Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաթղթային տեռոր եւ գաղտնի թղթապանակ-2

Դեկտեմբեր 17,2010 00:00

Պահանջում եմ իրավական գնահատական եւ արդարություն

«Առավոտի» այս տարվա հոկտեմբերի 23-ի համարում հրապարակված «Փաստաթղթային տեռոր եւ՝ ոչ միայն» հոդվածում անդրադարձել էի մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 17-ին ԵՊՀ ռեկտորի կողմից տրված նկատողությանը՝ աշխատանքային պարտականություններս ոչ պատշաճ կատարելու ձեւակերպմամբ: Այն պարագայում, երբ ինձ արգելվել էր մտնել աշխատասենյակ եւ աշխատել:

Ես այդ մասին գրավոր ահազանգել եմ ռեկտորին եւ ԿԳ նախարարին: Սակայն ռեկտորը, ինչպես միշտ, չի արձագանքում, իսկ նախարարն էլ, վարչական վարույթ սկսելու եւ կանխարգելիչ միջոցներ կիրառելու փոխարեն, դիմումս ուղարկում է համալսարան եւ նրանց բարբաջանքները հրամցնում որպես պատասխան: Որեւէ գնահատական չի տրվում բարձրացված միակ հարցին՝ աշխատանքից մեկուսացնելու օրինականությանը:

Ես ստիպված փորձում եմ այդ նկատողությունը վիճարկելու գործընթաց սկսել, սակայն ճնշումն ու հալածանքը աննկարագրելի չափերի են հասնում: Այն աստիճան, որ գրավոր թույլտվություն խնդրելու պարագայում եւս «հիմքեր» են գտնում երկրորդ նկատողությունը տալու՝ այս անգամ աշխատաժամանակի ռեժիմի խախտման պատճառաբանությամբ (նոյեմբերի 17):

Երկու ամսում արագացված տեմպերով տրվում է երկու նկատողություն: Ուսումնամեթոդական վարչության պետ Հր. Ժամհարյանը զեկուցագրերի մի հրավառություն է կազմակերպում՝ չթաքցնելով, որ իրենք բոլոր հիմքերը կստեղծեն ինձ աշխատանքից ազատելու համար: Նա բացեիբաց հայտարարում է, որ իր առջեւ խնդիր է դրված, ու եթե ինքը այն չլուծի, ապա ստիպված կլինի հրաժարական տալ: Եվ ցինիկ արտահայտություններով պահանջում է ազատման դիմում գրել՝ քանի կենսագրությունս մաքուր է…

Իսկ բակալավրիատի բաժնի վարիչ Գ. Հովհաննիսյանը՝ գառան մորթի հագած, ձայնակցում էր տիրոջը՝ հայտարարելով, որ եթե ինքը լիներ իմ փոխարեն՝ դիմում կգրեր:

Հետաքրքիր է՝ ո՞վ է վերոհիշյալ պարոններին խանգարում գնալ ու իրենց գիտությամբ զբաղվել, ինչո՞ւ են ատամներով կառչած մնացել վարչական աթոռներին՝ իրենց անգործությամբ անդառնալի կորուստ պատճառելով կրթական համակարգի ճիշտ եւ արդյունավետ կազմակերպմանը:

Այդ ողջ ընթացքում մերժվում է նաեւ ավագ դիսպետչերի ազատ հաստիքին տեղափոխվելու իմ խնդրանքը, մերժվում է բժշկական եզրակացությամբ աշխատանքային ռեժիմի ժամանակավոր փոփոխության առաջարկը եւս: Կամայականորեն է մեկնաբանվում 2000թ. իմ դիմումի համաձայն ստանձնած պարտականություններիս վերականգնման խնդրանքը, ինչը կասեցվել է միակողմանիորեն եւ պարտադրաբար: Վարչության պետի ամենօրյա անձնական վիրավորանքները, նպատակային ու ծրագրված հալածանքները անտանելի ու անհաղթահարելի իրավիճակ են ստեղծում: Չի տրվում նաեւ նոյեմբեր ամսվա աշխատավարձը, զրկում են 13-րդ աշխատավարձից եւս, որը տրվում է ողջ տարվա արդյունքով:

Ես փորձեր եմ անում ԿԳ նախարարին երկրորդ անգամ ավելի հանգամանալից ներկայացնել նրանց «հերոսական» արարքները, սակայն մինչ մեկուկես ամիս հետո կստանայի պատասխանը՝ արդեն ազատված էի աշխատանքից: Այն էլ այն ամսաթվով, երբ ես եղել եմ ժամանակավոր անաշխատունակության մեջ (դեկտ. 3-14):

Ստիպված դիմել եմ դատարան միայն վերջին փաստով, քանի որ միտումնավոր ձգձգվել ու մինչեւ օրս չի տրվել այդ հրամանների համար «հիմք» հանդիսացող դիմում-բացատրագրերը եւ զեկուցագրերը՝ իրենց պաշտոնական մակագրություններով, որոնք կարող էին վճռական դեր խաղալ գործի վերջնական ելքի համար: Դեռ ավելին, բոլորովին վերջերս (2010թ. սեպտեմբերի 22) գրավոր դիմեցի իմ անձնական գործի ամբողջական լուսապատճենն ստանալու, սակայն տրվեց ոչ ամբողջականը: Ես դիմեցի երկրորդ անգամ (2010 հոկտ. 5)՝ որոշակիորեն նշելով, թե որ փաստաթղթերն են պակասում: Այս անգամ էլ մի քանի համալրում են անում եւ պատասխանի մեջ նշում, թե մյուս փաստաթղթերն իմ անձնական գործում չկան: Դրանք այն փաստաթղթերն են, որոնք ազատման հրամանի հիմք են հանդիսացել: Երրորդ անգամ դիմում եմ արդեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, որի միջոցով ստանում եմ եւս մի քանիսը, սակայն՝ դարձյալ ոչ բոլորը: Եվ այս անգամ, ինչպես նախորդ դեպքերում, գործի համար կարեւոր նշանակություն ունեցող բոլոր մակագրությունները թաքցված-ծածկված են:

Ես ԿԳ նախարարից հրապարակայնորեն խնդրում եւ պահանջում եմ՝ բացել գաղտնի թղթապանակները եւ ա) իրավական գնահատական տալ 03.09.09թ. ռեկտորին գրած դիմումիս մեջ բարձրացված հարցին, բ) ստուգել նկատողությունների հիմնավորումները, գ) բացահայտել բոլոր թաքցված մակագրությունները եւ դիմումներիս վրա կրկնական ու կամայական մակագրությունների օրինականությունը, որոնք արդյունք են անգործությունը եւ սադրանքը ամենօրյա գործունեություն դարձրած իշխանիկների հանցավոր կամայականության: Այլապես գործը կհասնի նորանոր բացահայտումների, որոնք ակնհայտորեն իրենց համար ոչ ցանկալի հետեւանք կարող են ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել