Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Իջեւանի տարածքային ստորաբաժանման պետ Կոլյա Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան: Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը): Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի կարգադրությամբ, Կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանման պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նույն ստորաբաժանման աշխատակից Ալինա Պետրոսյանը:
Մեր ունեցած տվյալներով՝ Խաչատրյանը պաշտոնական դիրքը չարաշահել է իջեւանցի քրոջ եւ եղբոր վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման ժամանակ: Եթե դատարանը հաստատված համարի Կոլյա Խաչատրյանի մեղքը, նրան սպասում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից- երեքհարյուրապատիկի չափով տուգանք, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանք՝ երկուսից-երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը՝ չորս տարի ժամկետով: