Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խնդիրներ ունեն թե՛ ՀՌԱՀ-ի, թե՛ փաստաթղթերը տրամադրողների հետ

Դեկտեմբեր 18,2010 00:00

«Ժառանգությունը» նշում է, որ եթե «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերի հետ կապված ՀՌԱՀ-ը խնդիրներ էր նկատել, ապա կարող էր առաջարկել «Ա1+»-ին ներկայացնել պարզաբանումներ:

Երեկ ԱԺ նիստի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը խմբակցության անունից դիմեց խորհրդարանական բոլոր խմբակցություններին՝ հանդես գալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: «Ժառանգություն»-ն առաջարկում է այդ նիստում քննարկել ՀՌԱՀ-ի դեկտեմբերի 16-ի որոշումը՝ «Ա1+»-ին կապուղի տրամադրելը մերժելու մասին:
Լարիսա Ալավերդյանն ասաց. «Պետք է հիշեցնեմ, որ Ազգային ժողովն ընտրել է 4 ներկայացուցիչներ ՀՌԱՀ-ում՝ Արմեն Մկրտչյան, Արամ Մելքոնյան, Հայկ Քոթանյան եւ Կորյուն Առաքելյան: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք եւս մեկ անգամ հիշենք, որ ունենք նաեւ վերահսկողական լիազորություններ: Կարող ենք նրանց հրավիրել այդ նիստին, եւ բացատրեն, թե այդ ինչպե՞ս է եղել, որ նախապես ստանալով բոլոր փաստաթղթերը, ու տեսնելով, իրենց ասելով, կեղծ նյութեր՝ տեղյակ չեն պահել դիմող կազմակերպությանը, չեն ասել, թե գիտեք՝ կան այսպիսի կասկածներ, եթե կարելի է՝ ճշտեք: Այդ փաստաթղթերը նախապես տալն ունի նաեւ կանխարգելիչ գործառույթ: Չպետք է փոքր սկանդալներ ստեղծենք, ինչպես ժամանակին սովետական ԳԱԻ-ին էր պախկվում մի ծառի տակ, որ հետո բռնեցնի: Կարծում եմ՝ առնվազն հանձնաժողովի նախագահը կարող էր ասել, թե կան կասկածներ: Թե չէ՝ անմեղության կանխավարկածը խախտելով ու ոտնահարելով՝ արդեն ասել է, թե դա այդպես է: Այնինչ դա պետք է պարզվի հետագայում՝ նաեւ դատական գործընթացի ժամանակ»:
Նշենք, որ ՀՌԱՀ-ը երեկ իր կայքէջում բացել է նոր խորագիր՝ «Առանց մեկնաբանության», որտեղ տեղադրել է «Ա1+»-ի մրցութային ծրագրից որոշ փաստաթղթեր ու դրանց վերաբերյալ իր ստացած պատասխանները: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը դեկտեմբերի 16-ին գրավոր դիմումով խնդրել է ՀՌԱՀ-ին տրամադրել Անգլիայից եւ Բելիզից իրենց ստացած այն պատասխանների պատճենները, որոնք Գրիգոր Ամալյանը վկայակոչել էր ասուլիսում: «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Անկախ նրանից, թե կայքում տեղադրված է կամ ոչ՝ մենք ակնկալում ենք, որ մեր դիմումի պատասխանը մեզ կտրամադրվի պատշաճ ձեւով: Մեզ շատ հետաքրքրում են այն բոլոր փաստաթղթերը, որոնց մասին նա ասել է՝ սկսած ստորագրությունից, կնիքից, վերջացրած, թե ում է ուղղվել եւ այդ փաստաթուղթն ինչպես է ձեռք բերվել ՀՌԱՀ-ի կողմից: Նախապես եմ ասում՝ մեզ հետաքրքրում են բոլո՛ր հանգամանքները, եւ դրանց վերաբերյալ բոլոր պատասխանները պետք է ստանանք գրավոր: Եվ երկուշաբթի նորից դիմում կմուտքագրենք ՀՌԱՀ, որ մեզ մանրամասն ներկայացվի այս ամենը, քանի որ մենք երկկողմանի խնդիր ունենք՝ մեկը ՀՌԱՀ-ի հետ, մյուսը՝ այն 2 կազմակերպությունների, որոնք տրամադրել են այդ ֆինանսական փաստաթղթերը: Երկու դեպքում էլ ունենք որոշ հարցադրումներ»:
Ի դեպ, երբ ասուլիսում Գրիգոր Ամալյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ՀՌԱՀ-ը ոչ հենց դեկտեմբերի 16-ից, այլ միայն 2011թ. հունվարի 20-ից հետո պատրաստ «Ա1+»-ին տրամադրել «Արմենիա TV»-ի եւ «Արմնյուզ» ընկերության մրցութային առաջարկների պատճենները՝ նա մասնավորապես ասաց. «Այս պահին հանձնաժողովը եւ աշխատակազմն այդ փաթեթներով ամեն օր աշխատանք են անում»: Հավելեց. «Մենք չպիտի մեր աշխատանքային նյութերը տրամադրենք մեկ ուրիշի՝ սպասելով ու կորցնելով այդ ժամանակը»: Հրապարակավ առաջարկում ենք, թե քանի որ ՀՌԱՀ-ն արդեն իսկ սկսել է առաջարկները հրապարակելու գործընթացը՝ թերեւս արժե, որ մրցութային բոլո՛ր փաթեթները դրվեն կայքում, այլ ոչ միայն որոշ ընտրովի փաստաթղթեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել