Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Ոչ միայն Սարոյանի, այլեւ Պիտեր Բալաքյանի միջոցով

Ամերիկահայ հայտնի գրող, հասարակական-քաղաքական գործիչ, ցեղասպանագետ Պիտեր Բալաքյանը, որ այս օրերին Հայաստան էր այցելել՝ մասնակցելու ՀՀ արտգործնախարարության կազմակերպած գիտաժողովին, երեկ Հայաստանի գրողների միության հյուրն էր: Պ. Բալաքյանը իր «Black dog of fate», «The burning Tigris», «The Armenian genocide and America՛s response», «Armenian Golgotha» եւ մի քանի այլ աշխատություններում անդրադառնում է ցեղասպանությանը, բայց նրա գրական գործունեությունը չի սահմանափակվում միայն այդ թեմայով: Իր հետ մեր հայրենակիցը Հայաստան էր բերել «Ճակատագրի սեւ շունը» նորատիպ գիրքը, որտեղ ավելացրել է երկու կարեւոր գլուխ՝ նվիրված Դեր Զորին: Լրագրողների հետ զրույցում գրողն անկեղծանում է՝ «Ճակատագրի սեւ շունը» մեծ երեւույթ էր նաեւ իր անձնական գրական կյանքում: Բալաքյանը նշեց, որ աշխատությունը մեծ ընդունելություն է գտել աշխարհի բոլոր անկյուններում, տպագրվել են նաեւ քննադատական հոդվածներ՝ միջազգային մամուլում: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ այս աշնանը հրատարակված «ZIGGURAT» գիրքը (շումերերեն՝ աշտարակ): Այն սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին է: «ZIGGURAT»-ը կործանված մշակութային արժեքների նկատմամբ մարդու, հումանիստի, բանաստեղծի բողոքն է: Պ. Բալաքյանը հայտնեց CBS հեռուստաընկերության նկարահանած «Battle over history» ֆիլմի մասին, որն արդեն 20 մլն ամերիկացի է դիտել: Ցեղասպանության մասին պատմող ֆիլմն արդեն ցուցադրել են ամերիկյան եւ անգլիական մի շարք հեռուստաընկերություններ, այն առաջիկայում կցուցադրվի նաեւ Հայաստանում:

«Պիտեր Բալաքյանի պոեզիայում իր բարեկամներն են: Թուրքիայից մազապուրծ գաղթականների երկրորդ սերունդը դրամատիկ ապրումներ է ունենում, թե ինչպես են Պիտեր Բալաքյանի նախորդները անցել անապատներով ու ոչնչացվել: Նրա վարպետությունն այն է, որ ամեն ինչ բերում է հայ պոեզիա, դարձնում բացառիկ երեւույթ»,- գրողի լավագույն ստեղծագործություններն այսպես է մեկնաբանում Պ. Բալաքյանի գրքերի թարգմանիչ Արտեմ Հարությունյանը: Հարցին՝ եթե Պիտեր Բալաքյանը ծնվեր եւ ապրեր Հայաստանում, ի՞նչ գրական ճակատագիր կունենար, ամերիկահայ գրողը պատասխանում է. «Ամեն ինչ, իհարկե, այլ կլիներ, քանի որ տեղը, որտեղ ապրում ես, մշակույթը, որի հետ շփվում ես, նաեւ ազգային ավանդույթները մեծ դեր են ունենում գրողին կերտելու, հասունացնելու, այն մակարդակի հասցնելու առումով, ինչ հիմա ինքն է»: Անդրադառնալով Վիլյամ Սարոյանի հետ իր ընտանիքի մտերմությանը, Պ. Բալաքյանը նշեց, որ «Black dog of fate»-ի մի գլուխը նվիրված է Սարոյանին. «Ընտանիքս լավ գիտեր Սարոյանին: Երբ նա գալիս էր Նյու Յորք, անպայման հավաքվում էինք: Մենք նրան չէինք աստվածացնում, նա բարդ անձնավորություն էր…Սարոյանը մեծ գործ արեց՝ հայկական ներկայությունը դնելով Ամերիկայի եւ աշխարհի գրական քարտեզի վրա»: Ժամանակը չէ՞, որ հայկական մշակույթի, գրական ասպարեզի մեջ հաղթահարվի Եղեռնի թեման, որովհետեւ այն սերունդներին սպանվածի բարդույթ է պարտադրում: «Ցեղասպանության թեմայի հարատեւման պատճառը Թուրքիայի ժխտողական վերաբերմունքն է: Այդ երկիրն ամեն գնով պնդում է՝ թողնենք դա պատմաբաններին, այսինքն 2 մլն մարդու հրեշավոր սպանությունը դարձնում են գիտական ինչ-որ քննության ինչ-որ թեմա: Մյուս կողմից, հայկական ցեղասպանությունը համաշխարհային ցեղասպանության սոսկալի էջերից է, եւ այն հասկանալով, վերծանում ենք նաեւ համաշխարհային պատմության մութ էջերը»,- այսպես է պատասխանում Պ. Բալաքյանը եւ միաժամանակ հավելում. «Գիտակցում եմ, որ հայ ժողովուրդը ունի հարուստ հասարակական, քաղաքական եւ հատկապես մշակութային ենթաշերտեր: Դրանք պետք է զարգացնել եւ աշխարհին ներկայացնել մեր նվաճումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել