Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿՈԲՆԵՐՆ ՈՒ ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԸ ԿՕՐՀՆՎԵՆ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Այս տարի դեկտեմբերի 18-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնը: Ըստ Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի, տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ս. Էջմիածնի Գանձատնից Արարատյան հայրապետական թեմի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ս. Հակոբ եկեղեցի կտեղափոխվի Սքանչելագործ Հակոբ Մծբնա հայրապետի սուրբ մասունքը: Կան բազմաթիվ հրաշագործություններ՝ կապված սուրբ մասունքի հետ: Այդ օրը Հակոբ անունը կրող անձանց անվանակոչության օրն է եւ տոնը Հակոբյան գերդաստանների: Տոնի առթիվ սուրբ Հակոբ եկեղեցում տոնական պատարագ կմատուցի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Հավարտ սուրբ պատարագի կկատարվի Հակոբ անունը կրող եւ Հակոբյան գերդաստանների օրհնության արարողություն:

Հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդվելու սուրբ Մասունքին եւ արժանանալու սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի բարեխոսությանը: Հակոբ Մծբնա հայրապետը հիվանդություններից եւ փորձություններից պահպանության բարեխոս է համարվում:

Ս. պատարագը կսկսվի ժ. 11-ին, օրհնության եւ սուրբ մասունքի երկրպագության արարողությունը՝ ժ. 12.30-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել