Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԵՇՏ ԹԵՍՏԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ «ԶՈՒԲՐՅՈՇԿԱ»

Դեկտեմբեր 17,2010 00:00

ԳԹԿ-ն ամփոփում է տարին եւ բացում որոշ փակագծեր

Երեկ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) ամփոփեց տարին, ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն էլ անդրադարձավ արտաքին գնահատման արդյունքներից մինչեւ ԿԳՆ-ի հետ ցանկալի համագործակցությանը վերաբերող հարցերի: Հոկտեմբերին ՀՀ ավագ դպրոցների 10-րդ դասարաններում անցկացված արտաքին գնահատման ընթացքում որոշ փաստեր են բացահայտվել, որոնք մտածելու տեղիք են տալիս: Գ. Խաչարյանը նշեց. «2009-2010 ուստարում հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանում սովորում էր 38287 աշակերտ: 2010-2011 ուստարում 10-րդ դասարանում սովորում է 29463 աշակերտ: Փաստորեն հայտնի չէ, թե ինչ եղավ 8824 աշակերտի ճակատագիրը: Ուստի, մենք հավաքում ենք տվյալներ, որոնք կարեւոր են նաեւ կառավարության համար»: ԳԹԿ ուսումնասիրությունների արդյունքում նաեւ պարզվել է, որ ավագ դպրոց հաճախող աշակերտների գերակշիռ մասը սովորում է Երեւանում, ամենաքիչը՝ Արմավիրում: Դառնալով արտաքին գնահատման արդյունքներին՝ պարոն Խաչատրյանը չկարողացավ թաքցնել իր դժգոհությունը. «Հարց կարող է առաջանալ, թե թեստերն են եղել բարդ: Իրականում նմանատիպ թեստեր միշտ էլ դպրոցները տվել են աշակերտներին: Պարզապես արտաքին գնահատումը ցույց տվեց հանրակրթության իրական պատկերը»:

«Առավոտը» ԳԹԿ տնօրենից հետաքրքրվեց՝ փոփոխվելո՞ւ են թեստեր կազմող հեղինակային խմբերը եւ ի՞նչ սկզբունքներով են կազմվելու 2011-ի թեստերը: «Հեղինակային խմբերի մեծ մասը փոխելու ենք: Այնպիսի թեստեր կկազմվեն, որ նվազագույն շեմը լինի հեշտ հաղթահարելի, բայց 20 միավոր ստանալը՝ դժվար: Հեղինակային խմբերում այս տարի անպայման կներգրավվեն նաեւ ուսուցիչներ: Ընդհանուր առմամբ 2011-ի թեստերը լինելու են ավելի հեշտ, մանավանդ այս տարի շրջանավարտ չունենք, դիմորդները հիմնականում բանակից եկածները, նախորդ տարի ավարտածներն են, որոնց մակարդակը բարձր չէ: Բայց մյուս կողմից, այնպես պետք է անել, որ նրանք ընդունվեն, քանի որ բուհերում նաեւ սոցիալական խնդիր է պետք լուծել: Մտադրություն ունեմ թեստերն ուղարկել նաեւ ԿԳ նախարարին: Այդպիսով ինձ կապահովագրեմ որակի առումով, բայց երեւի արդեն ապահովագրված չլինեմ՝ արտահոսքի առումով»,- պատասխանեց ԳԹԿ տնօրենը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ԳԹԿ-ն վիրավորված չէ՞, որ ԿԳ նախարարը միասնական քննությունները որպես կոռուպցիայի մի թիրախ ընդգրկել է հակակոռուպցիոն ծրագրում: Պարոն Խաչատրյանը փորձեց չսրել զրույցը եւ նշեց. «Չեմ ասում, թե մեզ մոտ ամեն ինչ իդեալական է: Աձամբ ես կփորձեմ բոլոր ուժերով այս տարի զրոյի հասցնել արատավոր երեւույթները: Ես կողմնակից եմ նախարարության հետ համագործակցելուն: Նախարարի հետ անձնական հանդիպումներից տպավորություն եմ ստացել, որ նրանք էլ են դրան միտված»:

ԳԹԿ տնօրենը այնքան էլ խանդավառված չէ Արմեն Աշոտյանի՝ շտեմարան երեւույթը կրկին շրջանառության մեջ դնելու գաղափարով. «Շտեմարանի առկայության պայմաններում կունենանք կանխատեսելի քննություններ, կարող է նաեւ «զուբրյոշկա» երեւույթը առաջանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել