Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻՆ ՇՓՈԹԵՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՀԵ՞Տ

Դեկտեմբեր 18,2010 00:00

Օրեր առաջ «Առավոտը» «Քանդակագործին էլ չէին հրավիրել» վերնագրով նյութում, անդրադառնալով Արթիկի քրեակատարողական հիմնարկում 350 դատապարտյալների կողմից եկեղեցու կառուցմանն ու պաշտոնական բացմանը, որոշակի մանրամասներ էր հաղորդել եկեղեցու զանգը ձուլողի եւ պատվիրատուի մասին: Դա, հավանաբար, դուր չէր եկել Արթիկի գաղութի պետին՝ Վարդան Սարգսյանին: Վերջինս էլ, մոռանալով, որ ինքը պետական պաշտոնյա է, եւ եթե ինչ-որ ասելիք ունի թերթին, կարող է ի պաշտոնե դիմել, գրավոր պարզաբանում ուղարկել, որոշել էր հարցերը լուծել տնական կարգով. զանգահարեց ինձ եւ անպարկեշտ տոնով, գոռգոռալով սկսեց հրահանգներ տալ ու վիրավորել: Պաշտոնյան, հավանաբար, ինձ շփոթել էր գաղութի դատապարտյալի հետ: Պարոն Սարգսյանի անվայելուչ պահվածքից ակնհայտ է, թե ինչպես է տվյալ պաշտոնյան վարվում Արթիկի քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդկանց հետ: Խոսքը սկսելով. «Ուշադիր, մինչեւ վերջ լսում ես՝ ինչ եմ ասում, ու չես կախում» հրահանգով՝ գաղութի պետը ինձ մեղադրում էր սրբապղծության, եկեղեցին հայհոյելու ու սուտ-սխալ ինֆորմացիա գրելու մեջ: Հարցիս, թե ո՞ր տեղեկությունն է սխալ, ինչո՞ւ եմ սրբապիղծ, մի՞թե եկեղեցու շինարարության մասին տեղեկություններ հաղորդելը սրբապղծություն է, պաշտոնյան այդպես էլ չկարողացավ պատասխանել: Չի բացառվում, որ նա նյութը կարդացել էր ոչ թե անձամբ, այլ նրան պատմել էին: Ինչ էլ որ լինի, պետական պաշտոնյայի այսպիսի պահվածքը հեղինակություն չի բերում արդարադատության նախարարությանը, եւ ճիշտ կլիներ նման պաշտոնյաների համար հատուկ դասընթացներ կազմակերպեին ու ուսուցանեին, որ կան պաշտոնյաների ու ԶԼՄ-ների փոխհարաբերությունները կարգավորող օրենքներ, եւ եթե ինչ-որ տեղեկություն, ըստ նրանց, չի համապատասխանում իրականությանը, կարելի է պարզաբանել առանց պարկեշտության սահմաններն անցնելու: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել