Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՂԱՎՈՒՄ ԵՆ, ԾԻԾԱՂՈՒՄ, ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ, ՔԱՐԿՈԾՈՒՄ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Տարօրինակ, զվարճալի եւ յուրահատուկ սովորույթներ

\"\"Ամանորյա ավանդույթները որքան նման, նույնքան էլ տարբեր են, իսկ երբեմն դրանք ուղղակի զավեշտալի են։

Նոր տարին, թերեւս, միակ տոնն է աշխարհում, որ մեծ շուքով նշում են բոլոր երկրներում, եւ բոլոր տեղերում էլ կան ավանդույթներ՝ թե՛ զավեշտալի, թե՛ անկրկնելի։ Օրինակ, տաք Կուբայում ուղիղ կեսգիշերին պատուհաններից ջուր են լցնում փողոց։ Դրանով ցանկանում են, որ եկող տարին լինի ջրի պես պարզ եւ մաքուր։

Մակեդոնիայում երեխաները խնձորները ձեռքներին շրջում են տնետուն։ Այն տների տերերը, որոնց դուռը թակում են երեխաները, պետք է խնձորի մեջ մետաղադրամ մտցնեն, եւ ում մետաղադրամը վերջինը կկիսի որեւէ մեկի խնձորը, գալիք տարում կհարստանա:

Վենեսուելայի բնակիչներն էլ կեսգիշերին հավաքում են ճամպրուկները եւ դնում դռան մոտ։ Այդպես նրանք դուրս են անում ընտանեկան գժտությունները։ Նրանք նաեւ սիրում են կատակել միմյանց հետ։ Իսկ ամենաանմեղ կատակը, որ կարող է հանդիպել վենեսուելացիների մոտ՝ դա շաքարի փոխարեն աղով սուրճն է։

Ամանորի կեսգիշերին Պանամայում հնչում են բոլոր զանգերը, ավտոմեքենաների շչակները։ Իսկ իրենք՝ պանամացիները, այդ պահին բարձր բղավում են եւ թխկթխկացնում ինչով հնարավոր է։ Այս աղմուկը չափազանց անհրաժեշտ է եկող տարուն «սիրաշահելու» համար։ Բուլղարացիներն Ամանորի խնջույքի ժամանակ մի քանի րոպեով մարում են լույսը։ Այդ րոպեները կոչվում են «համբույրի ակնթարթներ», որոնց գաղտնիությունը պահպանում է մթությունը։

Իտալացիների սովորույթը հայտնի է գրեթե բոլորին. Նոր տարվա նախօրեին նրանք դեն են նետում իրենց հին իրերը եւ դրանք փոխարինում նորերով, որպեսզի երջանկությունը չշրջանցի նրանց տները։

Իրանում, ինչպես հայտնի է, Նոր տարին դիմավորում են գարնանը։ Այս ազգը նախօրոք փոքր ափսեների մեջ ցորեն կամ գարի է աճեցնում, ինչն էլ խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը։

Հունաստանի բնակիչները հյուր գնալիս իրենց հետ վերցնում են մի քար, որը նետում են հյուրընկալող տան շեմին։ Եթե քարը ծանր է, նրանք ասում են՝ «թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանրակշիռ»։ Եթե քարը փոքր է, ասում են՝ «թող տանտիրոջ աչքի փուշն այս քարի պես փոքր լինի»։

Ժամացույցների սլաքների 12-րդ հարվածի հետ ճապոնացիները սկսում են ծիծաղել։ Նրանք հավատում են, որ եկող տարում ծիծաղն իրենց հաջողություն կբերի։ Ամանորի առաջին գիշերն ընդունված է տաճար հաճախել։ Բոլոր տաճարներում հնչեցնում են զանգերը։ Ինչպես կարծում են ճապոնացիները, ամեն մի հարված իր հետ տանում է վատ եւ բացասական այն ամենը, ինչը եկող տարում չպետք է կրկնվի։ Չար ոգիներին վախեցնելու համար ճապոնացիները տան մուտքին ամրացնում են ծղոտի փնջեր։ Տանը՝ երեւացող տեղում, դնում են բրնձե բլիթներ, որոնց վրա շարում են երջանկություն, առողջություն եւ երկարակեցություն խորհրդանշող մանդարիններ։

Տոնի նախօրեին Շոտլանդիայում ձյութի տակառ են այրում, որը գլորում են փողոցներով։ Շոտլանդացիները դա հին տարին այրելու խորհրդանիշ են համարում։ Դրանից հետո նոր տարվա ճանապարհը «բաց» է։ Նոր տարվա առաջին հյուրը կամ երջանկություն է բերում, կամ անհաջողություն։ Օրինակ, նվերով թխահեր տղամարդը սպասելի հյուր է. նա երջանկություն է բերում։

Վիետնամում, Կամբոջայում, Կորեայում, Մոնղոլիայում Ամանորի պարտադիր մաս է կազմում գեղեցիկ զարդարված փոցխը: Ամենայն հավանականությամբ, հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը դիզում երջանկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել