Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախընտրական թադարուք»

Դեկտեմբեր 18,2010 00:00

Կադրային շարժերի մարքսիստական մեկնությունը

Իշխանական պետական-քաղաքական մեքենայի ներկայիս քաղաքական կերպարանափոխությունները՝ կադրային տեղաշարժերը, Հայաստանի մարքսիստ Դավիթ Հակոբյանը համարում է «նախընտրական նախապատրաստությունների նախերգանք»: Այս առիթով երեկ «Առավոտի» հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ այդ փոփոխությունները բացարձակապես կապ չունեն նոր տնտեսական, արտաքին քաղաքականության, ազգային դոկտրինի, նոր գաղափարախոսության հայեցակարգերի հետ: Մարքսիստը հավատում է եւ հաստատում շրջանառվող լուրերը, որ առաջիկայում ականատես կլինենք նոր եւ ավելի խորքային փոփոխությունների, ընդհուպ մինչեւ ԱԺ նախագահի. «Գործ ունենք երկու՝ իրար հետ մրցակցող ուժերի հետ՝ ներկա իշխանական վարչակարգի՝ հանձինս վիկինգների երկրորդ էշելոնի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանի, եւ ռեւանշիզմի պատրաստվող վիկինգների առաջին էշելոնի՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի: Ընթացող քաղաքական կերպարանափոխություններն այս երկու ճամբարների ձեւավորման գործընթացն են: Երկուսն էլ նախապատրաստվելով ապագա քաղաքական ռեւանշին՝ իրենց շուրջն են ուզում համախմբել ամենանվիրական ուժերին: Այս ամենն իշխանության ինքնաամրապնդման եւ ինքնահաստատման՝ վաղվա օրվա թադարուքներն են»: Այս համատեքստում պատասխանելով հարցին՝ արդյոք 2011 թվականն արտահերթ ընտրությունների տարի՞ է լինելու, մարքսիստը նկատեց. «2011-ը կլինի ընտրությունների՝ հզոր, թունդ նախապատրաստման տարի: Գոյություն ունեցող ձեւաչափերն արդեն անճարակ են: Հանրապետականը, ԲՀԿ-ն, «Հորինած երկիրն» արդեն հանրության աչքին ամբողջովին կորցրել են իրենց քաղաքական փայլը, հմայքն ու պերճանքը: Նոր ձեւաչափերի ստեղծագործումն ուղղակի անհրաժեշտություն է իշխանության վերարտադրության համար»:
Նախընտրական այս պատրաստությունների տրամաբանության մեջ գնահատելով նախորդ օրվա «հեռուստաընկերությունների մարաթոն-շոուն»՝ կապուղիների մրցույթը, եւ որերորդ անգամ իշխանություններին միակ արմատական ընդդիմադիր «Ա1+» հեռուստաընկերության եթեր վերադառնալու հայտի մերժումը մարքսիստը գնահատում է «խաչակրաց արշավանք» ազատ խոսքի նկատմամբ: Այս առիթով մեջբերում է Ուլյանով Լենինի խոսքերը՝ «Վսյակայա վլաստ՝ նե վլաստ, եսլի սամ սեբե զաշիտիտ նե սումեյետ», ու հավելում. «Եթե ռազմի աստվածը հրետանին է, քաղաքականության աստվածը գաղափարախոսությունն է, իդեոլոգիան: Իշխանությունն «Ա1+»-ին մերժելով՝ ապացուցեց, որ իրեն ենթակա 10 վասալ, մարիոնետային հեռուստատեսություններ ունենալով հանդերձ, որոնք հանդիսանում են պետական մեքենայի գաղափարական լակեյները, նապաստակի նման փախչում է, իրենց լեզվով ասած, ներդրումներից աղքատ եւ տեխնիկական հագեցվածությամբ սնանկ մի փոքր հեռուստաընկերությունից: Սա խոսում է այն մասին, որ նախագահը եւ պետական մեքենան չունեն հզոր գաղափարական տրիբուններ, հզոր գաղափարախոսություն, որը կպաշտպանի այդ պետությանն ու վարչակարգին: Նախագահը չունի գաղափարական ուղեղների շքախումբ: Սա խոսում է պետական մեքենայի գաղափարական սնանկության մասին՝ թեպետ «Ա1+»-ի իրական տերերը, այսօրվա վիկինգների իշխանության նախահայրերը եւ կնքահայրերը՝ ՀՀՇ-ականները եւ նրանց գաղափարախոսությունը եւս դատարկահաչություն են: Այսինքն՝ այսօրվա պետական մեքենայում այն աստիճան գաղափարական վակուում է, «տորիչելյան դատարկություն», որ գաղափարական դաշտում անգամ վախենում են սուր խաչել ՀՀՇ-ականության հետ: Ես չեմ հավատում, որ «Ա1+»-ը նոր գաղափարախոսություն էր տալու հասարակությանը, ՀՀՇ-ական ճամբարում չկան այդ գաղափարախոսները, «Ա1+»-ի ծառայությունը հասարակությանը լինելու էր ներկայիս պետական մեքենայի եւ հասարակության արատավոր բարքերը վեր հանելն եւ խարազանելը, կոմպրոմատային մարտավարությունը: Դա այսօր շատ կարեւոր է եւ ծայրահեղ անհրաժեշտություն: Ընդդիմությունը բուրժուական պետական մեքենայի բաղկացուցիչը պետք է լինի, ալտերնատիվ մտքի շեփորահարը: Բայց մեր պետական մեքենան այն աստիճան սնանկ է, որ սա էլ չեն հասկանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել