Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորարար ուսուցիչներն ու ՏՀՏ ոլորտը

Դեկտեմբեր 17,2010 00:00

Լավագույն մասնագետների աշխատավարձերը հաջողություններից հետո էլ չեն փոխվի

Երեկ «Մայքրոսոֆթ» ընկերության նախաձեռնությամբ, «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում, մեկնարկեց «Նորարար ուսուցիչներ» երկրորդ ֆորումը:

Ինչպես տեղեկացրեց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ֆորումի նպատակն է՝ մասնակիցներին ներկայացնել դասավանդման բոլոր նորարարական տեխնոլոգիաները, որոնք մշակել են ուսուցիչները: «Բոլոր նորարարությունները հիմնականում կապված են ՏՏ ոլորտի հետ: Ֆորումը հնարավորություն է՝ բացահայտել Հայաստանի դպրոցների լավագույն ուսուցիչներին, որոնք կարողանում են գրագետ եւ արդյունավետ կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները կրթական գործընթացում»,- նշեց նա:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ֆորումին ներկայացել էր երկու նախագծով՝ ինտերակտիվ թեստ եւ «Համակարգիչն ու մարդու առողջությունը» թեմայի յուրացումը՝ [email protected] համակարգի միջոցով: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նշեց, որ իրենց դպրոցում գործում է տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) խորացված ուսուցմամբ հանրակրթական դասարան. «Մենք վաղուց ենք թեւակոխել մեդիագրի շրջան՝ ետ թողնելով ձեռագիրն ու տպագիրը: Այսինքն՝ netbook-ն արդեն շքեղություն չէ մեզ համար, այլ անհրաժեշտություն՝ կրթության մեջ: Այս, ինչ խոսում են՝ հանրապետությունում՝ ՏՀՏ-ների կիրառում, ներդրում ուսումնական պրոցեսում, ապացուցում է նրանց «պոզդնի» լինելը, սրանք ուշացած բաներ են, ոմանք ժամանակից հետ են ընկել»:

Վանաձորի թիվ 19 դպրոցը անցյալ տարի եղել է «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան առաջին ֆորումի հաղթողը: Ներկայացված նախագծի հեղինակ Անուշ Թորոսյանը որպես մրցանակակիր մասնակցել է Գերմանիայում կայացած նմանատիպ ֆորումին: Երկրորդ ֆորումին էլ նա ներկայացել էր տեսանյութերի նախագծով:

ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի փոխանցմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումն իսկապես կարեւոր եւ անհրաժեշտ հանգամանք է կրթության ոլորտում. «Պետք է պարզապես զգույշ լինել, որպեսզի նորարարության զարգացումները չունենան վնասակար ազդեցություն եւ ազդեն մարդկային անմիջական շփման վրա»։

Ֆորումին զուգահեռ՝ դահլիճում ցուցադրվեցին նախապես հայտարարված մրցույթին ներկայացված 58 նախագծերից եզրափակիչ փուլ անցած 20-ը։ Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված երեք գլխավոր մրցանակակիրները 2011թ. մարտ ամսին կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու «Եվրոպական նորարար ուսուցիչներ» ֆորումին: Մրցույթի բոլոր մասնակիցները կարժանանան ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության պատվոգրերին: Իսկ 3 լավագույն նախագծերի համար մրցանակներ են սահմանվել:

Մրցանակների մասին մանրամասն տեղեկանալուց հետո, դահլիճում ներկա թիվ 136 դպրոցի դասվար Անահիտ Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է լավագույն նախագիծը ներկայացնող ուսուցչուհու մրցանակը այդքանով սահմանափակվում. «Ինչո՞ւ չի բարձրանում նորարար ուսուցիչների աշխատավարձը: Չէ՞ որ նրանք դասից դուրս աշխատանք են կատարում, դուք կրթության նախարարության հետ պայմանագիր ունեք, դե, բարձրացրեք աշխատավարձը…»:

Ի պատասխան դասվարի ռեպլիկի, «Մայքրոսոֆթի» «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը սրտնեղած ասաց. «Մենք աշխատավարձերի հետ կապ չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել