Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանը «Մագնիտսկիի գործով» բանաձեւը դրել է քվեարկության

Դեկտեմբեր 17,2010 00:00

Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանում քվեարկության է դրվել 2009թ. նոյեմբերի 16-ին Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանում Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկիի մահվան հետ առնչություն ունեցող շուրջ 60 պաշտոնատար անձանց մուտքը ԵՄ անդամ երկրներ արգելելու, նաեւ այդ պաշտոնյաների բանկային եւ այլ ակտիվները ԵՄ անդամ երկրներում սառեցնելու կոչ պարունակող եւ «Աշխարհում մարդու իրավունքների մասին զեկույց» վերնագրված բանաձեւը: Այդ մասին հաղորդում է BBC-ին:

Հիշեցնենք, որ Մագնիտսկին ռուսաստանցի պետական բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել է կոռուպցիոն գործարքների մեջ: Իրավապաշտպաններն ու շատ փորձագետներ հայտարարում են, թե վատառողջ Մագնիտսկին մեքենայություններ կատարելու մեղադրանքով կալանավորվել է հենց այդ մերկացումների համար եւ մեկուսարանում միտումնավոր կերպով ծանր պայմաններում է պահվել, նրան որակյալ բուժօգություն չի ցուցաբերվել, որի արդյունքում էլ նա մահացել է:

ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը Եվրախորհրդարանի այդ նախաձեռնությունը որակել է որպես ՌԴ ներքին գործերին միջամտելու դրսեւորում: Այդուհանդերձ, եթե բանաձեւն ընդունվի, այն ունենալու է զուտ խորհրդատվական նշանակություն եւ ԵՄ անդամ երկրների համար պարտադիր իրականացման ենթակա չի լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել