Լրահոս
Օրվա լրահոսը

Տերյանական մրցույթն ամփոփվեց

Դեկտեմբեր 17,2010 00:00

Ավարտվեց Վահան Տերյանի 125-ամյակին նվիրված ասմունքի մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Երեկ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում ամփոփվեցին մրցույթի արդյունքները: Ինչպես նշեց փառատոնի պատասխանատու քարտուղար Մ. Մակարյանը, մրցույթն անցկացվում է երկրորդ անգամ. «Փառատոնն այս տարի իր շուրջը հավաքեց 21.000 դպրոցականների՝ հանրապետության բոլոր մարզերից, Արցախից եւ Ջավախքից, այնինչ՝ առաջին փառատոնին մասնակցում էր ընդամենը 6 000 աշակերտ»: Նրա փոխանցմամբ, նախորդ օրը Մուշեղ Իշխանի անվան դպրոցում տեղի է ունեցել 3-րդ՝ եզրափակիչ փուլը, 80 լավագույն ասմունքողներից ընտրվել է 18-ը: Երեկ կայացավ վերջիններիս մրցանակների հանձնումը: Հատուկ մրցանակի արժանացավ Կոտայքի մարզի ներկայացուցիչը, մնացած մասնակիցներին հանձնվեցին խրախուսական մրցանակներ:

Մրցույթն անց է կացվել երկու տարիքային խմբերում՝ 11-14 եւ 15-17: «Որեւէ մարզ եւ համայնք դուրս չի մնացել մրցույթից: 21 000 երեխա ասմունքել է միայն Տերյան»,- ասաց մրցույթի պատասխանատու քարտուղարը:

Ժյուրիի կազմում էին գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արտակ Զաքարյանը, Վահան Տերյանի թոռը՝ Գրիգոր-Էմին Տերյանը եւ այլք: Ժյուրիի պատվավոր նախագահը Հովիկ Աբրահամյանն էր, նախագահը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել