Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԱՆՃԵՐ՝ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎՐԱ

Դեկտեմբեր 18,2010 00:00

Երեկ ԱԺ արտահերթ նստաշրջանում «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը քննադատական ելույթ էր ունենում, թե ո՛չ այդքան թոշակ եք տալիս, ո՛չ այդքան աշխատավարձ, բայց սահմանում պարտադիր վճարներ: Նշենք, որ ըստ այս փաթեթի՝ նախատեսվում էր սահմանել նոր վարձավճար աղբահանության համար՝ յուրաքանչյուր անձը պետք է վճարեր 500 դրամ: Ելույթը տեղից ռեպլիկներով անընդհատ խանգարում էին ՀՀԿ պատգամավորները: Մեկ Վազգեն Կարախանյանն ասաց, թե դուրս կգան՝ կխոսեն, ինչին Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Ես դրսում ձեզ հետ խոսելու բան չունեմ»: Հետո Հովհաննես Սահակյանը նետեց. «Մի՛ հուզվիր», եւ հետեւեց պատասխան. «Ես հուզվողներից չեմ»: Մեկ էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատեց, թե ամբիոնի վրա ճանճ է պտտվում: «Գործուղված ճանճ է»,- կատակեց Ստյոպա Սաֆարյանը: «Ճանճը հետեւիցդ գալիս է»,- ասաց Վազգեն Կարախանյանը, երբ Ստյոպա Սաֆարյանը զբաղեցնում էր իր տեղը: «Բայց դու ո՞վ ես, որ հետեւիցս գաս»,- պատասխանեց նա:
Ճանճոտ թեման չավարտվեց այսքանով: ՀՀԿ խմբակցության անունից ելույթում Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Ժողովուրդը հետեւյալն է ասում՝ եթե թանի մեջ ճանճ է ընկնում, որեւէ մարդ այդ թանը չի խմում, բայց դա չի նշանակում, որ թան խմելու իրավունք չունի: Ստիպված՝ նախ ճանճի պրոբլեմներն են լուծում եւ նոր՝ թան են խմում: Առավել եւս՝ եթե դա էլ չի կարողանում՝ ստիպված ձմռանն է խմում, որովհետեւ ճանճեր չկան»:
Այս ելույթից հետո Հովիկ Աբրահամյանն ազդարարեց. «Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ԱԺ-ն իրոք կայացել է որպես բազմակարծության ամբիոն»:
Ի դեպ, թեեւ ելույթում Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե կոալիցիան իր գնահատականը տվել է եւ կողմ է քվեարկելու այս փաթեթին՝ քվեարկությունը տապալվեց, քանի որ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ խմբակցության մեծ մասը չմասնակցեցին քվեարկությանը, եւ այն համարվեց չկայացած:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել