Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ԴԵՌ ԿԶՏՎԻ՞

Դեկտեմբեր 18,2010 00:00

Քաղաքական գործիչները՝ «Ա1+»-ի եւ ԱԼՄ-ի «պարտության» մասին

Թեեւ հասկանալի է, որ «Ա1+» հեռուստաընկերության վերադարձը եթեր ուղղակի կամ անուղղակի կնշանակեր Հայաստանում արմատական փոփոխությունների սկիզբ, այնուհանդերձ յուրաքանչյուր մրցույթից առաջ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր առողջ դատող քաղաքացի հոգու խորքում հույս է փայփայում, որ հատկապես այս մրցույթը կարող է դառնալ սկիզբ: Երեկ հերթական անգամ հօդս ցնդեցին այդ հույսերը: Ավանդույթի համաձայն՝ «Ա1+»-ը «պարտվեց», ավանդույթի համաձայն՝ Ամալյանի կնքահայրությամբ: Այս մրցույթի նորարարությունն այն էր, որ եթերազրկվեց նաեւ իշխանությունների նկատմամբ լոյալ ԱԼՄ-ն: Սպասելի՞ էին այս արդյունքները քաղաքական գործիչների համար:
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյան. Ես դեռ մեկ ամիս առաջ եմ Մեսրոպ Մովսեսյանին ասել, որ որեւէ հույս չփայփայի, քանի որ որեւէ տարբերակ չկա, որ այս իշխանությունն «Ա1+»-ին եթե վերադարձնի: Նման որոշումն ինձ համար անակնկալ չէր: Ինչ վերաբերում է ԱԼՄ-ին՝ անկեղծ ասած, ես շատ քիչ եմ հեռուստատեսություն նայում, բայց այդ հեռուստաեթերի մակարդակն այնպիսին էր, որ չարժեր այդ մակարդակի եթեր ունենալ: Բայց մյուս կողմից՝ մնացածների մակարդակն էլ մի բան չի: Ըստ երեւույթին, այստեղ էլ է աշխատել՝ հեշտ վերահսկելի է, թե՝ դժվար, տարբերակը: Երեւի մտածել են՝ Կարապետիչը մի քիչ «գժոտ» է, դժվար կվերահսկվի: 
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյան. Իշխանություններին այդքան վախկոտ չէի ճանաչում: Սարսափում են ազատ խոսքից: Իրենք պատրաստ են ցանկացած զոհաբերության, բայց երկրում ազատ խոսք չլինի: Ազատ խոսքը սրանց համար «բոբո» է, իրենց վերջը: Իսկ ԱԼՄ-ի եթերազրկումն ինձ համար անսպասելի էր: Իմ հաշվարկներով՝ այդպես չպետք է լիներ: Այսինքն՝ եթե ինչ-որ տեղ ազատության անգամ մի կաթիլ կա, իրենք պատրաստ են այդ կաթիլն էլ չորացնել:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյան. «Ա1+»-ի մասով որոշումը կանխատեսելի էր, մրցույթի արդյունքը՝ սպասելի: Մենք համոզված էինք, որ «Ա1+»-ի բացումն իշխանությունների համար ահ ու սարսափ է: Իշխանական այս համակարգն ամեն ինչ արել է, որպեսզի ազատ խոսք, անկողմնակալ կարծիք կամ նման որեւէ մի բան չհնչի հեռուստատեսությամբ, ամեն ինչ լինի իրենց վերահսկողության տակ: Իսկ «Ա1+»-ն այդ չափանիշների մեջ չի տեղավորվել եւ չի կարող տեղավորվել, հետեւաբար՝ բնական էր, որ այս մրցույթն էլ պիտի ավարտվեր «Ա1+»-ի պարտությամբ: Անգամ Եվրոդատարանի վճիռն այս իշխանության համար, փաստորեն, որեւէ արժեք չունի: Ու այսքանից հետո զարմանալի է իշխանական թեւի ներկայացուցիչների դժգոհությունը, որ ներքաղաքական վիճակը չի շտկվում եւ ընդդիմության հետ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել: Այս կարգի իշխանությունն ինչպե՞ս կարող է երկխոսության մեջ մտնել, երբ ամեն ինչ անում են, որ ուժեղ ընդդիմություն չունենան:
Ցավում եմ, որ ԱԼՄ-ն էլ եթերազրկվեց: Շատերի համար այն միգուցե արտահայտված ընդդիմադիր հեռուստաընկերություն չէր, բայց բավարարում էիր հասարակության մի ստվար խավի հետաքրքրությունները եւ այդ շրջանակներում կարողանում էր շատ լավ լրատվություն հաղորդել մարզային բնակչությանը: Հիմա, փաստորեն, ժողովրդի մի մեծ հատված, ովքեր մարզերի բնակիչներ են, զրկվեց նաեւ այդ տեղեկատվությունից: Սա արդեն ավելին է ասում: Այս պայմաններում ընդդիմությունն առավել պարտավորված պետք է լինի ժողովրդին ազատ, արդար եւ ճշմարիտ խոսք հասցնել ու այս արատավոր ռեժիմի դեմ առավել կուռ ու միահամուռ պայքարել:
«Սարդարապատ» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյան. Ես նույնպես հոռետեսներից էի: Ավելին, կարծում եմ, որ Հայաստանում ազատ, լրատվական կանոնները պահպանող, հարգող  հեռուստակայան մենք չենք ունենալու այնքան ժամանակ, քանի մեր երկիրը կառավարվում է մերօրյա այս համակարգի կողմից: Միայն համակարգի փոփոխությունից հետո, իմ պատկերացմամբ, մենք կարող ենք ազատ եթեր տեսնել: ԱԼՄ-ի եթերազրկումը նույնպես սպասելի էր, եւ կարծում եմ, որ առաջիկայում այն հեռուստաընկերությունները, որոնք ամբողջությամբ ենթակա չեն նախագահական նստավայրին, նույնպես պիտի փակվեն: Կամ էլ՝ նրանց սեփականատերերը պիտի փոխվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել