Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԴ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում եւ այլ շրջաններում ազգայնականների կողմից փողոցային ակցիաների հետ կապված նյութեր է ուղարկել Քննչական կոմիտե՝ այդ երկրի քրեական օրենսգրքով նախատեսված «զանգվածային անկարգություններ» եւ «ազգամիջյան խտրականություն հրահրող» հոդվածների հատկանիշներով քրեական գործեր հարուցելու համար: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Հինգշաբթի օրը հաղորդվել է, որ այդ դեպքերի առնչությամբ հարուցվել է 22 քրգործ:

\"\"Բացի այդ, Գլխավոր դատախազությունը հայտարարել է ազգամիջյան հողի վրա կատարված հանցագործությունների բոլոր քրգործերը ստուգելու իր մտադրության մասին: Նման հանցագործությունները պարտակելու դեպքեր ի հայտ բերելու պարագայում գերատեսչությունը խոստացել է անհապաղ եւ անզիջում միջոցառումներ ձեռնարկել իրավապահ մարմիններում այդ գործերը կոծկած աշխատակիցների նկատմամբ՝ ընդհուպ մինչեւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը:

Ընդսմին, շարունակվում է չորեքշաբթի օրը Մոսկվայում կովկասցիների եւ ծայրահեղական երիտասարդության միջեւ բախումների հետաքննությունը: Մոսկվայի ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ, անվտանգության միջոցառումներ շարունակելու են ձեռնարկվել Մոսկվայի ողջ տարածքում:

Ստուգվում են մոսկովյան իրադարձությունների հետ կապված՝ նաեւ ՌԴ մյուս մարզերում, մասնավորապես՝ Սարատովում, Դոնի-Ռոստովում եւ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած բախումների փաստերը:

ՌԴ ամբողջ տարածքում, չորեքշաբթի օրը տեղի ունեցած իրադարձությունների գործով, ձերբակալվել է 1700 մարդ, այդ թվում՝ 1346-ը՝ Մոսկվայում: Նրանցից ոմանց մոտ զենք, մահակներ են հայտնաբերվել, որոնք բռնագրավվել են:

Չորեքշաբթի օրը, միայն Մոսկվայում տեղի ունեցած բախումների արդյունքում 12 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, հարուցվել է 2 քրգործ: Դրանցից մեկը հարուցվել է Մոսկվայի հարավ- արեւելյան շրջանում՝ 12 կովկասցիների կողմից ոստիկանության աշխատակցի նկատմամբ կատարված հարձակման գործով, որի ընթացքում կովկասցիներին հանգստացնելու համար իրավապահներից մեկը ստիպված է եղել օդ կրակել: Երկրորդ քրգործը հարուցվել է մետրոյի «Պարկ կուլտուրի» կայարանում երեք դաղստանցիների կողմից մի երիտասարդի ծեծի ենթարկելու առնչությամբ:

Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը նկատել է, թե ռուսների եւ ոչ սլավոնների միջեւ փոխադարձ թշնամանքը արդեն մի քանի տարի է, ինչ դարձել է ռուսական իրականության անքակտելի մասը, ընդ որում՝ մեծ մասամբ ագրեսիայի աղբյուրը հենց ռուսներն են, որոնք հարձակվում են ասիացիների եւ կովկասցիների վրա, որոնք հաճախ մահվան ելք են ունենում: Պարբերականի դիտարկմամբ, ռուս փորձագետներն ու սոցիոլոգները տարիներ շարունակ զգուշացրել են, որ ծայրահեղ ազգայնականության, ռասիզմի եւ շատ երիտասարդների համար հեռանկարի բացակայության միախառնվելը լուրջ սպառնալիք է Ռուսաստանի՝ որպես պետության, կայունության եւ ամբողջականության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել