Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԱԿՑԻԱՆԵՐ

Դեկտեմբեր 18,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսը շարունակում է իր այցելությունները մարզեր

\"\"
Ապարան

\"\"
Մարտունի

Արդեն երկրորդ ուրբաթն է, որ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է 9 քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով Երեւանում եւ մարզերում համաժամանակյա բողոքի ակցիաներ անցկացնելու իր մարտավարությունը: Երեկ ՀԱԿ-ն այդ պահանջով ոչ զանգվածային միջոցառումներ անցկացրեց ոչ միայն Երեւանում, այլեւ Ապարանում, Մասիսում եւ Մարտունիում: Դրանք բոլորն էլ անցան առանց միջադեպերի:
Երեւան
Ինչպես ավելի քան երկուսուկես տարի՝ ամեն ուրբաթ, երեկ էլ նախկին եւ ներկա քաղբանտարկյալների կանայք ու հարազատները, ընդդիմության եւ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ՀԱԿ-ի համակիրները քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ «Մարտի 1»-ի իրական պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա արեցին: Այդ միջոցառմանն այս անգամ իր 4 անչափահաս երեխաների հետ մասնակցում էր նաեւ անցած շաբաթ ազատ արձակված արդեն նախկին քաղբանտարկյալ Ֆելիքս Գեւորգյանը: Ակցիայի մասնակիցները նշել են, որ դատախազության մոտ հավաքվելու են այնքան ժամանակ, մինչեւ վերջին քաղբանտարկյալն ազատ արձակվի: Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համահիմնադիր Կարապետ Ռուբինյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, թե վերջին շրջանում ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը եւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման խնդրանքով նաեւ ԳԱԱ ակադեմիկոսների հայտնի բաց նամակը վկայում են, որ առաջիկայում ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները:
Ապարան
Ապարանում ՀԱԿ ներկայացուցիչները նախ երթով շարժվել են դեպի Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել այդ ու նաեւ արցախյան հերոսամարտում զոհված ապարանցիների հիշատակին: «Էս պայքարը չի կանգնելու, մինչեւ վերջ գնալու ենք: Նման երդում մենք տվել ենք մեկ էլ 1988 թվին»,- «Ա1+»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ապարանի գնդի հրամանատար, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը:
Ելույթ են ունեցել նաեւ Կոնգրեսի անդամներ, նախկին քաղբանտարկյալներ Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ այլք: Գ. Ջհանգիրյանը անդրադարձել է մասնավորապես ՀՀ կառավարության կազմում տեղի ունեցած փոխատեղումներին ու պաշտոնանկություններին՝ շեշտելով, թե ընդդիմությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների. «Իշխանությունները սկսել են իրենք իրենց ոչնչացնել: Այսօր կտրում են այն աթոռի ոտքերը, որի վրա նստած են: Ես կարծում եմ, Բեգլարյանի, Դանիելյան Գեւորգի ու նաեւ երեկ հանված նախարարների օրինակները մեր մեծահարուստներին, պաշտոնյաներին, նաեւ ձեր հայրենակից Աղվան Հովսեփյանին դաս պիտի լինեն, որ վաղը իրենց հետ նույն կերպ են վարվելու»: Այստեղ կոնգրեսականներն ապարանցիներին են կոչ արել՝ մինչեւ վերջ պայքարել իրենց իրավունքների համար:
Մարտունի
Իսկ մարտունեցիների հետ հանդիպել են Կոնգրեսի ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը, Սամվել Գեւորգյանը, որոնք վստահեցրել են, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, եւ որ «հայաստանյան գործող կլանային-օլիգարխիկ համակարգը փլուզվելու է միանգամից»: Այդ մասին, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, խոսել է մասնավորապես Դ. Շահնազարյանը. «Այս իշխանությունը կամաց-կամաց չի քանդվելու: Ինչպես բոլոր բռնատիրությունները՝ քանդվելու է միանգամից ու փլուզվելու է ժամերի ընթացքում, եւ այդ պահը հեռու չէ»: Ի դեպ, Մարտունիի քաղաքային հրապարակում, ուր ընթացել է բողոքի ակցիան, համազգեստավոր ոստիկաններ չեն եղել: Տեղացիների ասելով, նրանք քաղաքացիական համազգեստով հեռվից են հետեւել միջոցառմանը:
Մասիս
Մասիս քաղաքում էլ ոստիկանության ներկայությունը չզգացվեց: Այստեղ մեկ-երկու համազգեստավոր ոստիկաններ ու մի քանի քաղաքացիական հագուստներով Մասիսի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի «օպերներ» էին երեւում: Իսկ բողոքի ակցիան սկսվեց երթով՝ ՀԱԿ տարածքային գրասենյակից մինչեւ քաղաքային հրապարակ: Մինի-հանրահավաքը վարում էր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա անթույլատրելի, երկրի ու մեր ժողովրդի համար ամոթալի համարեց Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը՝ շեշտելով, որ ե՛ւ նախկինում, ե՛ւ այսօր անազատության մեջ են մեր երկրի լավագույն տղերքը, արցախյան ազատամարտի մասնակիցներն ու պետության կայացման ակունքներում կանգնած գաղափարակիր մարդիկ, որոնց օր առաջ ազատ արձակման խնդիրը նաեւ «թասիբի» հարց է: «Մեր այս ակցիաները նաեւ մարզերում շարունակական են լինելու եւ կրակը թեժ պահելու, իշխանությունների վրա ճնշում գործադրելու, միջազգային հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա սեւեռելու, օր առաջ քաղբանտարկյալներին ազատելու նպատակ ունեն: Մեր պահանջն այն է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինեն, ու բոլորը մինչեւ Նոր տարի ազատ արձակվեն, որովհետեւ դա մեր երկրի խայտառակությունն ու ամոթն է: Մեր կամքն անկոտրում է, մենք չենք խեղճանալու, չենք նահանջելու եւ հասնելու ենք մեր նպատակին, բայց դա վերջը չի լինելու: Հետո լինելու է «Մարտի 1»-ի 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու, մեղավորներին, կրակելու հրաման տված մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար պայքարը: Եթե մենք դրան չհասնենք, ուրեմն՝ մենք թասիբ չունենք»,- հայտարարեց Ա. Մանուկյանը՝ մասիսցիներին կոչ անելով չվախենալ ու թույլ չտալ իշխանություններին իրենց թալանել, իսկ տղաներին՝ բանտերում պահել:
Մասիսցիներին ՀՀ տնտեսության անմխիթար վիճակը ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Սակայն ամենաուշագրավը նրա անդրադարձն էր Երեւանի քաղաքապետի պաշտոնում «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի նշանակմանը. «Տեսեք՝ ո՞ւմ են դնում քաղաքապետ»,- այս հռետորական հարցադրմանը նախկին վարչապետն ինքը պատասխանեց՝ նկատելով, թե Կ. Կարապետյանն այն մարդն է, որի գլխավորած ընկերությունը ռուսական գազը ստանում է 1000խմ-ն 180 դոլարով, իսկ ժողովրդին վաճառում՝ 372 դոլարով: Ասել է թե՝ 190 դոլար ավելի, քան կարող էր, ու դա ներկայացնում է որպես գազի տեղափոխման, ընկերությունում ներդրումների, ծառայությունների մատուցման ծախս: «Բերեք տեսնենք՝ էդ տղան ի՞նչ ծախսեր-ներդրումներ է անում. գազի պահեստ է ստեղծում, իբր, գազի խողովակներ է ներկրում, եւ այդ ամենը՝ մեր հաշվին: Հիմա էս տիպի մարդուն դնում են քաղաքապետ: Արդյոք նրա համար, որ գազի գի՞նն է բարձրացրել, թե՞ որ ղարաբաղյան ծագում ունի: Քավ լիցի, ես չեմ ուզում սրել հայաստանցի-ղարաբաղցի տարբերակումը, էդքան չեմ իջնի, բայց իրենք սրում են: Ինձ համար վիրավորական ու անընդունելի է, որ Երեւանում չգտնվեց մի երեւանցի, որն արժանի կլիներ քաղաքապետի պաշտոնին,- հայտարարեց Բագրատյանը՝ հավաքվածներին կոչ անելով ակտիվ լինել։- Մի մտածեք, թե մենք ոչնչի չենք հասնելու: Պասիվ մի եղեք եւ կտեսնեք, թե ինչպես են սրանք կուռկուռի ձագ դառնալու»:
Մասիսում բողոքի ակցիան էլ ավարտվեց երթով, բայց մինչ այդ Ա. Մանուկյանը քաղաքակիրթ վերաբերմունք եւ պահվածք դրսեւորելու համար շնորհակալություն հայտնեց մասիսցի ոստիկաններին՝ հավելելով. «Ձեր խնդիրը, ձեր հոգու ներսինը պահեք ձեր մեջ, մի օր պետք կգա»,- ասաց Ա. Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել