Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆ. «ԳԵՐԽՆԴԻՐԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՆ Է»

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի (ՀՁՖ) նախագահ Հայրապետ Հայրապետյանը ասուլիսներից մեկում լրատվամիջոցներին հայտարարել էր, թե իրենց գերխնդիրը Լոնդոնի օլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակից ունենալն է: Երեկ «Առավոտի» եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մեր գործընկեր Կարեն Գիլոյանի զրույցը օլիմպիական ուղեգրի եւ անցնող տարում ֆեդերացիայի ծավալած գործունեության շուրջ էր:

– 2010 թվականը ՀՁՖ-ի համար ինչո՞վ նշանավորվեց:

– Անցնող տարին որքան էլ ճգնաժամային էր, ֆեդերացիան աշխատեց այն գրաֆիկով, ինչը նախորդ տարիներին էր եւ անցկացրեց ծրագրած բոլոր միջոցառումները: 2010-ին ստեղծվեց եւս երկու ակումբ: Ճիշտ է, դրանք հիմնեցին անհատ մարդիկ, սակայն ֆեդերացիան դրանք գրանցեց եւ իր հովանու ներքո կազմակերպվող մրցումներին որպես առանձին միավոր մասնակցելու իրավունք տվեց: Տարին հետաքրքիր էր նաեւ նրանով, որ առաջին անգամ կոմերցիոն մրցաշարեր կազմակերպվեցին՝ մի քանի ընկերություններ որոշել էին նաեւ այդ կերպ իրենց ապրանքանիշը գովազդել: Եվ պատկերացրեք, որ դա լիովին արդարացրեց իրեն, եւ նախաձեռնողներն էլ խոստովանեցին, որ միանգամայն բավարարված են եւ գործընթացը շարունակելու են: Օրինակ, «ԲԵԿՕ»-ն անցկացրեց իր սահմանած պատկառելի մրցանակների խաղարկությունը, որին ներկա եղավ նաեւ արտադրող մայր գործարանի ղեկավարությունը եւ գոհ մնաց ինչպես մրցման մակարդակից, այնպես էլ կազմակերպական որակից: Նշեմ նաեւ «Արզնիի», «ՍԻԼ Գրուպի», «Արա եւ Այծեմնիկ» ձիասպորտի ակումբի, BMW-ի, «Հայաստան» հանրախանութի, «Արարատ» հյուրանոցի եւ այլոց մրցանակների խաղարկությունները:

– Արդեն կասկած չկա, որ ձիասպորտը Հայաստանում սիրված մարզաձեւ է ու հանդիսականի հաճախելիության առումով գերազանցում է շատ մարզաձեւերի: Իսկ մարզաձեւով զբաղվողների մասին ի՞նչ կասեք:

– Դրական տեղաշարժ, թեկուզ ոչ մեր ուզածի չափով, անշուշտ, կա: Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում, մյուս ակումբներում նժույգ վարել ցանկացողների թիվը գնալով ավելանում է: Սակայն դա հիմնականում սիրողական ոլորտում է: Ուրախացնում է, որ շատանում են երեխաները, որոնց ծնողները ոչ միայն ցանկանում են, որ նրանք շփվեն կենդանու հետ, այլեւ լավ նժույգավարել սովորեն:

– Վարպետության աճի մասի՞ն ինչ կասեք:

– Մենք այս տարի բոլոր մրցումներում հստակեցում մտցրինք, այսինքն, դրանք անցկացրինք «D», «C» եւ «B» կարգերում: Ու վերջնականապես համոզվեցինք, որ մեր հատկապես «B» կարգի վարպետ անձնակազմերը նախ շատ քիչ են, եւ պատշաճ ներքին մրցակցություն չկա: Նրանք էլ, իրենց հերթին, միջազգային ասպարեզներում դեռեւս լուրջ մրցակցություն չեն կարող ցույց տալ: Սակայն ունենք Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մարզիկներ, որոնք դրսում հաջող ներկայացնում են մեր երկիրը: Մասնավորապես, դուբայաբնակ երիտասարդ մարզիկ Կարեն Հակոբյանը, որ վատ արդյունքներ չի ցույց տալիս արաբական, եվրոպական երկրներում կազմակերպվող մրցումներում: Իսկ մեր գլխավոր հույսը Գերմանիայում բնակվող մեր հայրենակից տիկին Քերի Աղաջանյան-Շոպֆն է, Քըրք Քըրքորյանի զարմուհին՝ փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր: Նա մեծ խանդավառությամբ է հանդես գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ լի է գեղավարգում Լոնդոնի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու վճռականությամբ: Քերին հրաշալի ձիանոց ունի, իսկ վերջերս էլ ձեռք է բերել «Գրան պրիում» հաղթած մի նժույգ: Ֆեդերացիան մշտական կապի մեջ է նրա հետ եւ պատրաստ է ամեն հարցում աջակցել: Մասնավորապես, փոխադարձ համաձայնությամբ եկող տարվա վարկանիշային մրցումներից ընտրել ենք տասը եւ ընթացքում կորոշենք, թե դրանցից որին մասնակցի:

– 2011 թվականին նոր միջոցաումներ ֆեդերացիան նախատեսո՞ւմ է:

– Այն, ինչ միչեւ այժմ եղել է՝ կպահպանվի: Եթե նոր գաղափարներ լինեն, դրանք էլ կիրականացնենք: Բայց կրկնում եմ՝ ֆեդերացիայի աշխատանքները եկող տարում նպատակաուղղված են լինելու առաջին անգամ օլիմպիական խաղերի մասնակից ունենալուն:

– Որքան տեղյակ ենք, մեր ֆեդերացիայի եւ միջազգայինի մեջ ինչ-որ խնդիրներ կան:

– Դեռ չլուծված խնդիրներ կան: Բայց դրանք «վտանգավոր» չեն: Մենք միջազգային ֆեդերացիային բազմիցս տեղեկացրել ենք, որ իրենց մոտ մենք ձեռքներս պարզած չենք գնում, իրենցից մեզ գումար պետք չէ՝ բոլոր հարցերը ինքներս ենք լուծում: Պարզապես, առաջակում ենք, որպեսզի մեզ ասիականից տեղափոխեն եվրոպական գոտի եւ մեր ֆեդերացիային բարձր որակավորման մարզիչ տրամադրեն, որին պարոն Հայրապետյանը պատրաստ է վճարել:

– Ու չե՞ն անում:

– Մինչեւ այժմ՝ ոչ: Սակայն բանակցությունները շարունակվում են, ու հնարավոր է լուծում գտնվի: Վերջերս մեր ֆեդերացիայի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի իր պաշտոնակցի եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ: Նրանք խոստացել են մարզիչ ուղարկել Երեւան եւ միջազգային ֆեդերացիայում անել հնարավորինը՝ մեզ եվրոպական գոտի տեղափոխելու համար:

– Ինչո՞ւ եք ուզում անպայման տեղափոխվել այնտեղ:

– Ասիական գոտու երրորդ խմբում, որտեղ ենք հիմա, ընդգրկված երկրներում մրցումներ կամ գրեթե չեն լինում, կամ էլ, եթե լինում են՝ ոչ այն կարգի, որ մենք մարզիկ եւ նժույգ գործուղենք այնտեղ: Եվրոպան այլ է: Իսկ եթե նկատի ունենանք, որ Հայրապետ Հայրապետյանը Ֆրանսիայում հիմնադրել է ձիասպորտի «Արարատ» հայկական ակումբը, որտեղ մարզվելու են մեկնում նաեւ մեր առաջատար նժույգավարները, ապա պարզից էլ պարզ է, որ մեր անձնակազմերն առանց դժվարության մի քանի ժամում կարող են հասնել մրցում անցկացնող ցանկացած երկիր, մասնակցել եւ մրցակցական փորձ կուտակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել