Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

Դեկտեմբեր 18,2010 00:00

Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Ներսես Երիցյանը կարող է ընտրել՝ վերադառնա՞լ Կենտրոնական բանկ, թե՞ նշանակվել ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական՝ Վահրամ Ներսիսյանցի նախկին պաշտոնին:

\"\"

Երեկ երեկոյան հրապարակվեցին ՀՀ նախագահի հրամանագրերը, որոնցով արվեցին արդեն վաղօրոք հայտնի փոփոխությունները: Այն է՝ Հրայր Թովմասյանը նշանակվեց արդարադատության նախարար: Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվեցին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Տիգրան Դավթյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար, իսկ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը նշանակվեց ֆինանսների նախարար:
ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերները կադրային այս փոփոխությունները դիտարկում են կառավարման որակը եւ մակարդակը բարելավելու համատեքստում: Նման տեսակետ է երեկ խորհրդարանական լրագրողներին հայտնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը news.am-ին ասել է. «Ես ողջունում եմ ՀՀԿ-ի՝ կադրային փոփոխությունների վերաբերյալ որոշումները, քանի որ կուսակցությունն ինչ-որ բացթողումներ է նկատել իր նախարարների գործունեության մեջ եւ կադրային փոփոխությունները կատարել է ժամանակին»:
Իրենք՝ հանրապետական պատգամավորները կատարվածը բնավ չէին պատճառաբանում ֆինանսատնտեսական բլոկի նախարարների աշխատանքային բացթողումներով: Մասնավորապես՝ ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք ՀՀԿ խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստում հնչե՞լ են կադրային այս տեղաշարժերի վերաբերյալ հիմնավորումներ՝ ասաց. «Ընդամենը կարող եմ ասել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ է Ներսես Երիցյանն ազատվել պաշտոնից: Իսկ նրան փոխարինում է տվյալ բնագավառում իրեն դրական բոլոր հատկանիշներով դրսեւորած Տիգրան Դավթյանը, որը լավ մասնագետ է, բնագավառին բավականին լավատեղյակ»:
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը մեր զրույցի ընթացքում հիշեցրեց, որ Տիգրան Դավթյանն աշխատել է իբրեւ էկոնոմիկայի փոխնախարար: Ավելի ստույգ՝ նա 1991-1997-ին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որպես գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, վարչության պետ, իսկ արդեն 2001-2007թթ՝ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման վերանվանված այդ նախարարության փոխնախարար: «Նա այդ ոլորտը լավ գիտի, եւ դա էր հիմնական պատճառը,- ասաց պրն Սահակյանը:- Բայց տեղափոխությունը կամ նշանակումները ոչ թե անձերի հետ են ավելի շատ կապված, այլ կամաց-կամաց մենք պետք է գնանք նրան, որ նախարարությունները զբաղվեն տվյալ ոլորտի քաղաքականությամբ: Դա նշանակում է՝ պիտի ուժեղացնել արտաքին կապերը: Եվ նպատակահարմար ենք գտել, որ նրանք, ովքեր համապատասխան կառույցներին առնչվել են կամ ինչ-որ ծրագրեր են իրականացրել՝ փորձել ենք լուծումներն այդ տեսակետից բնութագրել: Այսինքն՝ որեւէ մեկի վատ աշխատանքի հետեւանք չեն փոփոխությունները: Պարզապես գաղափարախոսությունը եւ բարեփոխումները կայացնելու խնդիր ունեինք: Հետո, ես չեմ ընդունում, երբ ասում են, թե Ներսես Երիցյանն ազատվել է, որովհետեւ մենք Ներսես Երիցյանի աշխատանքից գոհ էինք: Նա կանցնի այլ աշխատանքի՝ օրինակ, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ»: Հիշեցնենք, որ պրն Երիցյանը ԿԲ-ում աշխատելու հսկայական փորձ ունի՝ 1994-1995թթ. ԿԲ նախագահի օգնական, 1995-1996թթ. ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ, 1996-2001 թթ. ԿԲ խորհրդի անդամ, 2003-2007թթ. ԿԲ նախագահի խորհրդական եւ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար: Սակայն Կենտրոնական բանկ վերադարձը միակ հեռանկարը չէ Ներսես Երիցյանի համար. նա կարող է նշանակվել նաեւ ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական: «Տարբեր բնույթի աշխատանքներ կլինեն: Համենայնդեպս, Երիցյանի առումով պիտի ասեմ, որ ինքն ընտրելու խնդիր ունի պարզապես»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Ֆինանսների նախարար նշանակված Վաչե Գաբրիելյանի առնչությամբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ «Դուպլեքս» ակումբում ասել է. «Ցավոք, շարունակվում է բանկային հոգեբանությամբ տնտեսության կառավարման մոդելն ու կադրային քաղաքականությունը: Բանկային հոգեբանությունը տնտեսության զարգացման հոգեբանությանը համահունչ չէ: Հավատացեք, ես ինքս երկար տարիներ եղել եմ ֆինանսական համակարգում աշխատող. բանկային հոգեբանությամբ կառավարիչը մտածում է առավելագույն շահույթ ապահովելու մասին, իսկ տնտեսական զարգացման հոգեբանությամբ կառավարիչը մտածում է տնտեսության համար առավելագույն շահի մասին»:
ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արա Նռանյանը մեր զրույցի ընթացքում այսպես գնահատեց կատարված փոփոխությունները. «Չեմ կարող խոսել հիմնավորումների կամ հիմքերի մասին: Որեւէ լուրջ բացատրություն մենք չենք ստացել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կլինի այս ամենի արդյունքում՝ կարծում եմ, չի կարելի տնտեսական քաղաքականության մեջ առանձնապես ակնկալել էական փոփոխություններ, քանի որ տնտեսական թիմը նույնն է մնում, մտածելակերպը նույնն է մնում, վարչապետը նույնն է»: Մեր դիտարկմանը, թե այնուամենայնիվ՝ հեռացավ թիմի այն ներկայացուցիչը, որը հանդես էր գալիս առավել զարմանահրաշ ծրագրերով՝ Գյումրին տեխնոպարկ դարձնելու, Սեւանի լճի ափին՝ բարձրլեռնային մարզական կենտրոն կառուցելու եւ այլն՝ Արա Նռանյանն այսպես արձագանքեց. «Ամբիցիոզ տնտեսական ծրագրեր ունենալն այնքան էլ վատ բան չէ: Ու թեեւ Ներսես Երիցյանի վերաբերյալ բազմաթիվ քննադատություններ են եղել, բայց ի վերջո՝ զարգացման համար մի քիչ էլ պետք է նաեւ երազել ու մի քիչ էլ՝ ամբիցիա ունենալ»:

Հ. Գ. Մեր զրուցակիցներից մեկը խորհրդանշական համարեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրությունը մշակած Ներսես Երիցյանը հեռացավ այդ օրենքով անցկացված մրցույթների արդյունքների հայտարարումից ժամեր անց. «Արեց իր գործը եւ կարող է հեռանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել