Լրահոս
Օրվա լրահոսը

60. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"
Պորտաքարի պաշտամունքը:

\"\"
Զորաց քարեր:

Սունդուկյանական թատրոնից դուրս եկա, ու իմ ուշադրության կենտրոնում այստեղից ոչ հեռու Երեւանի քաղաքապետարանն էր։ Նախապես առաջարկել էի, որ թույլատրեն քաղաքապետարանի վարչություններում հանդիպումներ ունենամ, գրեմ այդ վարչությունների, նրանց աշխատակիցների մասին։ Ի վերջո, մայրաքաղաքի բնակիչներն իրավունք ունեն, թեկուզ իմ ու «Առավոտի» միջնորդությամբ, տեղյակ լինելու, թե ինչ աշխատանք է կատարում քաղաքապետարանը, իրականում ինչ է ներկայացնում այն ու ինչպես է կառավարում քաղաքը։ Քաղաքապետարանին էլ է երբեմն անհրաժեշտ լինում օտար ու թարմ հայացքով նայել ու քննել, լրագրողի հայացքով ճանաչել ինքն իրեն։ Դա կօգնի շտկել թերությունները, գնահատել կատարված աշխատանքը։ Քաղաքը հսկայական օրգանիզմ է, որը մշտական սրտացավ խնամք է պահանջում։ Ժամանակակից քաղաքային կյանքը օր օրի բարդանում է, ու այն ավելի անկառավարելի է դառնում։ Իսկ մեր հանրապետության դեպքում այն ուռճացել, փքվել է, կլանել, իր մեջ է ներառել երկրի ռեսուրսների մեծ մասը։ Երկրի մշակույթը, ֆինանսները, տնտեսությունը, մարդկային ուղեղները կենտրոնացվել են այս մի բնակավայրում։ Իսկ իրականում դրանք պետք է հավասարաչափ բաշխված լինեին երկրով մեկ։ Երկրի պետական այրերը, դեռեւս կոմունիստական ռեժիմի ժամանակներից, անտեսել են այս խնդիրը, որը երկրի, հասարակության համար կործանարար հետեւանքների է հասցնում։

Սակայն իրադարձությունները երբեմն այնքան արագ ու անսպասելի ուղղությամբ են զարգանում, որ ստիպված ես լինում հետաձգել քայլերդ։ Ինձ ասացին, որ պետք է սպասեմ, մինչեւ քաղաքապետարանում խմորվող նոր պայմաններում որոշվի, թե ով ում քեռին է կամ մորաքույրը։ Քաղաքապետը հրաժարական է տվել, ու նորընտիր քաղաքապետը իր շտկումները պետք է անի վարչություններում։ Ես կգրեմ մի բան, իսկ կստացվի, որ նա այլեւս քաղաքապետարանում չի աշխատում կամ այլ աշխատանքի է անցել։

Այս մտորումների մեջ էի, երբ ասես Վերեւի հրահանգով հնչեց բջջայինի հեռախոսազանգը։ Շուշիից Արմենը հայտնեց, որ երկու օրից Շուշիում Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց մշակութային կենտրոնում բացվելու է իմ լուսանկարների ցուցահանդեսը, ու իմ ներկայությունը պարտադիր է։ Հիշում եմ, մանկությանս տարիներին իմ հարազատները հաճախ էին երդվում, ասելով. «Էն յերի կյապուտը…»։ Ես էլ մեքենաբար վեր նայեցի, համատարած կապույտի մեջ ասես կոնկրետ մեկին եմ փնտրում։ Լավ է, որ խմբագրությունը չի առարկում, երբ ես երբեմն շեղվում եմ երեւանյան ճամփորդության նախանշված ուղուց, հայտնվում եմ ՀՀ կամ ԼՂՀ տարբեր եզերքներում, փորձում ռեպորտաժների շարքով ընթերցողներին պատմել տեսածիս ու զգացածիս մասին։

Վաղ առավոտյան ավտոկայանում դիմեցի Ստեփանակերտ մեկնող երթուղայինի վարորդին.

– Շուշիով կգնաս, չէ՞։

– Շուշի չեմ մտնում,- չոր պատասխանեց վարորդը։

– Ինչո՞ւ։

-Չվերթը Շուշիով չի անցնում։

Նախկինում, երբ խոսակցություն էր լ ինում ավտոբուսները Շուշիով անցնելու մասին, պատասխանում էին, որ Շուշիի ճանապարհը լավ վիճակում չի։ Բայց այժմ այն ասֆալտապատել են, ու անհրաժեշտ է, որ ԼՂՀ ապագա մայրաքաղաքի բնակիչը երկրի զարկերակից դուրս չզգա իրեն։

Վայոց ձորով անցնելիս հիշեցի, երբ ուսանողական տարիներին ընկերներիս՝ կինոռեժիսոր Գրիգոր Ավագյանի եւ կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի հետ հերթական կինոնկարի համար Վայքում ու Նախիջեւանում տեսարաններ որոնելու էինք մեկնել, աչքս Արցախի անտառապատ լեռներին սովոր լինելով, Վայոց ձորի չոր ու ցամաք լեռները տեսնելով, ասացի՝

– Ես առաջին անգամ եմ տեսնում, որ լեռները անտառով չեն պատված։

Ընկերներիս զարմացրեց իմ զարմանքը։

Լեռնային Ղարաբաղ եմ գնում ու ակամայից մտածում եմ հայրենի եզերքի՝ Հայոց արեւելյան կողմանց ճակատագրի մասին։ Տարօրինակ անհանգստություն համակեց ինձ։ Ադրբեջան-Արցախ 1992-94 թթ. պատերազմում փայլուն հաղթանակից հետո ծավալված քաղաքական-դիվանագիտական պայքարում հայաստանյան քաղաքական վերնախավը անընդհատ թուրք-ադրբեջանական դիվանագետների սարքած ծուղակներում է հայտնվում։ Դրանք հիմնականում անվճռականության, որոշ ղեկավարների նկրտումների հետեւանք են։ Հայաստանը կրկին հայտնվել է աշխարհի գերտերությունների ուշադրության կենտրոնում։ Պատմական ընթացքը սիրում է կրկնել իրավիճակները։ Բագրատունյաց թագավորությունը իր ժամանակին հայտնվելով գերտերությունների՝ Բյուզանդիայի, Իրանի եւ Խազարաց թագավորության նկրտումների կենտրոնում, դժվարին կացության մեջ էր հայտնվել։ Եթե արաբներին ուշ շրջանում անհրաժեշտ էր դաշնակից ուժեղ Հայաստան տեսնել, ուստի եւ ճանաչում ու խրախուսում էին Կովկասի տարբեր անկյուններում ծնունդ առած ու ինքնահայտարարած Բագրատունյաց ճյուղերի թագավորությունները, ապա Բյուզանդիան այդպես էլ չճանաչեց Անիի թագավորությունը, ամեն ինչ արեց, որ կործանի այն։ Իհարկե, դրանով այդ գերտերությունը փորեց իր գերեզմանը, քանի որ Հայոց ուժը կործանելով, դեպի Արեւմուտք ճանապարհ բացեց թուրքական հորդաների առջեւ։ Իսկ դրա հետեւանքը բոլորին է հայտնի։ Մարդկությունը կորցրեց քաղաքակրթության կարեւորագույն օջախը՝ Բյուզանդիան, իսկ նրա տեղում բույն դրեց աշխարհակործան ու եղեռնագործ ուժը։ Փոքր Ասիայում շուրջ հիսուն ժողովուրդներ իրենց դարավոր ու եզակի մշակույթով, հսկայական գենոֆոնդով եղեռնի ենթարկվեցին։ Իսկ քաղաքակրթությունը միայն Հայոց եղեռնն է հիշում…

Ավտոբուսում բարձր ձայնով հնչում է հայկական ռաբիսը.

«Դու իմ օջախի վառվող կրակն ես…»։

Երգը լցվում է չոր ու ամայի լեռները։ Դեռ շատ ժամանակ կար Շուշի հասնելուն, շարունակում եմ մտորել։

Աստանայի գագաթաժողովի ընդունած որոշման առիթով հայտարարվեց, որ 1996 թ. Լիսաբոնյան գագաթաժողովում մեր երկրի առաջին նախագահը, ի տարբերություն երրորդ նախագահի, որը ստորագրել էր Աստանայի որոշումը, վետո էր դրել հիսունմեկ երկրների կողմից ստորագրված որոշման վրա։ Սակայն խոսքս ոչ թե որոշումը ընդունելու կամ չընդունելու, այլեւ ժամանակին «ագրեսորի» պիտակը ՀՀ վրա բարդելը կանխելու մասին է, որը թուրք-ադրբեջանական դիվանագիտության կողմից հյուսված, բայց եւ տեսանելի ծուղակ էր։ Հայկական դիվանագիտությունը ոչ մի մասնակցություն չունի դիվանագիտական բեմերի ետեւում գոյություն ունեցող քաղաքական խմորումներում, իսկ իրականում հենց այդտեղ են որոշվում երկրների ճակատագրերը։ Նման ձեւով էլ որոշվեց Ղարաբաղի հարցը տեղափոխել ԵԱՀԽ Մինսկի խումբ։ Բանակցություններից ԼՂՀ-ի դուրս մղումն ու ՀՀ-ն հակամարտող կողմ ճանաչելը մեր դիվանագիտական պարտությունների սկիզբն էր։ Եթե ՄԱԿ-ի խարտիայով Արցախը լիիրավ իրավունք ուներ ընդհուպ ուժային միջոցներով պայքարելու իր իրավունքների համար, ապա հակառակորդ կողմը որոշեց քաղաքակիրթ աշխարհին մոլորեցնելու միակ ճանապարհը՝ ՀՀ-ին ներքաշելու ծուղակը։ Որպես հետեւանք՝ միջազգային ամենատարբեր ատյաններում ընդունվում են մեզ համար անբարենպաստ որոշումներ։ Ու ամեն անգամ հայտարարել, թե դրանք գործնական նշանակություն չունեն, չի արդարացվում։ Միջազգային հանրության կարծիքը կարեւոր նշանակություն ունի նաեւ դիվանագիտության մեջ։ ՀՀ քաղաքական վերնախավը ինքնակամ հայտնվեց ծուղակում, այնինչ՝ կարելի էր ոչ միայն խուսափել ծուղակում հայտնվելուց, այլեւ իրավիճակը շրջել եւ քաղաքական օգուտներ քաղել՝ մերկացնելով հակառակորդի նպատակները։

Թվում էր, թե ՀՀ երկրորդ նախագահը ճիշտ կկողմնորոշվի։ Սակայն գալով իշխանության, նա իրեն հայտարարեց իբրեւ ԼՂՀ-ն ներկայացնող սուբյեկտ, ոչինչ չարեց քաղաքական արդարությունը վերականգնելու եւ ԼՂՀ-ն պատերազմող ու բանակցող կողմ ճանաչելու համար։ Այնինչ, նա արդեն կարող էր միայն ՀՀ-ի ներկայացուցիչ ընդունվել։

Հայ դիվանագետներին թվում էր, թե հայ-թուրքական պրոտոկոլները շրջափակումից դուրս գալու լավ առիթ են։ Անշուշտ, կար եւ դրսի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի թելադրանքը։ Արդյունքում՝ Թուրքիայի նախագահը Անգլիայի թագուհուց շքանշան ստացավ, իսկ ՀՀ նախագահը ուշադրությունից դուրս էր, քանի որ Հայաստանը մնում է «ագրեսորի» պիտակով խարազանված ու ասես պաշարման վիճակում հայտնված երկիր։ Հիշում եմ, Գյուլի այցելության ժամերին անսպասելի մարեցին Եղեռնի հուշարձանի լույսերը։ Դե, իհարկե, Գյուլի աչքով չընկնի այն ու հարցնի՝ ի՞նչ է սա։ Ուղեկցող մարդիկ անհարմար վիճակում կհայտնվեն… Այնինչ՝ այն պետք է աչքը խոթել։ Հավաքականի ֆուտբոլիստների շապիկներին Թուրքիայի հետ հանդիպումից առաջ Արարատ լեռան փոխարեն ֆուտբոլի գնդակ պատկերվեց։ Այնինչ, պետք է մնար Հայոց սուրբ լեռան նշանը, եթե բազմահազար հանդիսատեսները հարցնեն, ապա կպատասխանենք, որ Հայոց աշխարհը հնում Արարատ է կոչվել։ Երբ հայերին հրավիրում էին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու պատարագին, պետական այրերն ու հասարակական գորիչները միաբերան կոչ էին անում չմասնակցել ծեսին։ Այնինչ՝ հարյուր հազարավոր հայեր պետք է գնային ու աշխարհին ցույց տային, որ տեր են իրենց նախնիների երկրին։ Այնինչ՝ ուխտի չգնալը եւս վերնախավի դիվանագիտական հերթական պարտություններից է։ Այս մասին մտահոգվում եմ, քանի որ դրանք ՀՀ կողմից վարվող վախվորած դիվանագիտության հետեւանքներից են: Վախվորած քաղաքականությունը պարտադրված պատերազմի ժամանակ խանգարեց, որ Արցախի հաղթանակը լիարժեք լինի։ ՀՀ պետական այրերը թույլ չտվեցին, որ հյուսիսից երկրորդ ճակատ բացվի Ադրբեջանի դեմ, առանց որի՝ անհնար էր լիակատար հաղթանակը։ Տարեցտարի մենք ավելի ենք համոզվում դրանում։ Այդ ծրագիրը խափանող մարդիկ, ինչ աստիճանի էլ լինեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ դա հայրենադավություն է որակվում։

Մեր ավտոմեքենան սրընթաց անցավ ձախ կողմում գտնվող պորտաքարի կողքով։ Հիշում եմ, ամերիկահայ բարերար Սերժ Փափայանցի աճյունը հողին ու Սեւանի ջրերին հանձնելու եկած ամերիկահայերին հետաքրքրեց հեթանոսական այս հուշարձանը։ Ամերիկահայ կինը համբուրեց պորտաքարը։ Միայն իսկական կինը կարող էր համբուրել այն։ Երեսուն տարի առաջ այս պորտաքարի մոտ ականատես եմ եղել սիսիանցի հեթանոս կանանց ծեսին։ Չբեր հարսի շորերը հանել էին, ոտ ու ձեռքերից բռնած պտտեցրել պորտաքարի վրա, աղոթքներ մրմնջացել, ցավեցնելու աստիճան հարսին մի քանի անգամ թափով իջեցրել սուր քարին։ Այդ ամենը ես նկարագրել եմ «Հարյուր տարվա երկխոսություն» գրքում։ Հետո ամերիկահայերը այցելեցին Քարահունջի Զորաց քարեր վայրը։ Դրանք գիտական աշխարհին հայտնի դարձան գիտությունների դոկտոր Պարիս Հերունու հոդվածների շնորհիվ։ Ինքս չեմ ընդունում յոթ հազար տարի առաջ քարերի սուր ծայրերին արված անցքերը որպես աստղերի շարժումները դիտարկելու եւ չափելու միջոց օգտագործելու հիպոթեզը, սակայն, որ այս վայրը երկրի հին բնակիչների համար կարեւոր ծիսավայր էր, ինչպես եւ սարահարթի ձմռան բուքից պատսպարվելու միջոց, անհնար է մերժել։ Անշուշտ, այս վայրը մանրազնին ուսումնասիրման կարիք ունի, եւ անհրաժեշտ եմ համարում Սթոունհենչն ուսումնասիրող անգլիացի գիտնականների հետ համատեղ արշավախումբ կազմել եւ սկսել պեղումները։

Մտքերս կրկին վերադարձան Արցախի խնդրին։

Իրականում դիվանագիտությունը ամբողջական համակարգ է, որտեղ կարեւոր դեր ունեն հասարակական կազմակերպություններն ու դրանց աշխատանքի կոորդինացումը։ ԱԳՆ-ն պարտավոր է կատարել կոորդինացնողի դերը։ Ահա «Շուշի» բարեգործական հիմնադրամը, հենվելով իր կողմից Շուշիի սարահարթի մշակութային ժառանգության ուսումնասիրման վրա, ծրագրել էր երեսուն երկրների մասնակցությամբ Շուշի բերդաքաղաքի զարգացման եւ գլխավոր հատակագծի մրցույթ կազմակերպել։ Արդեն պատրաստվել էին համապատասխան նյութերը։ Այս քայլը նպատակ ուներ նման միջոցառմամբ ճանաչելի դարձնել Լեռնային Ղարաբաղն ու իր խնդիրը։ Այսպիսի քայլերով է միջազգայնորեն ճանաչվում ԼՂ ինքնորոշման իրավունքը։ Սակայն ՀՀ պետական որոշ այրեր, ելնելով իրենց նեղ անձնական շահերից, զուգահեռ նոր հիմնադրամ են ստեղծում, որը ամեն գնով խոչընդոտում է «Շուշի» ԲՀ գործունեությունը։

Հիանում էի Սյունյաց սարահարթի լանջերին փռված աշնանացանի կանաչ գորգերով, երբ մեր առջեւ միանգամից հայտնվեց Գորիսը։ Հեռվում ուրվագծվեցին Հին Գորիսի ապառաժե սյուները, որոնք բնակարան ու ապաստան են ծառայել մարդկանց համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել