչները եւ մեր քաղաքի հյուրերը: Մոտակա ժամանակ, հստակ չեմ կարող ասել՝ երբ, ես հանդես կգամ այն ծրագրերով, որը կա: Նպատակ կա կազմել քաղաքի զարգացման կոնցեպցիան եւ շատ բաց ու թափանցիկ հանրությանը տեղեկացնել ու նրանց հետ քննարկել աշխատակազմի, ավագանու եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկված՝ մեր քաղաքի ապագայի հարցերը»: Այն հարցին, թե առաջին հերթին նա ինչ է անելու, պատասխանեց. «Առաջին քայլս պարզ է՝ քաղաքապետի պաշտոնն եմ ստանձնելու»: Նա ասաց նաեւ, որ չէր սպասում, որ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի քաղաքապետի պաշտոնում, սակայն չի պատրաստվում համալրել ՀՀԿ-ի շարքերը, ուղղակի համակրում է այդ կուսակցությանը:
Լրագրողները պարոն Կարապետյանից հետաքրքրվեցին՝ տեղյակ է, արդյոք, թե ինչո՞ւ նախկին քաղաքապետ եւ ավագանու անդամ Գագիկ Բեգլարյանը չի մասնակցում նոր քաղաքապետի ընտրություններին, ինչին նա պատասխանեց. «Կարծում եմ, որ հարգելի պատճառով ներկա չի գտնվել: Գ. Բեգլարյանը բավականին հաջողակ քայլեր է արել արդեն: Յուրաքանչյուր հաջորդը գալիս է նախորդի գործը շարունակելու»:
Պարոն Կարապետյանին իր նախորդ պաշտոնում փոխարինելու է «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով տեղակալ Վարդան Հարությունյանը: Այս մասին հայտնեց նաեւ ինքը՝ Կ. Կարապետյանը եւ իր նախորդ պաշտոնի մասին էլ ասաց. «Պարզ է, որ ես «ՀայՌուսգազարդը» շատ եմ սիրում, համարում եմ, որ այն մեր երկրի լավագույն ընկերություններից մեկն է, բայց երեւի յուրաքանչյուր կառավարիչ ժամանակ առ ժամանակ կարիք ունի ոլորտը փոխելու, թարմ աչքով նայելու: Երբ կարողանում ես կառավարվող առարկան ուսումնասիրել, կարողանում ես հստակ ասել, թե ինչպես այն կարելի է կառավարել»:
Երեւանի քաղաքապետի ընտրությունից հետո «Առավոտը» փոքրիկ հարցախույզ անցկացրեց՝ պարզելու թե Երեւանի ավագանու անդամներն ինչ կարծիք ունեն նոր քաղաքապետի մասին: Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանի խոսքերով, ինքը բազմիցս է նշել, որ բոլոր 3 թեկնածուներն էլ՝ Կարեն Կարապետյանը, Դերենիկ Դումանյանը, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, իրենց գործընկերներն են. «Մենք արդեն 1 տարի 6 ամիս է աշխատում ենք իրար հետ, մեկս մյուսի աշխատանքը լավ գիտենք՝ որպես ավագանու անդամ, որպես քաղաքապետ էլ կտեսնենք ինչպիսին կլինի Կ. Կարապետյանը, ժամանակը ցույց կտա»:
Ավագանու ամենաերիտասարդ անդամ ՀՀԿ-ական Արման Մադաթյանն էլ համոզված է, որ իրենք ինչպես նախորդ, այնպես էլ այս քաղաքապետի հետ կաշխատեն բնականոն: ՀՀԿ-ական ավագանի Ենոք Ազարյանից հետաքրքրվեցինք, թե ինքն անձամբ ում օգտին կքվեարկեր իրենց կուսակցության անդամներից, եթե առաջադրված չլիներ մեկ թեկանածու, նա պատասխանեց. «Նրանք մեր ընկերներն են ու թիմակիցները, միասին ենք աշխատում: Ես չեմ ուզում ընդհանրապես իմ ընկերների եւ թիմակիցների միջեւ խտրականություն դնել, ոչ մի առումով դա ճիշտ չէ»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետի ընտրություններին չի մասնակցում իր կուսակից նախկին քաղաքապետ Գ. Բեգլարյանը, նա պատասխանեց. «Ճիշտն ասած, նման ուսումնասիրություններ չեմ կատարում, որ այդ հարցին պատասխանեմ, միգուցե եկել է, ես տեղյակ չեմ»: Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն էլ հայտարարեց, որ ինքը վստահում է Գագիկ Բեգլարյանին որպես «Երեւանի գործիչ». «Ես նրա հետ համագործակցել եմ դեռեւս այն ժամանակ, երբ նա Կենտրոն համայնքի թաղապետ էր: Ես կարծում եմ, որ արդեն մեր քաղաքում բարելավման աշխատանքներ են գնում, ես հուսով եմ, որ վատթարացումներ չեն լինի, այլ կլինեն նոր եւ ավելի լավ լուծումներ: Գ. Բեգլարյանի կողմից ներդրված մեխանիզմ կա, որը կենսունակ է: Կարեւոր է, որ այդ ներդրված մեխանիզմը պահպանվի: Նրա ժամանակ բավականին լավ բաներ են արվել, բայց լինում էին նաեւ անհասկանալի եւ աննորմալ բաներ»: Ըստ նրա, կհամագործակցի նաեւ Կարեն Կարապետյանի հետ. «Ես կարծում եմ, որ հանուն Երեւանի, հանուն նրա ապագայի արժե համագործակցել, պահպանելով այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք արդեն շոշափելի արդյունք են տվել»:
Երեկ Երեւանի քաղաքապետարան էր այցելել նաեւ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա համոզմամբ, Կ. Կարապետյանը թեկնածուներից մեկն է, որն ունի կազմակերպչական, սոցիալական դրական սովորություններ, գրագետ է. «Մենք ակնկալիքներ ունենք պարոն Կարապետյանից, քանի որ կարծում ենք, որ նա լավ է աշխատել: Թե ինչպիսին կլինի՝ ցույց կտա ժամանակը: Տարոն Մարգարյանին էլ եմ ճանաչում դեռ Ավան համայնքի թաղապետ եղած ժամանակվանից: Ինձ համար նրա երիտասարդ լինելը դրական որակ է»: Նա պատմեց նաեւ, որ իրենք ունեն բողոքների մի ամբողջ տրցակ. «Բայց 2 ամիս շարունակ չէի կարողանում պարոն Բեգլարյանի հետ հանդիպել եւ դրանք քննարկել: Այդ պատճառով եմ ասում, որ սոցիալական սովորությունների փոփոխություններ պետք է պահանջել եւ ստանալ նոր քաղաքապետից: Բացի այդ, քաղաքապետարանի որոշումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանն ու մեր օրենքներին, երբ մարդու իրավունքն է խախտվում, մենք տարիներով ընկնում ենք այդ որոշումների հետեւից, որ ապացուցենք, որ քաղաքապետարանի որոշումը սխալ է»:
Փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը չցանկացավ որեւէ կարծիք հայտնել: